Տեւական ժամանակ է` «168 Ժամ» թերթի խմբագրություն են դիմում Շենգավիթ համայնքի Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների բնակիչները: Վերջիններս մեզ խնդրեցին շրջել վերոնշյալ փողոցների խաչմերուկի մերձակայքով եւ տեսնել, թե օրական քանի ավտոմեքենա է «ջարդվում» փողոցի անբարեկարգ վիճակի հետեւանքով:
Արձագանքելով բնակիչների ահազանգին՝ մենք եղանք տարածքում եւ զրուցեցինք ինչպես Շենգավիթ վարչական շրջանի բնակիչների, այնպես էլ տեղում երթեւեկող ավտոմեքենաների, հասարակական տրանսպորտի վարորդների հետ: Արտաշիսյան-Շիրակի փողոցների հատման կետում փողոցի հսկայական փոսերն իսկապես անանցանելի են դարձրել ճանապարհը, քանի որ դրանք շրջանցելու համար վարորդները ստիպված են լինում խախտումներ կատարել: «Եթե խախտում ես` տուգանում են, իսկ եթե օրենքով սահմանված ճանապարհային կանոնները պահպանում ես, ուրեմն` էս փողոցը հաղթահարելուց հետո մեքենադ պիտի քշես ուղիղ արհեստավորի մոտ: Էս վերջին անձրեւների ժամանակ գիտե՞ք ինչքան մեքենա է ջարդուխուրդ եղել: Անձրեւաջրերը լցվում են փոսերի մեջ, իսկ վարորդներն առանց գլխի ընկնելու, որ ջրի տակ խորը փոս է` ընկնում են փոսերի մեջ: Էստեղ հաճախակի վթարներ են լինում էս փոսերի պատճառով: Ասում են՝ իբր ամեն տարի ասֆալտապատում են, բայց էնքան անորակ ու էժան հումքով, գլխառադ անելով են կառուցում, որ մի ամսից նորից էս վիճակն ա ստեղծվում: Ախր թող մի քիչ էլ մտածեն էս քաղաքում ապրող մարդկանց մասին: Էս դժվար պայմաններում օրական մեքենա ենք տալիս սարքելու, էդպես ո՞նց կլինի: Շատ էլ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց շքեղ մեքենաներով էս ծայրամասերում չեն լինում, ուրեմն` պետք չի՞ սարքել: Օրական Իսակովի պողոտա են քանդում-սարքում, հետո նորից քանդում-սարքում, սիրունացնում: Ասենք թե՝ էս ճանապարհով դրսից հյուրեր չեն գալիս, ուրեմն` պիտի սենց ավերա՞կ մնա»,- մեզ հետ զրույցում վրդովված ասում էր վարորդներից մեկը: Ի դեպ, Արտաշիսյան եւ Շիրակի փողոցների բնակիչները վստահեցնում են, որ փողոցները բարեկարգելու խնդրանքով բազմաթիվ դիմումներ են ներկայացրել ինչպես Շենգավիթի վարչական շրջան, այնպես էլ` Երեւանի քաղաքապետարան: Ասում են` համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ «տղավարի» խոստացել է ընտրվելուց հետո բարեկարգել համայնքի փողոցները: Ավագանու ընտրությունների ժամանակ նման խոստում «շռայլել» է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Վերջինս նախընտրական արշավի ժամանակ Շիրակի փողոցի բնակիչներին հորդորել է փողոցի ասֆալտապատման խնդրով դիմում գրել եւ հանձնել իրեն: «Մեռանք դիմումներ գրելով ու հանձնելով, բայց ոչ մի արձագանք: Հետո էլ ասում են` պահանջատեր եղեք: Էն ժամանակ ասում էր` տվեք ձեր ձայնը եւ պարտավորեցրեք, որ աշխատենք: Է, հիմա ո՞նց պարտավորեցնենք, էլ ո՞վ է նրանց երեսը տեսնում կամ ո՞վ է մեզ նրանց մոտ թողնում, որ հիշեցնենք էդ խոսակցությունը: Ստիպված դիմում ենք մամուլի օգնությանը, թե չէ` իրենք ընտրություններից հետո ժողովրդի համար դառնում են անհասանելի»,- ասում են Շենգավիթ համայնքի բնակիչները` քաղաքային իշխանություններից պահանջելով կատարել իրենց վերապահված պարտավորությունները: Երեւանի 2009թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով քաղաքի փողոցների վերանորոգման, վերակառուցման եւ ճաքալցման աշխատանքների իրականացման համար ծախսվել է 3103386.30 դրամ: Ավելին` Երեւանի քաղաքապետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ միայն 2009թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Երեւանի բոլոր 12 վարչական շրջանների բակային տարածքներում եւ համայնքային նշանակության փողոցներում կատարվել են բարեկարգման` ասֆալտապատման, ոռոգման, լուսավորության, կանաչապատման աննախադեպ ծավալի աշխատանքներ, որոնց մասնակցել են հասարակական բազմաթիվ կազմակերպություններ եւ բնակչությունը: Բնակչությունը, սակայն, այս տեղեկատվությունը համարում է հերթական «սուտը»` պնդելով, որ այդ ամիսներին Շենգավիթ համայնքի ծայրաստիճան անբարեկարգ վիճակում գտնվող Շիրակի եւ Արտաշիսյան փողոցներում ասֆալտապատման աշխատանք չի կատարվել: Դատելով մեր ֆոտոխցիկի արձանագրած պատկերներից` կարող ենք նշել, որ տվյալ դեպքում մեր քաղաքացիները ճիշտ են: Համաձայն քաղաքապետարանի կայքէջում զետեղված տեղեկատվության` ասֆալտապատումը կատարվել է երկու փուլով` մասնագիտացված 22 կազմակերպությունների ուժերով, ապրիլ-մայիս եւ հունիս-նոյեմբեր ամիսներին: Ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է շուրջ 1մլն քմ, որից 722.0 հազ. քմ-ն` 1075 բակերում, իսկ 336.0 հազ. քմ-ն` 270 փողոցներում: Այդուհանդերձ, Արտաշիսյան-Շիրակ փողոցի բնակիչները վստահեցնում են, որ նշված տարածքում ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվել, հետեւաբար՝ քաղաքապետարանի այս հայտարարությունը համարում են հերթական «սուտ»: Քաղաքի պատասխանատուներն, այնուամենայնիվ, մեր քաղաքացիներին տեղեկացնում են` «բակերն ասֆալտապատելու գործընթացը շարունակական է»: 2010թ. նախնական ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել եւս 700.0 հազ. քմ: Գույքագրվել եւ ծրագրվել է բակային տարածքներում կատարվելիքը, հաշվի են առնվել բնակիչների ներկայացված բոլոր դիմումներն ու առաջարկները: 2010թ. ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 538.6 հազ. քմ փողոցային հատված եւ ճաքալցնել 162.000 գծմ ասֆալտապատ տարածք:
Մենք զրուցեցինք նաեւ Շենգավիթ վարչական շրջանի Կոմունալ բաժնի աշխատակից Հրայր Սահակյանի հետ, ով քաջատեղյակ էր խնդրին եւ բնակիչներին հորդորեց մի քիչ սպասել. «Մենք շատ լավ գիտենք փողոցների ասֆալտապատման խնդիրների մասին, պարզապես եղանակային անբարենպաստ պայմանները թույլ չեն տալիս աշխատանքները մեկնարկել: Մենք Երեւանի քաղաքապետարան ենք ներկայացրել մեր շրջանի ասֆալտապատման ծրագիրը, ըստ որի` ներառված է նաեւ ձեր նշած հասցեն: Ընդհանրապես կարող եմ նշել, որ ավելի վատ փողոցներ էլ կան, ասենք` Բագրատունյաց փողոցի 39 շենքի մոտ»: Հ. Սահակյանը տեղեկացրեց, որ իրենք այլեւս վերահսկողի դերում են, քանի որ ասֆալտապատման աշխատանքների իրականացման ժամանակացույցը որոշում է քաղաքապետարանը` այդ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների միջեւ հայտարարված մրցույթների ամփոփումից հետո: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք քաղաքապետարան ենք ներկայացրել, թե մեզ մոտ քանի քմ կապիտալ եւ ընթացիկ ասֆալտապատման ենթակա փողոցներ կան: 2010թ. Երեւանի զարգացման ծրագրի մեջ նաեւ գույքագրված է Շենգավիթ շրջանի ասֆալտապատման ենթակա փողոցները: Այնպես որ` եթե բնակիչները մի քիչ էլ համբերեն` փողոցների բարեկարգման աշխատանքները կսկսվեն»,- ասաց Հ. Սահակյանը` վստահեցնելով, որ նշյալ փողոցներում անցյալ տարի ասֆալտապատման աշխատանքներ կատարվել են: Ինչեւէ, նա խոստացավ, որ եղանակը փոխվելուն պես աշխատանքները կսկսեն: