Այս տարի մեր հանրապետությունը նշում է Աղասի Այվազյանի 85-ամյակը, մի մարդու, ով հսկայական ժառանգություն է թողել, սակայն շարունակում է մնալ դեռ չհայտնաբերված։ Նրա ստեղծագործություններն ու ընդհանրապես մարդկային տեսակը մեր օրերում մնացել են փոքր-ինչ ստվերում։ Մինչդեռ նրա ամբողջականությունը, նրա պարզ ու միաժամանակ իմաստուն, էմոցիոնալ կերպարը հսկայական դեր է ունեցել Երեւանի ստեղծագործական միջավայրի ձեւավորման մեջ։ Ծնված լինելով վիրահայերի ընտանիքում ու իր երիտասարդությունն անցկացնելով Թբիլիսիում, նա մեկընդմիշտ պահպանել էր գունեղ ու ուրախ քաղաքային կոլորիտը։ Նա քաղաքային գրող էր, եւ նրա փոքր, ուրախ, փիլիսոփա հերոսներն էլ իրենց մեջ կրում էին քաղաքի էներգիան։ Մեկ մարդը ուժ էր ստանում մյուսից՝ հարստանալով ինքն ու հարստացնելով տիեզերքը։ «Խիղճը ներքին օրենք է։ Եվ եթե մարդիկ զրկված են այդ ներքին օրենքից, ուրեմն նրանք չեն կարող պետություն ստեղծել»,- ասել է նա։
Աղասի Այվազյանը բազմատաղանդ մարդ էր, ինչպես ինքն էր խոստովանում՝ «մոտ 15 մասնագիտության տեր էր»։ Գրող, կինոսցենարիստ, կինոռեժիսոր, նկարիչ, մուլտիպլիկատոր, հյուսն, դարբին, նաեւ սպորտսմեն Աղասի Այվազյանն այն մարդկանցից էր, որոնց անվանում են Վերածննդի մարդ, քանի որ իր ունակություններն ու մտքերը նա միշտ շաղկապում էր իր միջավայրի ու ընդհանրապես էպոխայի հետ։ Այդպիսի մարդ է, օրինակ, նաեւ Տոնինոն Գուերան։ Ա. Այվազյանը բարդ է ապրել, լարումով ու ինքնամոռաց սիրելով (կանանց, հայրենի հողը, իր գործը)։ Նա հավատում էր, որ մարդիկ ի վերուստ ծրագրավորված են այս աշխարհ գալիս, այդ պատճառով էլ ցանկացած մարդ միայն իրեն հատուկ կոդավորված ճակատագիրն է ունենում։ Արդեն հասուն տարիքում Հայաստան տեղափոխվելու իր որոշումը Աղասի Այվազյանը շատ հետաքրքիր էր մեկնաբանում. «Հայաստանը փոխեց ինձ, լրիվ ուրիշ մարդ դարձրեց։ Երեւանում ես կիսով չափ նիհարեցի, մաքրվեցի։ Եվ իմ միջից ուրիշ մարդ ծնվեց, ճիշտ այնպես, ինչպես թիթեռն է ծնվում բոժոժից»։ Ա. Այվազյանն այսպես էր բնութագրում հայի լինելիությունը. «Հայ լինելը հոգեվիճակ է։ Մենք պետք է սովորենք սիրել ինքներս մեզ։ Բայց ստացվում է, որ մենք սիրում ենք բոլորին, բացի մեզանից»։ Գրողի այրին՝ Գրետա Վերդյանը պատմում է, որ Աղասի Այվազյանն ինչ էլ որ անում էր (տխրում, ուրախանում, բարկանում), միշտ քթի տակ երգում էր. «Ես մի ծիլն եմ քո հողի…», եւ դրանով իսկ, կարծես, լիցքավորվում էր։
Այն ամենը, ինչ Ա. Այվազյանը ուզում էր ասել, կա նրա հակիրճ պատմվածքներում, հեքիաթներում, զարմանալի արդիական պիեսներում, Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» ֆիլմի համար գրված սցենարում։ Եվ հիմա, երբ նրա մահից անցել է 3 տարի, նրա այրին փորձում է ամբողջացնել, պահպանել ու նույնքան ամբողջականորեն ներկայացնել նրա ողջ ժառանգությունը։ Տիկին Գրետան, ստեղծելով «Աղասի Այվազյան» հիմնադրամը, ցանկանում է իր ամուսնու անունը կրող մշակութային-կրթական կենտրոն հիմնել եւ օժտել այն ձգողական ուժով, որը միշտ ստեղծվում էր Աղասի Այվազյանի շուրջը։ Հիմնադրամը պատրաստվում է նաեւ թատերական փառատոն անցկացնել՝ ծանոթացնելով հայաստանցիներին Ա. Այվազյանի այդքան տարբեր (սիմվոլիստական, հեքիաթային, ավանգարդիստական, սյուրռեալիստական, ֆանտասմագորիկ) թատերագրության հետ, որտեղ գործում են արքաներն ու հերոսները, մենք ու մեր հարեւանները, կենդանանում են կոմպյուտերային ֆայլերը, այգիներն ու հուշերը։
– Տիկին Գրետա, ինչպիսի՞ գործունեություն է ծավալելու հիմնադրամը։
– Մեր ցանկությունը Աղասի Այվազյանի անունը կրող մշակութային-կրթական կենտրոն ստեղծելն է։ Կենտրոնի բաղկացուցիչ մասը կլինի դպրոցը, որն արդեն իսկ գոյություն ունի 1992թ. սկսած։ Կենտրոնի մաս կդառնա նաեւ Աղասի Այվազյանի հեղինակային գրադարանը, որն իրենից հսկայական ու շատ հետաքրքիր հավաքածու է ներկայացնում։ Ես ուզում եմ, որ այդ գրադարանը «կենդանի» լինի ու նմանվի գրական ակումբ-սրահի, որտեղ կկազմակերպվեն ընթերցանություններ, հանդիպումներ, թարգմանչական արվեստանոց կձեւավորվի։ Ա. Այվազյանի նկարների կողքին կցուցադրվեն երիտասարդ նկարիչները, կգործի, այսպես ասած՝ շարժական ցուցահանդեսի ֆորմատը։ Նաեւ կինոակումբ կլինի։ Գիտեք, յուրաքանչյուր տասնամյակ իր «դեմքն» է ունենում, եւ, կարծում եմ` այսօրվա դիմանկարում պակասում են նման կենտրոնները։ Չէ՞ որ կյանքի բովանդակությունը մարդիկ են կազմում, եւ նրանք են թելադրում շփման ձեւերը։ Ես չէի ուզենա պարզապես «սառեցնել» Աղասի Այվազյանի թողած ժառանգությունը՝ նվիրելով նրա նկարներն ու գրքերը։ Թող այդ ամենը մի տեղ ամբողջանա՝ պահպանելով աշխատանքային միջավայրն ու ստեղծագործական «հոտը», իսկ ցանկացողներն էլ հնարավորություն ունենան օգտվել այդ հարուստ արխիվից։ Ինձ համար շատ կարեւոր է պահպանել սերունդների կապը, թույլ չտալ, որ Աղասին մոռացվի։ Հիմա մենք փորձում ենք հարմար տարածք ձեռք բերել, որը կունենա նաեւ փոքր բակ ու պատրաստ կլինի հյուրեր ընդունել։ Հույս ունեմ, որ մեր կենտրոնը ջերմ միջավայր կստեղծի։ Ցանկալի է, որ այն լինի Արաբկիրում, քանի որ հենց այդ շրջանում է Աղասին երկար տարիներ ապրել։ 40 տարեկան հասակում Երեւան տեղափոխվելով՝ նա երկար ժամանակ տուն չուներ, կամ սենյակներ էր վարձում, կամ էլ ուղղակի կայարանում՝ նստարանների վրա էր գիշերում։ Հետպատերազմյան դժվար տարիներ էին… Եվ նրա առաջին (եւ վերջին) բնակարանը հենց Արաբկիրում էր։
– Վերջերս Ձեր ջանքերով լույս տեսավ Աղասի Այվազյանի պիեսների երկլեզու հավաքածուն։ Ու թեեւ շատերը կարդացել ու սիրում են նրա պատմվածքները, սակայն որպես դրամատուրգ՝ նա, թերեւս, անծանոթ է։
– Կարծում եմ` որպես դրամատուրգ նա ընդհանրապես ծանոթ չէ։ Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը խորհուրդ տվեց հավաքել տարբեր ամսագրերում տպագրված պիեսներն ու մեկ գրքով տպագրել։ Մշակույթի նախարարության աջակցությամբ մենք կարողացանք հայերեն ու ռուսերեն լեզուներով երկու գիրք տպագրել։ Դեպի ընթերցող տանող ճանապարհը միշտ բարդ է լինում, եւ կարծում եմ, ամենալավ ուղիներից մեկը թատրոնն է։ Մտադրություն ունենալով Այվազյան դրամատուրգին ներկայացնել, որոշեցինք հոկտեմբերին թատերական փառատոն անցկացնել։ Ես շատ եմ ուզում, որ մեր թատրոններն իրենց խաղացանկում ընդգրկեն Աղասի Սեմյոնովիչի պիեսները, որպեսզի ստեղծվի հանդիսատեսի ու գրողի շփումը։ Դա կօգնի նաեւ վերականգնել ընթերցման ընդհատված կապը։ Տպագրելով պիեսների ժողովածուն, մենք առաջին քայլն արեցինք, այսպես ասած՝ պիեսների «բանկ» ստեղծեցինք։ Չէ՞ որ շատ ռեժիսորներ պարզապես չգիտեն, որ Ա. Այվազյանը 23 պիեսների հեղինակ է։ Եվ ինչպիսի՜ պիեսների… Վստահ եմ, որ յուրաքանչյուր ռեժիսոր կարող է գտնել իր մտածողությանը հարմար նյութ։ Ինձ նույնիսկ ասում էին, որ հարկավոր չէ բոլոր պիեսները տպագրել, քանի որ նրանց շարքում շատ բարդ, ողբերգական, ինչպես նաեւ անթաքույց խուլիգանական պիեսներ կան։ Բայց ես ինձ իրավունք չեմ վերապահում խմբագրել Աղասի Այվազյանին։ Նա բարդ չէ, նա տարբեր է, խելացի ու իմաստուն։ Նրան պետք է պարզապես կարդալ ու տեսնել, թե ո՞ր պիեսն է քոնը։ Միեւնույն է` ժամանակն իր ֆիլտրերն է գործի դնելու ու պատմության մեջ թողնելու է միայն ժամանակի ստուգումն անցած գործերը։ Նույն կերպ եղավ Շեքսպիրի, Շիլլերի, Օստրովսկու հետ, որոնք մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրին հասնող պիեսներ են գրել, սակայն մարդկանց հիշողության մեջ մնացել են ընդամենը 4-5-ը։ Եվ կարծում եմ, որ Հայաստանում Շեքսպիրյան փառատոնի կողքին պետք է նաեւ Աղասի Այվազյանի փառատոնը լինի։
– Իսկ Հայաստանի թատրոններից բացի՝ չե՞ք ցանկանում ներգրավել նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի թատերախմբերը։
– Իհարկե, շատ ենք ուզում լայնացնել այվազյանական տարածման աշխարհագրությունը։ Պատրաստվում ենք դիմել Սփյուռքի նախարարին՝ պիեսների ժողովածուն տարածելու համար։ Գիտեմ, որ Ա. Այվազյանի ստեղծագործությունների բեմականացում արվել է նաեւ Լոս Անջելեսում, իսկ Երեւանում մենք մի քանի ներկայացումներ ունենք. Մալյանի թատրոնում` «Ցեղի ֆիզիոլոգիան», Պարոնյանի թատրոնում` «Չարենցի ուղղիչ տնից»։ Մեր հիմնադրամը ստեղծելու է նաեւ փոքր թատերախումբ, եւ հիմա մենք համագործակցության համար դերասանների ու ռեժիսորների ենք հրավիրում։
– Աղասի Այվազյանի ամենաազդեցիկ պիեսներից մեկը «Լացի այգին» է, որը պատկերում է հայրենադարձ սփյուռքահայերի, եւ նաեւ՝ մեր դիմանկարը։ Այն բեմադրվելո՞ւ է։
– Դա, իրոք, շատ ազդեցիկ պիես է, իսկ Լացի այգին Հանրապետության հրապարակի ետեւում գտնվող այն պուրակն է, որը հիմա հայտնի է շատրվաններով։ Իսկ 1940-ականներին այնտեղ էին հայտնվում սփյուռքահայերը, որոնք երազանքներով գալիս էին Հայաստան ու, վերջիվերջո, հայտնվում էին պատմության թակարդում։ Կարծում եմ` այդ պիեսը շատ արդիական է։ Արմեն Էլբակյանն է ցանկություն հայտնել այդ պիեսը բեմադրել, սակայն պետք է Մշակույթի նախարարության ֆինանսավորումը լինի, քանի որ թատրոնն այն չի կարող անել սեփական ուժերով։ Իրականում շատ սարսափելի է, երբ հայրենի միջավայրը դուրս է մղում նրանց, ովքեր ձգտում են միանալ, մերվել, հարազատանալ միջավայրի հետ։ Դա իսկական ողբերգություն է հայ ազգի համար։ Յուրաքանչյուրս պետք է փորձենք դիմացինի մեջ դրական սկիզբ տեսնել։ Եթե դա չանենք` անընդհատ մեկս մյուսին վնասելու, քայքայելու ու «ջնջելու» ենք։ Ռուս փայլուն աբսուրդիստ Դանիիլ Խարմսն ասում էր. «Ո՞ւմ է պետք մարդը։ Միայն մյուս մարդուն»։ Ինքս, օրինակ, Բաքվում եմ ծնվել (հիշում եք, երեւի, ժամանակին մեզ ասում էին՝ «շուռտվածներ»)։ Եվ հիմա էլ ես եմ իմ ռուսերեն լեզվի իմացությամբ շատ դժվար լեզու գտնում միջավայրի հետ։ Հայրենադարձության ու արտագաղթի խնդիրները միշտ արդիական ու ցավալի են մեզ համար։ Այսօրվա սերունդն, իհարկե, յուրովի է հասկանում ու վերաիմաստավորում անցյալը, բայց պետք է ընդունել, որ ազգերը մասնատվում, քայքայվում ու վերջիվերջո կործանվում են այն ժամանակ, երբ դադարում են համախմբվել։ Հատված առ հատված արտագաղթելով՝ մենք ներսից ենք կործանվում։ Նույնիսկ հիմա, երբ մեկնարկել ենք փառատոնի նախապատրաստումը, նկատելի է, թե որքան բարդ է մարդկանց հավաքել ու համախմբել։
– Իսկ հետաքրքիր է, հայ գրականության դասագրքերում Ա. Այվազյանի պատմվածքները ներկայացվա՞ծ են։
– Դա շատ ցավոտ հարց է։ Ա. Այվազյանը լայն դիապազոնի գրող էր, եւ նրա ստեղծագործություններն առաջին հերթին մարդու մեջ մարդ են դաստիարակում։ Նա զարմանալի գեղեցիկ ու ազդեցիկ հեքիաթներ ունի։ Ես վստահ եմ, որ նրա հեքիաթներն ու պիեսները դպրոցական ծրագրում ընդգրկելն անհրաժեշտ է, քանի որ դրանց մեջ բարոյական լայն շերտ կա։ Իսկ հիմա միայն մեկ պատմվածք է ընդգրկված դասագրքերում, եւ այն էլ՝ վերափոխված տարբերակով։ Անկեղծ եմ ասում, ավելի լավ կլիներ ընդհանրապես այն չընդգրկել, քան այդպես կիսատ-պռատ։ Դասագրքեր կազմողները (ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ, թե դրանք ովքեր են, քանի որ այդ հեղինակներն ինձ համար անդեմ են) իրենց թույլ են տվել «կտրել» «Չիխլի» պատմվածքի ֆինալը։ Միգուցե իրենց թվացել է, որ ավարտը դաժան է, եւ շատ մահը պետք է դուրս թողնել։ Սակայն արդյունքում կորել է պատմվածքի իմաստը, տղայի եւ շան փոխհարաբերությունների փիլիսոփայությունը։
– Բայց այդպես չի կարելի վարվել, վերջիվերջո, հեղինակային իրավունքներ կան։
– Կարծում եմ, հիմա Ա. Այվազյանի ստեղծագործությունների ժամանակը եկել է։ Ընդ որում՝ Աղասին անձամբ իր ստեղծագործություններից շատերը տեղադրել է ինտերնետում։ Այդ գործը նույնպես նրա աշխատանքային ռեժիմի մասն էր կազմում։ Նա ամեն օր մտնում էր իր աշխատասենյակն ու միայն օրվա վերջում էր դուրս գալիս։ Եվ ասում էր՝ աշխատեցինք, դե հիմա գնանք զբոսնելու։ Իսկ զբոսնել նշանակում էր՝ ճամփորդել Երեւանով։ Եվ ամեն անգամ դա անկանխատեսելի ու արկածներով լի ճամփորդություն էր դառնում։ Ա. Այվազյանի մահից հետո ես կարծես որոշ ժամանակ քնած էի, իսկ հիմա արթնացել եմ եւ քանի դեռ ես ուժ ունեմ, ուզում եմ նրա անունը կրող կենտրոնն իրականություն դարձնել։ Ու վերադարձնեմ Աղասուն իր սիրելի քաղաքին։ Նրա ստեղծագործությունների մեջ սուզվելը նույնպես արկածային ճամփորդություն է։