Բուժիչ նամակներ

11/05/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Արտիճուկը ժողովրդական բժշկության մեջ

Էգեյան լեգենդներից մեկի համաձայն` առաջին «արտիճուկը» դարձել է մի գեղեցիկ երիտասարդ աղջիկ՝ Կինարա անունով: Նա ապրում էր Զինարի կղզում, իսկ Զեւսը նրան շատ հավանելով, դարձնում է Օլիմպոսի իր ֆավորիտներից մեկը, բայց մի անգամ չհանդուրժելով Կինարայի ստախոսությունը` Ամենակարող Զեւսը նրան դարձնում է արտիճուկ:

Արտիճուկը դեռեւս 5000 տարի առաջ հայտնի է եղել Եգիպտոսում, Հին Հունաստանում ու Հռոմում: Հին հույներն ու հռոմեացիներն այն դիտում էին որպես ուժեղ աֆրոդիզիակ: Հնում գտնում էին, որ այն օգտագործելով՝ կարելի է տղա երեխա ունենալ: Իսկ հարուստ հռոմեացիներն արտիճուկին խառնում էին մեղր, քացախ ու նեխուր եւ օգտագործում ամբողջ տարին: Ֆրանսիայում այս բանջարեղենի էրոտիկ համբավի պատճառով կանանց չէր թույլատրվում օգտագործել այն: Ասում են, որ այդ արգելքը չէր տարածվում միայն Մարիա Մեդիչիի վրա, որն էլ հենց հաստատում էր, որ արտիճուկն իսկապես տաքացնում է էրոգեն զոնաները:

Արտիճուկի զամբյուղիկն ու տերեւները պարունակում են շատ թթուներ, ինչպես նաեւ բջջահյութ, որն, իհարկե, այնքան էլ լավ չէ նրանց, ովքեր աղիների բորբոքում ունեն: Այն օգտակար է նրանց, ովքեր նիհարելու համար դիետաներ են պահում: Այն իր մեջ պարունակում է վիտամիններ, որոնք ընդդիմանում են վարակներին: Այն իր մեջ պարունակում է նաեւ շատ երկաթ ու կալցիում: Արտիճուկի բուժական ազդեցությունը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող կենսաբանական ակտիվ միացություններով: Դրանցից ամենակարեւորն են կոֆեիլխիաթթուներն ու դաբաղանյութերը: Բացի այդ, արտիճուկն իր մեջ պարունակում է սպիտակուցներ, ասկորբինաթթու, կարոտին, B1, B2 վիտամիններ, ինուլին եւ այլն: Արտիճուկից պատրաստված ճաշատեսակները շատ օգտակար են նրանց, ում ստամոքսի թթվայնությունը բարձր է: Սակայն ստամոքսահյութի ցածր թթվայնության ու արյան ցածր ճնշման դեպքում խորհուրդ չի տրվում արտիճուկ օգտագործել: Արտիճուկի թուրմն օգտագործում են նաեւ լյարդի ու լեղուղիների հիվանդության դեպքում: Իր մեջ եղած ցինարինի պարունակության շնորհիվ այն նպաստում է խոլեստերինի պակասեցմանը: Արտիճուկի ծաղիկների թուրմը շատ օգտակար է մրսածության, շնչուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում: Այն նաեւ հիանալի միջոց է այրոցի, ալկոհոլը չարաշահելու արդյունքում առաջացած ընդարմության դեմ, լավացնում է մարսողությունը: Արտիճուկի էքստրակտը քնելուց առաջ ընդունելիս հանգստացնում է նյարդային համակարգը: Այն կարելի է ընդունել ուտելուց հետո 1 ճաշի գդալից` օրը 2-3 անգամ: Այն կարելի է ընդունել ջրի կամ մրգահյութի հետ, խառնելով կամ առանց այդ:

Կարտոֆիլը շատ օգտակար է սրտի համար: Կարտոֆիլի թուրմը, որն այդքան անխնա դեն են նետում տնային տնտեսուհիները, շատ օգտակար է: Համարվում է, որ այդ թուրմն, իհարկե, առանց աղի, հանում է այտուցվածությունն ու խթանում սրտի աշխատանքի լավացմանը: Այն իր մեջ պարունակում է շատ կալիում եւ այլ հանքային աղեր:

Օգտակար խորհուրդներ

1. Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, այլ ծորալով պետք է դանդաղ իջնի ու ծալքերով կուտակվի իրար վրա: Այդ դեպքում մեղրը մաքուր է: Իսկ եթե ուղիղ իջնի մեղրի խորքը եւ առաջացնի ձագարաձեւ փոս, ուրեմն անարատ չէ, այլ պատրաստված է մեղվի օգնությամբ, բայց շաքարաջրից:

2. Թղթի վրա բարակ շերտով մեղր քսել ու այրել: Եթե կրակը հասնի մեղրի շերտին ու հանգչի, ուրեմն մաքուր է: Եթե կրակը չի հանգչում, ուրեմն պատրաստված է շաքարաջրից: Շաքարն այրվում է, մեղրը` ոչ:

3. Մեղրը լուծում են մուգ գույնի անանուխի թուրմի մեջ, եւ եթե թուրմի գույնն անմիջապես պղտորվի, ուրեմն` այն անարատ է:

4. Ծոր մեղրի մեջ ընկղմում ենք 1 կտոր շաքար, եթե որոշ ժամանակ հետո այն լուծվեց մեղրի մեջ, ապա դա կնշանակի, որ մեղրն անարատ չէ: Իսկ եթե շաքարի կտորը մնաց անփոփոխ, ուրեմն մեղրն անարատ է:

Մեղրի ստուգման այս բոլոր ձեւերն էլ փորձված միջոցներ են: