Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի սառեցման հիմնական պատճառը Ղարաբաղի հարցի չկարգավորված լինելն է: «World Politics Review» հանդեսին տված հարցազրույցում ասել է Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամի ավագ աշխատակից Թոմաս դե Վաալը:
«Թուրքիան պնդել է, որ բարելավումը հարկ է կապել Ղարաբաղի հակամարտության հետ, թեպետ դա չի նշվել 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններում»,- ասել է նա` հավելելով, թե Անկարայի համար կարեւորը ոչ այնքան Ղարաբաղյան խնդրի կարգավորումն է, որքան թուրքալեզու դաշնակցի` Ադրբեջանի հետ կապերը: «Մինսկի գործընթացը, դժբախտաբար, այս պահին փակուղում է: Այս անգամ հայկական կողմը չի ցանկանում ընդունել Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը, իսկ նախկինում Ադրբեջանն էր մերժում առաջարկները: Սակայն բանակցային գործընթացում կան ավելի խորքային բարդություններ: Այն շատ նեղ հունով է ընթանում եւ չի կարող հզոր լիցք հաղորդել մեծ կոնֆլիկտը լուծելու համար: Գրեթե չկա այդքան անհրաժեշտ զուգահեռ գործընթացը, որին պետք է մասնակցեն երկու հասարակությունները, միջազգային համայնքը պատշաճ չափով չի աջակցում ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդներին»,- ասել է Վաալը: