«Հայ-թուրքական գործընթացի նախաձեռնողը մենք էինք, բայց այսօր մենք չենք նախաձեռնության տերը եւ պետք է ամեն ինչ անենք՝ այդ պատանդի կարգավիճակից դուրս գալու համար»,- ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի երեւանյան խորհրդաժողովում երեկ հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` հավելելով, թե բոլորի համար էլ պարզ է, որ հայ-թուրքական գործընթացը սոսկ երկու պետությունների խնդիր չէ, եւ որ այն բանալի է տարածաշրջանում մյուս խնդիրների լուծման համար: Ըստ նրա` դրա վկայությունն արձանագրությունների ստորագրման օրը Ցյուրիխում գերտերությունների պաշտոնյաների ներկայությունն էր: «Դա նշանակում էր, որ հայ-թուրքական գործընթացում շահագրգիռ կողմերը շատ են: Առաջին հերթին, մենք պետք է ձերբազատվենք այն պատրանքից, թե Թուրքիան փոխվել է»,- հայտարարել է Ա. Ռուստամյանը: Ի դեպ, ՀՅԴ-ն մտադիր է նմանատիպ խորհրդաժողով անցկացնել նաեւ ԼՂՀ-ում: «Ասելիք ունենք Արցախի իշխանություններին: Ասելիքն այն է, որ իրենք պետք է լինեն ավելի ակտիվ, պետք է իրենց տեսակետներն ավելի գործուն եւ ակտիվ ձեւով ներկայացնեն եւ պաշտպանեն, ստեղծեն այն հանգստությունը նաեւ Հայաստանում եւ, ինչու չէ, նաեւ ամբողջ աշխարհում, հայության մոտ, որ Լեռնային Ղարաբաղի պետությունը ինչ-որ տեղ ունի իր ինքնուրույն տեսակետը, եւ այդ տեսակետներն անհրաժեշտ է, որ այսօր լսվեն բանակցությունների ընթացքում»,- ասել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: