Ամենակարեւոր, բայց չարժեւորվող հաղթանակը

11/05/2010

Վաղը, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակից բացի, Հայաստանում եւ Արցախում նշելու են Շուշիի ազատագրման 18-ամյակը: Հաղթանակներից, թերեւս, ամենակարեւորը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Սակայն, ինչպես անցած տարիներին, այս տարի եւս Շուշիի ազատագրման տոնը նշվում է ավելի շատ զուտ «արարողակարգի» համար: Պաշտոնյաները, քաղաքական տարբեր գործիչները, ինչպես միշտ, ճոռոմ ուղերձներ են ասելու եւ ծաղկեպսակներ են դնելու զոհվածների հուշակոթողներին, հեռուստաընկերություններն էլ մի քանի հաղորդումներ են ցուցադրելու հաղթանակի մասին եւ վերջ: Այսինքն` հաղթանակի տոնը դեռեւս համազգային տոն չի դարձել: Նաեւ ու մեծ մասամբ այն պատճառով, որ անցած տարիներին իշխանությունների կողմից հետեւողականորեն նսեմացվել է Ղարաբաղյան պատերազմում արձանագրված հաղթանակը` 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո պետականորեն կազմակերպված` նախկին իշխանությունների, Շուշիի ազատագրման մասնակից հերոսների նկատմամբ կազմակերպված հակաքարոզչության արդյունքում: Իսկ անցած երկու տարիներին Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներից շատերի ազատազրկումը ավելի ցայտուն դարձրեց հաղթանակի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը: Անկախ ամեն ինչից ու իշխանություններից` հաղթանակը բոլորինն է, եւ հասարակությունը պետք է հպարտանա ու ապրի այդ հաղթանակով այնպես, որ որեւէ իշխանություն կամ քաղաքական գործիչ այն չօգտագործի միայն քաղաքական նկատառումներից ելնելով:

Այնպես որ, շնորհավոր Հաղթանակի օրը: