Գայլն ու Նապաստակը վերադառնում են

27/09/2005

Սույն թվականի նոյեմբերին մեծ էկրան կվերադառնան Գայլն ու Նապաստակը`
խորհրդային ժամանակների ամենասիրված` «Դե, սպասիր» մուլտֆիլմի հերոսները։
Մուլտֆիլմի հեղինակ Վյաչեսլավ Կոտյոնոչկինի որդին՝ Ալեքսեյը նկարահանել է
երկու նոր սերիա։ «Ուզում եմ, որ այս մուլտֆիլմը երբեք չավարտվի։
Շարունակությունը ստեղծելը շատ պատասխանատու քայլ է։ Բոլորը սիրում են հին
ֆիլմը, նորը նկարելը ռիսկային գործ է»,- ասել է նա։ Հեղինակների համար մեծ
դժվարություն էր Կլարա Ռումյանովայի եւ Ալեքսանդր Պապանովի հայտնի ձայների
համարժեքը գտնելը։ Սակայն հեղինակները հավատացնում են, որ նոր դերասանների
ձայները պետք է վարպետների ձայներից ոչնչով չտարբերվեն։ «Մենք ստեղծում
ենք զվարճալի եւ բարի ֆիլմ, քանի որ որքան էլ Գայլը ցանկանա ուտել
Նապաստակին, բոլորը գիտեն, որ նա երբեք դա չի անի»,- ասել է սցենարի
հեղինակ Ալեքսանդր Կուրլյանդսկին։

Ն. Հ.