Ըստ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների, մեկ տարի առաջ` 2009թ. մայիսի 7-ին, Պրահայում նախկին ԽՍՀՄ վեց երկրների հետ ստորագրված Արեւելյան գործընկերության ծրագիրն այսօր էլ շարունակում է մնալ եվրոպական ընտանիքի առաջնային ծրագրերից ու հետաքրքրություններից մեկը: «ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը բազմիցս է հայտարարել, որ իր առջեւ դնում է երեք գերակա խնդիր, որոնցից մեկը մեր հարեւան երկրներում կայունության ու խաղաղության հաստատումն է: Մենք չենք կարող լուրջ դերակատարություն ունենալ միջազգային կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ չենք կարողացել մեր որդեգրած քաղաքականության արդյունքները ցույց տալ մեր անմիջական հարեւան երկրներում»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ ընդարձակման եւ հարեւանության հետ հարաբերությունների գծով նորանշանակ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հայաստանի հետ բանակցությունների առանցքում, ըստ Շտեֆան Ֆյուլեի, մարդու իրավունքների պաշտպանության հարցն է: «Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ ես քաղաքական առաջնորդներին հորդորեցի առաջ տանել քաղաքական բարեփոխումները, բարելավել ընտրական չափորոշիչները եւ արագացնել նախորդ նախագահական ընտրություններից հետո ծագած մի շարք խնդիրների լուծումը, ինչը վերջնական արդյունքում կհանգեցնի ազգային համերաշխության եւ ի հայտ կբերի հասարակության ունեցած ողջ ներուժը»,- անցած շաբաթավերջին Եվրահանձնաժողովում հայտարարել է հարեւանության հարցերով գլխավոր հանձնակատարը: Պահանջվող բարեփոխումների դիմաց պաշտոնական Բրյուսելը արեւելյան հարեւաններին խոստանում է լուրջ ֆինանսական օժանդակություն տրամադրել, ազատ առեւտրի գոտի ստեղծել, ինչպես նաեւ այդ երկրների քաղաքացիների համար հեշտացնել Եվրամիության մուտքի անցագիր` վիզա ստանալու ընթացակարգերը: Վերջին հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:
«ԵՄ-ի պաշտոնյաները խոստանում են մոտ ապագայում արդեն ՀՀ-ի եւ Ադրբեջանի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրել, սակայն հստակ ժամկետներ չեն նշում»,- ասել է Բրյուսելում «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Ահտո Լոբյակասը: «Սա շատ բարդ գործընթաց է, նախ` որովհետեւ մի շարք տեխնիկական խնդիրների հետ է կապված, մասնավորապես` համաձայնագրին ձգտող երկրները պարտավոր են իրենց քաղաքացիներին տրամադրել ԵՄ-ի չափանիշներին համապատասխանող` կենսաչափական տվյալներով անձնագրեր, բարելավել սահմանային անցակետերը եւ այլն: Սակայն առավել կարեւոր է, որպեսզի ծրագրին մասնակցող երկրները իրագործեն Եվրամիության առաջադրած քաղաքական պահանջներն ու բարեփոխումները»: Այս ոլորտում վեց երկրներից առաջատարը եւ դեռեւս միակը Վրաստանն է, որի հետ ԵՄ-ն անցած տարեվերջին ստորագրել է վիզային ռեժիմի մեղմացման շուրջ համաձայնագիրը: Փաստաթղթով արդեն հունիսից վրացի գործարարները, ուսանողները, լրագրողները, ինչպես նաեւ՝ Եվրոպայում մոտ ազգականներ ունեցող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան հեշտացված կարգով ԵՄ մուտք գործելու անցագիր ստանալ: