– Ապրիլի 16-ից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քննվում է Մարտի 1-ի զոհերի հարազատների բողոքի քննությունը` ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության անգործության վերաբերյալ: Որպես Փաստահավաք խմբի նախկին անդամ, ինչպիսի՞ն է ձեր գնահատականը` ընթացող դատավարությունների ու բողոքարկող կողմի պահանջի վերաբերյալ:
– Իհարկե, լավ կլիներ, որ Հատուկ քննչական ծառայությունն այս տարիների ընթացքում ունենար որոշակի արդյունք, որպեսզի զոհերի հարազատները վստահություն ունենային, որ, այնուամենայնիվ, նախաքննությունը շարունակվում է, եւ կա ռեալ արդյունք: Բայց նրանք տեսան, որ ժամանակը պարզապես անցնում է, եւ դրական արդյունք չկա, այդ պատճառով էլ` համոզմունք առաջացավ, որ նախաքննական մարմինը, ըստ էության, որեւէ առաջընթաց չի արձանագրում: Կարծում եմ, նրանց բողոքը արդարացված է, քանի որ ժամանակի կորուստը բերում է հանգամանքների բացահայտման փոքրացմանը: Կանցնեն էլի տարիներ, կասեն՝ էլ հնարավոր չի գտնել այն մարդուն, որը կանգնած էր այսինչ կրակողի կողքին կամ տեսել է նրան: Մարդիկ նաեւ կորցնում են իրենց հիշողությունը, բացի այդ, շատ հնարավոր է` մի կարեւոր վկա վաղը չլինի Հայաստանում, կամ, Աստված չանի` մահացած լինի, եւ այլն: Կիսում եմ հարազատների մտահոգությունը ու կարծում եմ, որ նրանք ունեն բողոքարկելու բոլոր հիմքերը: Լավ կլինի, որ վերադաս մարմինները վերանայեն նախաքննական մարմնի գործողությունները եւ որոշում կայացնեն քննչական խմբի փոփոխության կամ շատ ավելի որակյալ քննիչների ներգրավման վերաբերյալ:
– Կարծում եք՝ ՀՔԾ-ի անարդյունավետ աշխատանքի պատճառը մասնագետների պրոֆեսիոնալիզմի պակա՞սն է:
– Համաձայն եմ, որ թե 2 տարի առաջ, թե այսօր նրանք հնարավորություններ ունեին բացահայտելու այդ հանցագործությունները: Ես ծանոթ եմ դեռ այն ժամանակ փաստահավաք խմբի տրամադրության տակ եղած քննության արդյունքներին: Մենք գնահատել ենք, որ քննչական գործողությունները ոչ լիարժեք են իրականացված, եւ մեր առաջարկների ու զեկույցների մեջ դրանք մատնանշվել են: Փաստահավաք խմբի լուծարումից հետո ես նրանց աշխատանքում առաջընթաց չեմ տեսնում: Գուցե օրենսդրական փոփոխությունների միջոցով կարելի է այնպիսի համակարգ ստեղծել, որպեսզի ստեղծվի մի անկախ մարմին, որը զերծ կլինի տարբեր տեսակի, հատկապես՝ քաղաքական ճնշումներից եւ կունենա լիարժեք վստահություն թե հանրության եւ թե զոհվածների հարազատների կողմից: Ժամանակավոր անկախ մարմինը, իր վստահության լիմիտը ունենալով` կարող էր իրականացնել այդ բացահայտումները:
– Այսինքն, բացառո՞ւմ եք այն, որ իշխանության ներկայացուցիչները կարող են արդար եւ արդյունավետ քննություն իրականացնել:
– Հարցը նրանում է, որ դրա համար իսպառ բացակայում է եւ՛ կամքը, եւ՛ ցանկությունը: Չեմ կարծում, որ պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է պատճառը, որ հնարավորություն չկա լիարժեք քննություն իրականացնելու: Պարզապես կան խանգարող հանգամանքներ, որոնք գալիս են տարբեր իշխանական օղակներից եւ հնարավորություն չեն տալիս, որպեսզի իրականացվի լիարժեք քննություն:
– Կոնկրետ ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին ներկայացրած ձեր թվով 4-րդ զեկույցում նշել էիք, որ խաղաղ ցուցարարների դեմ օգտագործվել են ոչ միայն ուժային կառույցները, այլ նաեւ օլիգարխների ու պետական պաշտոնյաների թիկնապահներ: Խոսքը նմանատի՞պ հանգամանքների մասին է:
– Ձեր բոլոր թվարկածներն էլ խանգարող հանգամանքներ են: Շատ ազդեցիկ պաշտոնյաներ կան, որոնք այսօր էլ գտնվում են ուժային համակարգի ղեկավար անձնակազմի մեջ ու մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ եղել են որոշում կայացնողների մեջ: Հենց նման հանգամանքներն էլ կարող են խանգարիչ դեր ունենալ նախաքննական մարմնի համար: Ի վերջո, նախաքննական մարմինը պետք է զերծ լինի ցանկացած ազդեցությունից ու կաշկանդվածություն չունենա: Նա պետք է իրականացնի օրենքով նախատեսված իր լիազորությունները եւ բացահայտի ծանրագույն հանցագործությունները, որոնք մինչ այսօր բացահայտված չեն: Մինչ օրս իրականացված չեն բոլոր այն գործողությունները, որոնք հնարավորություն կտային դրանք բացահայտել: Պետք է հարցաքննվեին բազմաթիվ մարդիկ, պետք է ճշտվեր, թե որ կրակոցը որ պահին որ հատվածից է իրականացվել: Չէ՞ որ գիտենք կոնկրետ կրակողներին, հրաման տվողներին, մենք մեր զեկույցում մանրամասն ներկայացրել էինք հատուկ միջոցների կիրառման հետ կապված բոլոր հանգամանքները: Նախաքննական մարմինը, ցանկության դեպքում, դա կարող էր վերցնել եւ որպես հիմք ընդունելով` շարունակել նախաքննությունը` հասնելով բացահայտումների:
– Ստացվում է, որ չնայած փաստահավաք խմբում եղած տարաձայնություններին՝ աշխատանքի 7 ամսվա ընթացքում խումբը շատ ավելի բացահայտումներ արեց, քան ՀՔԾ-ն` անցած 2 տարուց ավելի ընթացքում: Սակայն պարզ է, որ ՀՔԾ-ին տասնապատիկ ավելի լիազորություններ են վերապահված, քան` ձեզ: Այսինքն` նրանց կարելի՞ է մեղադրել միտումնավոր անգործության մեջ:
– Իհարկե, ի տարբերություն մեզ, ՀՔԾ-ն ունի բոլոր հնարավորությունները` ամբողջական ինֆորմացիա ստանալու, օպերատիվ ծառայություններին հանձնարարականներ տալու եւ աշխատացնելու, ամբողջ իշխանական ուժային համակարգը ամբողջությամբ գործի մեջ դնելու եւ արդյունքներ ունենալու համար: Դրա համար էլ, երբ մարդիկ դիմում են դատարան` նրանց անգործության փաստով, դա խոսում է այն մասին, որ տեսանելի չեն իրենց աշխատանքի արդյունքները: Նրանց մոտ գործը բացահայտելու կամք եւ ցանկություն չկա: Բայց եթե անգամ լիներ, ես պատկերացնում եմ, թե իրենց խոչընդոտող հանգամանքներն ինչքան շատ են, ու ինչպիսի ճնշումների են իրենք ենթարկվում: Եթե մեր աշխատանքն են փորձել խոչընդոտել, ապա պարզ է, թե ինչպիսի արգելքներ կարող են ստեղծել իշխանության համակարգում աշխատողների վրա: Ես համոզված եմ, որ ՀՔԾ-ն բավարար ներուժ ունի ցանկացած հանցագործություն բացահայտելու, իսկ եթե չի բացահայտվում, նշանակում է` նրանց այդպիսի հնարավորություն տրված չէ: Իմ գնահատականով, այս պահի դրությամբ նրանք ունեն լուրջ խոչընդոտներ լիարժեք բացահայտումներ իրականացնելու համար: Մինչեւ այդ խնդիրները չդրվեն մի կողմ, այսօրվա իշխանությունները Մարտի 1-ի լիարժեք բացահայտումներ չեն իրականացնի, որովհետեւ այն կարող է բերել այնպիսի հարցերի պատասխանների, որոնք ցանկալի չեն շատ իշխանավորների համար, սկսած Ռոբերտ Քոչարյանից:
– Արդեն պետք է որ հրապարակված լիներ Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ Ձեր եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի պատրաստած 5-րդ զեկույցը:
– Ի հայտ եկան նոր հանգամանքներ, որ նախկինում մեր տրամադրության տակ չեն եղել, եւ դա մենք չէինք կարող անտեսել: Այդ պատճառով էլ այն հաջորդ շաբաթվա սկզբում հատվածային տեսքով կներկայացնենք հանրության դատին: Այն վերաբերում է մասնավորապես մարտիմեկյան դեպքերին կոնկրետ ուժային համակարգը ներկայացնող կառույցների մասնակցության փաստին: Այդ զեկույցում կլինեն շատ հարցերի պատասխաններ: Իսկ ամբողջական զեկույցը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:
– Ձեր նախորդ զեկույցներում ներկայացրել էիք կոնկրետ փաստեր Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Եկող շաբաթ ներկայացնելիք զեկույցում եւ՞ս կլինեն զոհերի սպանության վերաբերյալ կոնկրետ փաստեր:
– Այո, այս զեկույցում էլ կլինեն այնպիսի բացահայտումներ, որոնք շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Մեզ համար շատ կարեւոր է բացահայտել Մարտի 1-ը ամբողջությամբ, որպեսզի ապագայում երբեւիցե սխալ որոշումների արդյունքում մարդիկ չմահանան: Իսկ քաղաքական զարգացումների մեջ ուժային համակարգի ներգրավվածությունները լինեն միայն օրենքի սահմաններում եւ ունենան կոնկրետ պատասխանատուներ: