Յուրաքանչյուր համապետական ընտրություններից անմիջապես հետո իշխանության կուսակցությունները սկսում են նախապատրաստվել հաջորդ ընտրություններին:
Ընդ որում, դա անում են ոչ թե իրենց ծրագրերն ու խոստումները կատարելու ճանապարհով, այլ վարչական լծակներ գրավելով, մարդկանց որսալով, փող կուտակելով եւ նման այլ միջոցներով: Եվ այս օրերին բոլորովին էլ պատահական չէ, որ ոչ միայն ընդդիմադիր կուսակցություններն են հայտարարում քիչ թե շատ ճանաչված դեմքերով համալրվելու մասին: Այդ գործին են լծվել են նաեւ կոալիցիոն կուսակցությունները: Եվ անկախ պատգամավոր, նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելը պետք է դիտարկել հաջորդ ընտրություններին նախապատրաստվելու եւ «մարդորսի» համատեքստում: Հիշեցնենք, որ Ս.Բալասանյանին անցած 3 տարիներին բախտ էր վիճակվել լինել անկախ պատգամավոր: Դա տեղի ունեցավ 2007թ. այն օրերին, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց եւ դուրս եկավ կոալիցիայից: Այդ իրադարձությունից հետո ՕԵԿ շարքերը լքեցին մի շարք պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ: Նրանց մի մասը Ս.Բալասանյանի նման շարունակեցին մնալ «անկախ», մի մասն էլ անդամագրվեցին այլ կուսակցությունների: Օրինակ, Գագիկ Մխեյանը անդամակցեց Տիգրան Կարապետիչի «Ժողովրդական կուսակցությանը»: Հիմա նա ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է: Ս.Բալասանյանին հաջողվեց միառժամանակ չանդամակցել որեւէ կուսակցության: Սակայն անցած տարվա գարնանից նրա նկատմամբ ճնշումները սկսվեցին: Եվ ոչ միայն նրա: Իշխող «Հանրապետական» կուսակցության վերնախավն անստորագիր նամակներ էր բաժանել ԱԺ դեռեւս անկախ մի քանի պատգամավորների, այդ թվում եւ՝ Սամվել Բալասանյանին, որպեսզի նրանք ստորագրեին դրանք ու դառնային Ազգային ժողովում նույնանուն խմբակցության փաստացի անդամներ: Անկախ պատգամավորներից Մխիթար Վարագյանը, Լեւոն Խաչատրյանը, Սամվել Ալեքսանյանն ու Միքայել Վարդանյանը ստորագրել էին այդ դիմումների տակ: Իսկ նախկին ՕԵԿ-ականներ Ս.Բալասանյանն ու Հակոբ Հակոբյանը չէին ստորագրել: Այս իրադարձություններից հետո Ս.Բալասանյանի անդամակցումը ԲՀԿ-ին բավականին ուշագրավ է: Փաստորեն, մեկ տարի առաջ ՀՀԿ-ն նրան իր խմբակցությանը փաստացի անդամակցելու վերաբերյալ անստորագիր դիմում է տալիս, ստիպում է ստորագրել, բայց անակնկալ կերպով նա դառնում է ԲՀԿ խմբակցության փաստացի անդամ: Մինչդեռ սպասվում էր, որ պատգամավորը կդառնա ՀՀԿ խմբակցության փաստացի անդամ: Ս.Բալասանյանը անցած մի քանի օրերին չէր պատասխանում հեռախոսազանգերին, եւ հնարավոր չեղավ նրանից մեկնաբանություն ստանալ այն մասին, թե ՕԵԿ-ից հետո ինչո՞ւ ընտրեց հատկապես ԲՀԿ-ն: Ընդ որում, իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ անցած մեկ տարվա ընթացքում Ս.Բալասանյանի հետ անդամակցության բանակցություններ են վարել ոչ միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, այլ նաեւ՝ ՕԵԿ-ը: Սակայն պատգամավորը հատկապես ՕԵԿ-ից հրաժարվել է, որովհետեւ խիստ վիրավորված է եղել այդ կուսակցության նախագահ Ա.Բաղդասարյանի վերաբերմունքից: Երեկ մենք փորձեցինք ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովից ճշտել, թե ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ Ս.Բալասանյանը մերժում է իշխող կուսակցությանն անդամակցելու հրավերը, բայց ընդունում է նրա կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ի հրավերը: Հատկապես, երբ ակտիվանում են երկու կուսակցությունների մեջ գոյություն ունեցող հակասությունների մասին խոսակցությունները: «Դա իրենց իրավունքն է, ես որպես կոլեգա՝ ցանկանում եմ, որ այդ քաղաքական նոր համագործակցությունը նորմալ ստացվի: Չորս պատգամավորներ հայտարարել են, որ պառլամենտական գործունեության ընթացքում համագործակցում են քաղաքական մեծամասնության հետ, եւ այդ համագործակցությունը, կարծում եմ, որ շատ նորմալ ընթանում է, իսկ ինչ վերաբերում է երկուսին, դա նրանց որոշելիքն է»,- պատասխանեց Է.Շարմազանովը:
Սակայն արդեն խոսակցություններ են շրջանառվում ՀՀԿ-ից Ս.Բալասանյանի վիրավորված կամ ինչ-որ հարցում դժգոհ մնացած լինելու մասին: Խոսքը վերաբերում է նրա տնտեսական գործունեությանը: Առայժմ հայտնի չէ, թե խոսքը հատկապես ինչի մասին է, բայց ակնհայտ է, որ այն, ինչ նա չի ստացել ՀՀԿ-ից, նրան խոստացել են ԲՀԿ-ում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում առանց տանիքի, այդ թվում եւ՝ կուսակցական տանիքի, հնարավոր չէ պահպանել բիզնես-գործունեությունը: Իսկ «երկուսը» ասելով՝ Է.Շարմազանովը, Ս.Բալասանյանի հետ միասին, նկատի ուներ նաեւ Հ.Հակոբյանին, ով երեկ եւս անհասանելի էր: Բայց ԲՀԿ խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե Հ.Հակոբյանի հետ իրենց կուսակցությանն անդամակցելու բանակցություններ չեն վարվել: Սակայն դժվար չէ ենթադրել, որ ԲՀԿ-ից նման առաջարկ եղել է նաեւ Հ.Հակոբյանին, ակնհայտ է նաեւ, որ վերջինս դեռ դիմադրում է որեւէ կուսակցության անդամակցելու «առաջարկներին»: Սակայն դժվար է պատկերացնել, թե որքան կտեւի պատգամավորի դիմադրությունը: Կամ` եթե ճնշումներն ուժեղանան, ո՞ր կուսակցության առաջարկությունը կընդունի: Իսկ նման ճնշումներին դժվար կլինի դիմակայել, որովհետեւ պատգամավորներն ունեն նաեւ գործարաններ ու այլ սեփականություններ: Դրանք պահպանելու համար քաղաքական կողմնորոշում է պահանջվում: Գործող իշխանական համակարգը ոչ մի ոլորտում անկախություն չի հանդուրժում: Հիշեցնենք նաեւ, որ այս գումարման խորհրդարանի անկախ պատգամավորներից եւս երկուսը` Ռուստամ Գասպարյանն ու Մարտուն Գրիգորյանը, դեռեւս անցյալ տարի էին դարձել ԲՀԿ խմբակցության փաստացի անդամներ: Հիմա խորհրդարանն ունի ընդամենը չորս անկախ պատգամավոր` Հ.Հակոբյանը, Տիգրան Թորոսյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Խաչատուր Սուքիասյանի փոխարեն պատգամավոր դարձած՝ «Ազգային Միաբանության» անդամ Արա Սիմոնյանը: Թե այս չորսից քանի՞սը կմնան անկախ մինչեւ այս գումարման Ազգային ժողովի ավարտը, կարելի է միայն ենթադրել: