ՀՀ վարկային փուչիկը

11/05/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ինչո՞վ է միշտ ամենից շատ պարծեցել եւ շարունակում պարծենալ մեր կառավարությունը։ ՀՀ «կայացած, զարգացած» բանկային համակարգով։ Այս մասին միշտ են խոսում, ու ավելի հաճախ սկսեցին խոսել ճգնաժամի սկզբում։

Երեւի բոլորն են հիշում, որ մեր բանկային համակարգը իր թերության՝ համաշխարհային ֆինանսական համակարգին ցածր ինտեգրվածության շնորհիվ, պիտի դառնար փրկության կղզյակ։ Ինչպես ջրհեղեղի ժամանակ բոլորը ձգտում են մի բարձր տեղ գտնել ու կանգնել վրան, այնպես էլ ամբողջ աշխարհից ֆինանսական ռեսուրսները պիտի ուղղվեին դեպի մեր «կայուն նավահանգիստ»՝ ՀՀ բանկային համակարգ։

Նման բան տեղի չունեցավ, երեւի այն պատճառով, որ աշխարհի փողատերերը մեր իշխանություններին լսելու առիթ չունեցան։

Արդյունքում մնաց այն, որ կառավարությունը հարեւանցիորեն խոստովանեց՝ ՀՀ բանկային համակարգը մեկուսացած է։ Իսկ դրանից ոչ մի օգուտ, ինչպես փորձը ցույց տվեց, չկա։ Սակայն դա չի խանգարում, որ այսօր էլ մեծ հպարտությամբ ու գովասանքով խոսվի ՀՀ բանկային համակարգի մասին։ Ամենազարգացած, ամենակայուն, ամենաթափանցիկգ իհարկե՝ տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ։

Հայաստանում գործող 22 բանկերից 14-ը նախորդ՝ ճգնաժամային տարին փակել են շահույթով։ Վատ չէ։ Սակայն մեր թեման այժմ դրան չի վերաբերում։

Թե ինչ հարաբերություններ ունեն մեր բանկերը արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հետ, կամ՝ որքան շահույթ են ունեցել, իրենց գործն է։ Մեզ ավելի շատ հետաքրքրում են հայաստանցիների հարաբերությունները մեր բանկային համակարգի հետ։ Լա՞վ են դրանք, թե՞ վատ։ Եթե դատենք պաշտոնական վիճակագրության տվյալներով, հարաբերությունները վատ չեն ու գնալով լավանում են։ Բնակչությունը վստահում է բանկերին. ԱՎԾ տվյալներով, բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2010թ. մարտի վերջին կազմել է 313752 մլն դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ 39.3 %-ով ավելի: Ավելացել է նաեւ հաճախորդների թվաքանակը, վարկերի ծավալը։

Բայց վարկերի՝ մանավանդ բիզնես վարկերի մասով, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսին։

Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ կառավարությունը իր հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում՝ որպես փոքր եւ միջին բիզնեսին ցուցաբերված աջակցության կարեւորագույն բաղադրիչ՝ նշում է վարկային միջոցների ապահովումը։ Այսինքն՝ ռուսական վարկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից ու այլ կառույցներից միջոցներ են ներգրավվել, եւ դրանց մի մասն ուղղվել է փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը։

Փորձենք հասկանալ։ Փոքր ու միջին բիզնեսը ճգնաժամի պատճառով տուժում է, կրճատվում է շահույթը կամ սկսում է վնասով աշխատել, շրջանառու միջոցները չեն բավականացնում եւ այլն։ Եվ փոքր տնտեսվարողը «ոտքի կանգնելու» համար դիմում է բանկին՝ վարկ ստանալու համար։ Ու այստեղ ՀՀ բանկային (եւ ոչ միայն բանկային) համակարգը ցույց է տալիս իր իրական դեմքը։ Բանկերի մի մասը աշխատում է լրիվ ռոբոտացված վիճակում՝ կազմում են պահանջվող փաստաթղթերի մի հաստ փաթեթ ու ասում՝ լրացրեք։ Դա կարող է իր մեջ ներառել, ասենք, ֆինանսական հոսքերի մանրամասն կանխատեսում՝ 4-5 տարվա կտրվածքով։ Մի խոսքով՝ միայն պահանջվող փաստաթղթերի ցանկի մեծությունը արդեն բավական է, որպեսզի հայտատուն վախենա ու որոշի չդիմել վարկ ստանալու համար։ Օրինակի համար նշենք, որ բոլոր դեպքերում բանկերը պահանջում են տեղեկանք Հարկային տեսչությունից՝ բյուջեի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ։ Պարզ ասած՝ ուզում են իմանալ, թե վարկառուն պետությանը որքան է վճարում ու ինչ պարտքեր ունի։ Սա արդեն գլխացավանք է, որովհետեւ հարկային մարմինը այդ տեղեկանքը տալիս է «նազուտուզ անելով»՝ ձգձգում են, փորձում են համոզել, որ հարկերը քիչ է մուծել եւ այլն։ Ընդ որում, եթե վարկառուին մի բանկում մերժում են, եւ նա մյուս օրն անմիջապես դիմում է մեկ այլ բանկի, պետք է նոր տեղեկանք վերցնի։ Այս տեղեկանքին գումարվում է նաեւ մյուս պարտադիր տեղեկանքը Պետռեգիստրից՝ առ այն, որ հիմնադիրները կամ բաժնետերերը չեն փոխվել։

Հարակից կառույցների մասին խոսելիս չմոռանանք նշել, որ ընթացքում հարկ է լինում կատարել գույքի գնահատում, հետո կադաստրից միասնական տեղեկանք բերել, հետո գնալ նոտար, նորից կադաստր։ Այս ամենը քիչ ծախս չի պահանջում, որը հոգում է վարկառուն։

Սակայն սրանք լուծելի հարցեր են։ Ամենավատն այն է, երբ պահանջում են, որ բիզնեսը գործի առնվազն 1 տարի, ընդ որում՝ ունենա կայուն եկամուտներ։ Եկամուտներն էլ պետք է աճման միտում ունենան, այլապես վարկային կոմիտեն կեզրակացնի, որ «նվազող բիզնես» է, որին անիմաստ է վարկ տրամադրել։ Սրան էլ գումարած՝ պահանջում են գրավի առարկա, հիմնականում՝ անշարժ գույք ու` պարտադիր Երեւանում։ Ընդ որում՝ գույքի արժեքը պետք է առնվազն երկու անգամ մեծ լինի վարկի գումարից։ Պարզ ասած՝ աբսուրդ է։ Ստացվում է, որ գործերդ կարգավորելու համար դիմում ես վարկ վերցնելու, սակայն վարկ տալու համար քեզ մոտ ամեն ինչ պետք է փայլուն լինի։

Բանկի տեսանկյունից՝ այս մոտեցումը նորմալ է. բանկը ցանկանում է իրեն առավելագույնս ապահովագրել հնարավոր կորուստներից։ Սակայն անհասկանալի է՝ ինչպե՞ս կարելի է նման պայմաններով վարկավորումը անվանել «հակաճգնաժամային ծրագրի» բաղադրիչ՝ օգնություն փոքր եւ միջին բիզնեսին։

Նման մոտեցումը տանում է պարզ իրողության՝ ում գործերը հաջող են, նրանք լրացուցիչ ֆինանսավորում կստանան։

Իսկ ովքեր հայտնվել են ժամանակավոր դժվարության մեջ կամ նոր են ցանկանում բիզնես սկսել, նրանք պետք է համակերպվեն անհաջողության մատնվելու տխուր հեռանկարի հետ, եթե պարտքով փող չկարողանան ճարել իրենց ընկերներից ու բարեկամներից։ Պետությունն ու բանկային համակարգը մեր երկրում օգնում են միայն կայուն եկամուտներ ունեցող, հաստատված, կայացած բիզնեսին։ «Սկսնակների» կամ «անհաջողակների» հետ պետությունը չի շփվում, բայցգ հարկերը մինչեւ վերջին կոպեկը ստիպում է վճարել։ Չնայած՝ օգնությունն էլ օգնություն լինի՝ փոքր վարկ, բարձր տոկոսադրույք ու մարման կարճ ժամկետ։ Ամենահետաքրքիրն այն է, որ չնայած այս ամենին՝ կառավարությունը մտադիր է արտերկրից նոր վարկեր ներգրավել՝ բիզնեսը խթանելու համար։