Արմավիրի մարզի Հայկաշեն ու Գայ գյուղերին բաժանում է ընդամենը մի առու: Առվի մի մասը` Հայկաշենը, հայտնի է գեներալներով, իսկ Գայը` իր Շոռքաշվա հանդավայրով:
Այս հողատարածքը դեռ տասնամյակներ շարունակ եղել է երկու գյուղերի, այսպես ասած` կռվախնձորը: 1828թ. Պարսկաստանի Խոյ գավառից գաղթականները բնակություն են հաստատել Ներքին Խաթունարխում` այժմյան Գայ գյուղում, եւ սկսել են մշակել գյուղին պատկանող 248 հա գյուղնշանակության հողը: Բնակիչների փոխանցմամբ` իրենց նախապապերն այդ հանդավայրը կռվով վերցրել էին թուրքերից: «Վերջին անգամ թուրքերն այդ հողի վրա հայի արյուն են թափել 1933թ.` սպանելով այն ժամանակվա մեր գյուղի կուսկազմակերպիչ Բարեղամ Հովհաննիսյանին եւ կոմերիտական կազմակերպիչ Կարապետ Մուրադյանին»,- նշում են գյուղի բնակիչները: Խորհրդային Միության տարիներին հողատարածքը պատկանել էր Գայի կոլտնտեսությանը, որն էլ Հայաստանի անկախացումից հետո սեփականաշնորհվեց Գայի գյուղական համայնքի 534 տնտեսությունների կողմից: «Մեկ էլ երկու ամիս առաջ լսեցինք, որ մեր գյուղին պատկանող Շոռքաշվան հանձնել են Հայկաշենին, այսինքն` մենք պիտի հարկերը մուծենք ոչ թե մեր գյուղապետարան, այլ` Հայկաշենի»,- ասացին գյուղի բնակիչները, ովքեր Կառավարության գծած սցենարի հերթական թիրախն են դարձել:
Պարզվում է` 2005թ. հոկտեմբերի 27-ին, համաձայն ՀՀ Կառավարության «ՀՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու մասին ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին» N1873-Ն որոշման, այդ տարածքներն ընդգրկվում են միայն սահմանակից համայնքների վարչական սահմաններում: Այսինքն` 180-ամյա Գայ գյուղին պատկանող հանդավայրը տրվում է Հայկաշենին: Եվ սա՝ այն պարագայում, երբ Գայն իր վարչական տարածքով ու բնակչության թվով նվազագույնը երկու անգամ գերազանցում է Հայկաշենին: Գայ գյուղի վարչական տարածքը 1242 հա է, գյուղատնտեսական նշանակությամբ հողերը` 511հա, իսկ բնակչության թիվը` 3860: Գայեցիների պատմելով` Հայկաշեն գյուղը, որը հազիվ 1500 բնակիչ ունի, նախկինում թուրքական գյուղ էր եւ կոչվում էր Ղարդաբազար: «Ստալինի տված երեւի միակ օգուտն այն էր, որ Ղարդաբազարն ազատեց թուրքերից` վերաբնակեցնելով Մարտունու շրջանի բնակիչներով»,- նկատեցին գյուղի բնակիչները, ովքեր այսօր հայտնվել են անելանելի վիճակում: Նրանց հատկապես զայրացնում է այն փաստը, որ իրենք հարկային պարտավորությունները կատարելու են հարեւան գյուղապետարանում: «Երբ մեր գյուղն էդ գումարների կարիքն ունի, երբ մեր գյուղում մանկապարտեզ չկա, կարճ ասած` մեզ տանում են աղքատացման»,- մեզ հետ զրույցում ասացին գյուղացիները, ովքեր մարտի 22-ին Կառավարության սցենարի զարգացումները կանխելու նպատակով դիմում էին գրել ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Ապրիլի 23-ին նրանք պատասխան ստացան: «ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ներկայացվում է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալի պատասխան գրությունը` Գայի համայնքի 2-րդ հատվածի տնօրինման վերաբերյալ»,- այս պատասխանը Գայ համայնքի ղեկավարին հասցեագրել էր Արմավիրի մարզի ղեկավարը, որի գրությանը կից ներկայացված էր առդիր թերթիկ: «Քանի որ տարածքը սահմանակից չէ Գայ համայնքին եւ այդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկելու դեպքում հարեւան Հայկաշեն համայնքը կբաժանվեր երկու հատվածի, այդ իսկ պատճառով, ինչպես նաեւ հաշվի առնելով Արմավիրի մարզպետի եւ համայնքների համաձայնությունները` ընդգրկվել է Հայկաշեն համայնքի վարչական սահմաններում: Միաժամանակ հայտնվում է, որ տարածքն այլ համայնքի վարչական սահմաններում ընդգրկելը ոչ մի կերպ չի ազդում հողի սեփականատերերի իրավունքների վրա, ինչը նշանակում է, որ այդ տարածքում քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը մնում են որպես նրանց սեփականությունը, իսկ մնացած հողերը առաջիկա առնվազն 10 տարիների ընթացքում` որպես պետական սեփականություն»,- ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանին ուղղված գրությունում նշել էր ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Գյուղի բնակիչների հաջորդ դիմումն էլ ուղղված էր ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: «Գայ գյուղն իր ավելի քան 2500 ընտրողներով ճիշտ դիրքորոշում է ցուցաբերել համապետական բոլոր ընտրությունների ժամանակ: Միայն վերջին նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանը գյուղում կրկնակի չափով ավելի ձայն է ստացել, քան մնացած բոլոր թեկնածուները միասին վերցրած»,- նամակում նշել էին գյուղի ավագանու անդամները: Ինչեւէ, ըստ գյուղում շրջանառվող լուրերի` հողատարածքը, որը որոշել են հանձնել հարեւան գյուղին, նախկինում հարուստ է եղել ավազի հանքերով: Այս մասին գյուղացիները խոսում էին վախով: Նրանք համոզված են, որ Շոռքաշվան հարեւանին տալու միտումը մեկն է` գյուղացիներին հնարավորություն տալ որոշ ժամանակ իրենց սեփականաշնորհած տարածքներում «գոյության» պայքար մղել, հետո զրկել` ասելով. «Ձեր սեփականաշնորհած հողերը արդեն սեփականատեր ունենգ»: Իսկ թե ով, երբ եւ ինչպես կշահագործի ավազի մեծ պաշարները, գյուղացիներին դեռ հայտնի չէ, թեեւ, համաձայն որոշ լուրերի` Կառավարության խնամած սցենարի ետեւում դերակատարում ունեն որոշ գեներալներ,,,