Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգու տնօրենն ազդարարեց այգու բացումն ու նշեց, որ վերանորոգվել են կենդանիների վանդակներն ուգ ազատավանդակները: «Ազատավանդակ» եզրի բովանդակությունը հասկանալի է (վանդակում, օրինակ` առյուծն է, վագրը, գայլերը, ազատավանդակում` այծերը, ուղտերը, ավանակները): Սակայն տերմինն ինքը` «ազատավանդակ», այնքան անմիտ ռեւերանս է վանդակներում նվաստ կարգավիճակում պահվող կենդանիներին. եթե վանդակ է, ապա ինչպե՞ս է «ազատ», եթե ազատ է, ինչո՞ւ է «վանդակ»: Արցախի ազատամարտի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Ժիրայր Սէֆիլյանին նախորդ վեց տարիներին մերժվել էր շնորհել ՀՀ քաղաքացիություն: Օրերս Շուշիի քաղաքապետ Կարեն Ավակիմյանը նրան մերժեց նաեւ Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում տալ: Իսկ նման խնդրանքով Շուշիի քաղաքապետին էին դիմել բազմաթիվ մտավորականներ, հասարակական կազմակերպություններ, լրագրողներ, ազատամարտիկներ:
Չանդրադառնալով խնդրի բարոյական կողմին, քանի որ այս դեպքում խնդիրն, ըստ էության, չունի նման կողմ, փորձենք հասկանալ` ի՞նչ է նշանակում որեւէ մեկին չտալ ՀՀ քաղաքացիություն: Նշանակում է` այդ մեկին չտալ խիստ էական իրավունք, որն ունեն Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր քաղաքացիները, զրկել նրան կենսական մի հնարավորությունից եւ պատվաբեր պարտականություններից:
Ի՞նչ արտոնություններ ունի ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը Հայաստանում: Նախ` ՀՀ ապագա քաղաքացին, իր եւ, առավել եւս` իշխանությունների կամքից անկախ, ծնվում է Հայաստանի տարածքում: Եվ կարելի է բարեբախտություն համարել այն, որ ՀՀ Սահմանադրությունը նրան անհապաղ ընձեռում է ապրելու իրավունք: Սա, ի դեպ, միակ իրավունքն է, որից օգտվում ենք, քանի որ (կամ, ավելի ստույգ` քանի դեռ) այն, մեծ հաշվով, իշխանությունների շահերին չի հակասում:
Սահմանադրությունն ու օրենքների հարուստ փաթեթը նախատեսված են կարգավորելու կրթություն, բուժօգնություն ստանալու, սոցիալական ինչ-ինչ իրավունքներ ու պարտականություններ: Թվացյալ հասուն տարիքում վրա է հասնում նույնքան թվացյալ իրավունք` ընտրելու, ապա եւ ընտրվելու իրավունքը: Թե ինչպես ենք մենք` ՀՀ քաղաքացիներս, ընտրում, եւ ինչ անլրջությամբ են մեր ընտրությանը վերաբերվում իշխանությունները, երեւում է այն կոնտինգենտից, ովքեր զբաղեցնում են մեր երկրի պատասխանատու պաշտոնները: Սակայն օրենքները, պատկերացրեք, անարդարության դեմ պայքարելու բազմաթիվ հնարավորություններով են օժտում ՀՀ քաղաքացիներիս: Դրանց հղում անելով` փորձում ես պայքարել իրավունքներիդ համար, ընդդիմանալ: Դա անելիս կարող ես եւ զոհվել, ընկնել բանտ կամ, լավագույն դեպքում, կորցնել հետաքրքրությունը պայքարի հանդեպ: Մեր հասարակության մեջ այսօր դոմինանտ են հենց նման տրամադրությունները: Մարդիկ տեսականորեն դեմ չեն, պատրաստ են օգտվել իրենց ազատություններից, գիտակցում են այդ ազատություններից օգտվելու առավելությունները, սակայն գործնականում ոչինչ չեն անում: Ստացվում է այնպես, որ ՀՀ քաղաքացիներս գիտակցաբար, առանց դիմադրելու` մեր իրավունքները խիստ նեղացրել ենք եւ հաճույքով օգտվում ենք Սահմանադրության ընդամենը առաջին կետից` ապրելու իրավունքից: Այն էլ` ո՛չ բոլորը: Մարտի մեկի տասը զոհերի հարազատները, Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում խոշտանգված եւ մահացած երիտասարդի` Վահան Խալաֆյանի հարազատները, հազարավոր այլ մարդիկ իրավունք ունեն հակառակը պնդելու: Ստացվում է` ՀՀ քաղաքացի լինելը դե ֆակտո ոչ մի արտոնություն չի տալիս նրանց, ովքեր ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր: Այն անգամ չի երաշխավորում քո մայրենի լեզվով կրթություն ստանալու հեռանկարը: Խնդրեմ, ինտերնետում արդեն հայտնվեց տեղեկություն, որ սեպտեմբերի մեկից Պուշկինի անվան դպրոցը դառնալու է ռուսական լիցեյ: Այդ դեպքում ինչո՞ւ է Ժիրայր Սէֆիլյանը փորձում Հայաստանի քաղաքացիություն ստանալ, եւ ո՞ր տրամաբանությամբ են նրան մերժում իշխանությունները:
Խնդիրը պարզ է. ՀՀ քաղաքացիություն ունենալը մեր երկրում իրենից էական բան չի ներկայացնում այնքան ժամանակ, քանի դեռ դու չես ուզում կամ չես կարող օգտվել քաղաքացի լինելու արտոնությունից: Քանի դեռ մենք մեզ շահեկան վիճակում ենք համարում նրանց համեմատ, ովքեր վանդակում են (բանտերում), որովհետեւ մենք ազատավանդակում ենք, բոլորս անարգել կարող ենք մնալ ՀՀ քաղաքացի: Քանի դեռ մենք ուրախությամբ մեր երեխաներին կտանենք Պուշկինի անվան ռուսական լիցեյ` շրջանցելով հայկական դպրոցները, կարող ենք շարունակել մնալ ՀՀ քաղաքացի:
Իսկ Ժիրայր Սէֆիլյանը եւ էլի գուցե շատերը, չունենալով ՀՀ քաղաքացիության ընձեռած «հնարավորությունները», ավելի ազատ են եւ ավելի Քաղաքացի: Սէֆիլյանն ունի մի իրավունք, որից իրենց զրկել են ՀՀ բազում քաղաքացիներ` առանց որեւէ բարձրանուն հեղինակության առաջ կաշկանդվածություն զգալու` ունենալ կարծիք եւ արտահայտել այն: Այսինքն` հանդգնել իրեն ազատ զգալ այն դեպքում, երբ ոչ մեկը նրան նման արտոնություն չի տվել: Եվ նրան քաղաքացիություն չի տրվում ա՛յդ պատճառով. պարզապես նա կսկսի օգտվել իր իրավունքներից: Իշխանությունները նրան քաղաքացիություն չտրամադրելով` ուղղակի զրկել են իր ազատություններից իրավաբանորեն օգտվելու հնարավորությունից: Շուշիի պատվավոր քաղաքացու կոչում չտալը դեսերտն էր` «Շուշիի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատարին հասցնել հոգեբանական հարված:
Իսկ ՀՀ քաղաքացիությունը արդեն դադարել է շնորհ ընկալվելուց: Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակն, ըստ էության, անլուրջ կարգավիճակ է. այն ամրագրված չէ իրավունքներով, արժանապատվությամբ եւ հարուստ է պարտականություններով: Այնպես որ, զրկելով Ժիրայր Սէֆիլյանին եւ` թող որ արմատական հայացքների տեր այլ մարդկանց ՀՀ քաղաքացիություն ստանալու իրավունքից, բազմապատկվում են նույն այդ քաղաքացիությունից կամավոր հրաժարվելու եւ այլ երկրի քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդիկ: