Երեկ խմբագրություն են դիմել Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի 1-ին մասնաշենքի բնակիչները` խնդրելով մեր օգնությամբ ՀՀ իշխանություններին տեղեկացնել իրենց
խնդրի մասին:
Բանն այն է, որ դեռեւս 1990-ականներից սկսած` այդ հանրակացարանում տեղավորված մարդկանցից բոլորն էլ եղել են անօթեւաններ եւ տարիների ընթացքում նշյալ տարածքում կացարան են ստացել տարբեր կարգավիճակներով: Սակայն, քանի որ սենյակները տրամադրվել են որպես ժամանակավոր կացարաններ` վերջիններս դրանց նկատմամբ օրինական փաստաթղթեր ձեռք բերելու հնարավորություն չեն ունեցել: 2008թ. փետրվար ամսին կայացած ՀՀ նախագահական ընտրություններից առաջ այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հանրակացարանների բնակիչներին սենյակները տրամադրվելու են սեփականաշնորհման իրավունքով: Ս. Սարգսյանը որպես գործադիր մարմնի ղեկավար՝ վստահեցրեց, որ հանրակացարաններում, մասնավորապես` Նոր Նորքի ուսանողական ավանում, սեփականաշնորհման գործընթաց է սկսվում: Սակայն մինչ օրս այս խոստումը չի իրականացվել: «Մենք դիմեցինք մամուլի օգնությանը եւ այդ հարցը նորից բարձրացրեցինք: Ընտրվում են թե չէ` մոռանում են իրենց խոստացած ոսկե սարերի մասին: Մեծ աղմուկ բարձրացրինք, բողոքեցինք, բայց սառույցը տեղից ոնց որ շարժվեց»,- ասում են Նոր Նորքի ուսանողական ավանի 1-ին մասնաշենքի բնակիչները: Ինչեւէ, այս տարվա սկզբից հանրակացարանի բնակիչներից պահանջել են սենյակների սեփականաշնորհման համար դիմումներ ներկայացնել: «Մեռանք դիմումներ գրելով ու սպասելով, բայց ինչքա՞ն կարելի է ախր: Արդեն համբերության բաժակը լցվում է: Եթե պետությունը պատրաստ է այդ սենյակներն իր քաղաքացիներին սեփականաշնորհել, ինչո՞ւ չի արվում: Ինչո՞ւ են էսքան ձգձգում, տանում-բերում: Հազար ու մի հոգս ունենք, մեր խնդիրները թողած, ամբողջ օրն իրենց դռներո՞ւմ պիտի լինենք»,- ասում են վրդովված բնակիչները` հայտարարելով, որ օրեր առաջ տեղեկացել են, որ իրականում սեփականաշնորհման գործընթացին խոչընդոտում է «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանը: «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն պատկանում է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայությանը: Բացի փախստականի կարգավիճակ ունեցողներից, հանրակացարանի բոլոր բնակիչներն իրենց զբաղեցրած յուրաքանչյուր սենյակի համար ամսական վճարում են 3000 դրամ վարձավճար: Հետեւաբար, սեփականաշնորհման գործընթացի մասին խոսակցությունների ժամանակ «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանը բոլոր բնակիչներից պահանջել է մարել սենյակների համար նախկինից կուտակված վարձավճարների պարտքերը: «Նա ասաց, որ՝ մինչեւ պարտքերը չփակեք` ոչ մի սեփականաշնորհում չի լինի: Բնակիչներից շատերը սոցիալապես ծայրահեղ վիճակում են եւ ամսական վարձավճարները չեն կարողացել մուծել: Բայց քանի որ սեփականաշնորհման հարց է` բոլորն էլ էստեղից-էնտեղից ճարեցին ու պարտքերը տվեցին»,- վստահեցնում են հանրակացարանի բնակիչները` ասելով, որ արդեն մի քանի անգամ դիմել են Կադաստրի կոմիտե, սակայն պատասխան չեն ստացել: Օրեր առաջ վերջիններս տեղեկացել են, որ սեփականաշնորհման իրավունքով սենյակները բնակիչներին տրամադրելու գործընթացը սառեցվել է: Հանրակացարանի մոտ 22 բնակիչներ երեկ ահազանգել էին մեզ` տեղեկացնելով. «Մեզ ասել են, որ էդ փողերը տեղ չեն հասել: Այսինքն` մենք վճարել ենք մեր զբաղեցրած սենյակների պարտքերը, բայց «Հանրակացարաններ» ՓԲԸ տնօրեն Հ. Սեդրակյանն էդ գումարները յուրացրել է: Եթե «Հանրակացարաններ» ՓԲԸ-ն պատկանում է Տարածքային կառավարման նախարարությանն, ուրեմն` էդ փողերը պետք է բյուջե մտներ, բայց, փաստորեն, մենք վճարել ենք, իսկ պետությանը դեռ չի հասել: Մենք վստահ ենք, որ էդ փողերը կերել են, դրա համար էլ մեր գործն էսպես ձգձգվում է»,- ասում են բնակիչները: Հանրակացարանի բնակիչ Զարիկ Հարությունյանն ուսանողական ավանի 1-ին մասնաշենքում 1999թ. սենյակ է ստացել ամուսնու` Հայրենական պատերազմի մասնակից լինելու եւ անօթեւան կարգավիճակ ունենալու համար: Այնուհետեւ երկու տարի առաջ մի սենյակ էլ Զ. Հարությունյանին, որպես ծնողազուրկ երեխայի խնամակալի, սենյակ է հատկացրել այն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Զ.Հարությունյանը ամսական 6000 դրամ վճարում է զբաղեցրած սենյակների համար, չնայած, ըստ նրա` ծնողազուրկ ծոռնիկին սենյակը տրամադրել է պետությունը, հետեւաբար դրա համար վարձավճար չպետք է գանձեին: «Սեդրակյանն ասաց` նախկին բոլոր պարտքերը մարեք, որ սեփականաշնորհենք: Ես ոչ մի պարտք չունեմ, բայց արի ու տես, որ էս տարիքիս պիտի վազվզեմ դռնից դուռ: Խաբելով ման են գալիս, ինչքա՞ն կարելի է: Հիմա էլ պարզել են, որ մեր վճարած փողերը բյուջե չի մտել, դրա համար էլ քաղաքապետարանից սեփականաշնորհման գործընթաց չեն սկսում: Ես 80-ն անց հիվանդ կին եմ, որբ երեխայի խնամակալ, վաղը մյուս-օրը որ մահանամ, երեխան փողոցում է հայտնվելու: Գոնե սեփականության վկայականը տան, որ կարողանամ նվիրատվություն ձեւակերպել եւ հանգիստ խղճով մահանալ: Ես սկսում եմ մտածել, որ էս ամեն ինչի մեջ միտում կա: Սեդրակյանը կձգձգի էնքան, մինչեւ մեռնեմ, իսկ երկու սենյակը կվաճառի ու երեխային որբ կթողնի»,- ասում է Զ. Հարությունյանը, ում հետ համաձայն են շենքի թվով 22 բնակիչներ:
Մենք զանգահարեցինք Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ենթակայության տակ գտնվող «Հանրակացարաններ» ՓԲԸ գործադիր տնօրեն Հ. Սեդրակյանին: Վերջինս տեղեկացրեց, որ հանրակացարանի սեփականաշնորհման գործընթացը ոչ միայն չի կասեցվել, այլեւ ժամանակի ընթացքում բնակիչներից ոմանք ձեռք են բերել սեփականության վկայական: Ինչ վերաբերում է սեփականաշնորհումը ձգձգելու հետ կապված բնակիչների մտահոգություններին, ապա Հ.Սեդրակյանը տեղեկացրեց, որ գործընթացը պահանջում է բոլոր պետական համապատասխան կառույցներով ստուգել, ճշտել ներկայացված փաստաթղթերը, ինչն էլ երկար ժամանակ է պահանջում: «Սեփականաշնորհման առաջին էտապը մեկ տարի տեւեց, ինչի արդյունքում 15 ընտանիք արդեն ձեռք է բերել վկայականներ: Այսինքն` դանդաղ գործընթաց է, որովհետեւ փաստաթղթերը ներկայացվում են քաղաքապետարան, Արդարադատության նախարարություն, կադաստրային մարմին եւ այլն: Այդ անհանգստությունն անտեղի է, որովհետեւ գործընթացը շարունակվում է»,- մեզ հետ զրույցում վստահեցրեց Հ. Սեդրակյանը: Իսկ ինչ վերաբերում է բնակիչների կողմից իրեն հասցեագրված մեղադրանքին, թե` յուրացրել է սենյակների վարձավճարները, ապա Հ. Սեդրակյանը դա համարեց անհիմն` ասելով, որ «Հանրակացարաններ» ՓԲԸ վարձավճարների ավելացված արժեքի հարկը մուտք է անում բյուջե: Նա բնակիչներին հորդորեց նման ստահոդ տեղեկություններ չտարածել եւ համբերությամբ սպասել սեփականության վկայականների տրամադրմանը: