«Արարատից՝ Սիոն» վավերագրական ֆիլմը, որը 2 օր առաջ ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում, մինչ պրեմիերան մեծ արձագանք էր ստացել։
Երկու առասպելական լեռների՝ Արարատի ու Սիոնի մոգական (անբացատրելի, սակայն, միեւնույն ժամանակ, բացատրության կարիք ունեցող) կապը որպես ֆիլմի վերնագիր օգտագործելու փաստն ինքնին արդեն հուշում էր, որ ֆիլմում բացահայտվելու է հայերի ներկայությունը Ավետյաց երկրում ու այն հարստությունը, որը մեր նախնիները ստեղծել են Երուսաղեմում ու որին մենք՝ նրանց հետնորդները, ոչ միայն տեր չենք կանգնում, այլեւ՝ այդ հարստության մասին նույնիսկ տեղեկանալ չենք շտապում։ Իսկ Երուսաղեմում մենք շատ հարստություն ունենք, եւ դա ոչ միայն շոշափելի արժեք ունեցող շինություններն ու տարածքներն են, այլեւ՝ հուշերն ու, ինչպես ասվում է ֆիլմում, դարերի ընթացքում այդ քաղաքում կուտակված հայերի աղոթքների արձագանքները։
Երուսաղեմը մեր մոլորակի ամենախոշոր էներգետիկ կենտրոնն է, որը նման է տարբեր ազգերի, կրոնների, պատմական շերտերի մի պայթյունավտանգ խառնարանի: Այդ քաղաքը, խաղաղության սիմվոլ լինելով, միշտ պատերազմական վիճակում է գտնվում։ 4-րդ դարից սկսած հայերը եկել-հասել են Ավետյաց երկիր, կառուցել, ստեղծել ու ամրապնդվել են։ Երուսաղեմի 4 խոշոր թաղերից մեկը հայկական է, հայերը նաեւ քրիստոնեական գլխավոր սրբատեղիների իրավապահներից մեկն են (այդ պատվավոր իրավունքը կիսելով լատին կաթոլիկների ու ուղղափառ հույների հետ) եւ ամեն օր իրենց լեզվով պատարագ մատուցելու իրավունք են ձեռք բերել: Այդ մասին մենք գիտենք, սակայն աշխարհը չգիտի, չէ՞ որ պատերազմները շարունակվում են ոչ միայն իրական ռազմի դաշտում, այլեւ՝ ինֆորմացիոն տարածքում։ Իսկ հայկական հետքը Իսրայելում իրոք ոչնչացման վտանգի տակ է, այս «պատերազմում» մենք անընդհատ նահանջում ենք։ Եվ «Արարատից՝ Սիոն» ֆիլմը փորձում է ինֆորմացիոն այդ բացը լրացնել՝ հասցեագրվելով հատկապես միջազգային լսարանին։ Ֆիլմի հեղինակները ֆիլմը ստեղծելիս սկզբունքային մոտեցումով են ուղղորդվել, որոշելով, որ մեր մասին պետք է ոչ թե մենք՝ ինքներս, այլ օտար աղբյուրները փաստեն։ Այդ պատճառով էլ ֆիլմում բացակայում են հայ պատմիչների, հոգեւորականների, պատմաբանների ու հնէաբանների մեկնաբանություններն ու հղումները։ Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը կտրուկ բացատրություն է տալիս. «Թող մեր մասին խոսեն հրեաները, իտալացիներն ու այլազգի մասնագետները, դա հատուկ դիրքորոշում է։ Երբ, օրինակ, նկարահանում էինք հրեա հնէաբանի խոսքը, ես նույնիսկ պնդեցի, որ դա ոչ թե անգլերեն տեքստ լինի, այլ եբրայերեն»։
«Արարատից՝ Սիոն» ֆիլմը նախատեսվում է ցուցադրել անգլիական, ռուսական ու այլ երկրների հեռուստատեսությամբ, եւ հենց դրանով է պայմանավորված նման խիստ մոտեցումը։ Բավական բարդ է հասկանալ ֆիլմի ժանրը, այն ինֆորմացիայով գերհագեցած ճամփորդական նոթերի տեսք ունի, որը սիմվոլիստական շրջանակում է ստացել։ Ֆիլմը սկսվում ու ավարտվում է ստեղծագործական խմբի՝ դեպի Արարատի գագաթ կատարված վերելքի կադրերով։ Ֆիլմի հեղինակները նշում են, որ սրբավայր դարձած լեռների անունները կողք կողք դնելով՝ փորձել են երկու լեռների լուռ երկխոսություն ներկայացնել։ Ուշագրավ է, որ այդ լեռները մեզ չեն պատկանում, ինչպես, թերեւս, մեզ չի պատկանում այն հարստությունը, որը դարեր առաջ թողել ենք Սիոնի վրա եւ որին այլեւս տեր չենք կանգնում։
«Եկեք նայենք, թե ինչ ենք կորցրել, այլ ոչ թե հպարտանանք, թե ինչ ունենք։ Իսկ այն, ինչը մենք ստեղծել ենք` մեզ չի պատկանում»,- ասում է Է. Բաղդասարյանը: Երուսաղեմում բարդ իրավիճակ է, նույնքան խճճված ու բարդ մթնոլորտում ենք գտնվում մենք եւ մեր եկեղեցին։ Լինելով անասելի հարուստ, Երուսաղեմի հայկական եկեղեցին կարծես ներքին փտման պրոցեսում է գտնվում, ինչն ազդում է ողջ հայկական համայնքի քանակի ու կյանքի որակի վրա։ Սակայն «Արարատից՝ Սիոն» ֆիլմն այդ մասին չէ, ֆիլմի ֆորմատի համաձայն՝ ներկայացվում են միայն քրիստոնեական պատմական փաստերն ու հայերի լինելիության ապացույցները։ «Երբեմն փոքր ժողովուրդները իրականացնում են զարմանալիորեն մեծ, իրենց սահմաններից դուրս համամարդկային առաքելություններ։ Այդպիսին է հայերի ներկայությունը Սուրբ Երկրի ժառանգության մեջ։ Ֆիլմը արժանապատվության կոչ է հայ մարդուն՝ փոքրության բարդույթից դուրս գալու ու սեփական պատմության տերը դառնալու»,- ասվում է ֆիլմի հայտագրում։ Ծանոթանալով պատմական փաստերի հետ, կարող ես ցավ ապրել, հիանալ ունեցածով, սակայն տեր կանգնելու գործընթացի վրա ազդեցություն ունենալ չես կարող, քանի որ այն կախված է մեր հոգեւոր սպասավորներից (փաստացի երուսաղեմյան ունեցվածքը եկեղեցական է)։
Ֆիլմի անոնսում հայտարարվում է, որ ֆիլմի հերոսը հայ ուխտավորն է, որն իրեն «մահտեսի» (մահ տեսած) է կոչում, քանի որ ձգտել է Տիրոջ մահվան խորհուրդը ընկալել եւ միաժամանակ՝ հաճախ սեփական մահն է գտել ուխտագնացության ճանապարհին։ Ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, որ հերոսն ուխտավոր չէ, այլ՝ ինֆորմացիան է, իսկ էկրանից հորդող փաստերի, անունների, թվերի ու իրադարձությունների միջից ուխտավորի կերպարը հազիվ է նշմարվում։ Մանրազնին ու հետեւողականորեն ներկայացվում են հայերի թողած բոլոր հետքերը, որոնք արխիվացված են մենաստաններում, քարակերտ արձանագրություններում, դամբարաններում, գրադարաններում, անապատներում, ժայռերի բեկորների վրա։
Պետք է նշել, որ ֆիլմը շատ գեղեցիկ ձայնային ձեւավորում ունի եւ խորհրդանշական խոսքերով է սկսվում՝ «Ցանկացած սկիզբ ուղի է»։ Դիտողն էլ անցնում է այդ քրիստոնեական փաստերի ուղով, իսկ ֆիլմի ֆինալում նրան առաջարկվում է ընդունել նաեւ, որ «Ցանկացած ուղի սկիզբ է»։ Արանքում դարեր են ու դատարկություն։ Վաղուց արդեն Երուսաղեմում հայկական ներկայությունը չի ավելանում, այլ ընդհակառակը՝ դանդաղորեն ջնջվում ու անհետանում է։
Կրոնի ու մշակույթի բարդ փոխհարաբերությունները
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ «Արարատից՝ Սիոն» ֆիլմը ստեղծվել է հոգեւոր սպասավորի ջանքերով։ Այսինքն` հենց Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչն է զգացել կինոյի ուժն ու փորձել օգտագործել այն։ Ֆիլմի սցենարի հեղինակ եւ պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը շեշտում է, որ ֆիլմը մեր վնասված ինքնության մասին է։ Եվ հարկավոր է ինքնամաքրման, ինքնաճանաչման, սեփական էությունը հասկանալու ճանապարհ անցնել։
«Մենք շատ քիչ դիմանկարային ֆիլմեր ունենք, որոնք կարող են ներկայացնել մեզ աշխարհին: Իսկ այս ֆիլմը կարող է հայ ժողովրդի կինոանձնագիրը համարվել»,- ֆիլմի պրեմիերայից առաջ ասաց նա։ Այդ խոսքերը շատ գեղեցիկ են հնչում, սակայն նաեւ շփոթմունք են առաջացնում հանդիսատեսի մոտ, քանի որ վավերագիր փաստի (քրիստոնյա լինելու մեջ) ու ինքնության վերգտնման միջեւ բավական մեծ տարբերություն կա։ Վերգտնումը էմոցիոնալ աշխատանք է, որը կարող է սկսվել քրիստոնեություն ընդունելով, սակայն դրանով ավարտվել չի կարող։
Վնասված ինքնություն ունեցող քրիստոնյաները նույնքան շատ են, որքան աթեիստ գյուղացիները կամ էլ սատանայի հետ գործարք կնքած մտավորականները։ Կրոնը ինքնության որոնումների բաղադրիչներից է, սակայն ոչ երբեք՝ միակն ու անփոխարինելին, ինչպես հուշում է «Արարատից՝ Սիոն» ֆիլմը։
Ինքնությունը ձեւավորվում է այն մշակութային տարածքում, որը ստեղծվում է մարդու շուրջ ու պարբերաբար կամ շշնջում նրա ականջին, կամ էլ ուղղակի աղաղակում է արվեստի ստեղծած գույների, գծերի, հնչյունների մասին։ «Արարատից՝ Սիոն» ֆիլմում, օրինակ, ընդամենը մի քանի վայրկյան ցուցադրվում է հայ ազգի ամենամեծ հարստություններից մեկը՝ նրբագեղ խճանկարը, որի ոլորապտույտ զարդանախշերի մեջ կոդավորված, մեկընդմիշտ արխիվացված են հայկական տառերը։ Դա մեր առաջին հայատառ գրությունն է, որի հետ ծանոթանալով` ես պատրաստ եմ հիացմունք ապրել ու հպարտորեն ասել, որ հայ եմ։ Թորոս Ռոսլինի մանրանկարները ֆիլմում նույնպես հպանցիկ են ցուցադրվում՝ պարզապես նշվում է, որ դրանք ստեղծվել են եկեղեցու պատվերով։ Մինչդեռ եկեղեցու մեծությունը հենց այդ պատվերի գիտակցումն է։ Կրոնն ու արվեստը հաճախ են բախման մեջ հայտնվում, սակայն ավելի կործանիչ է, երբ եկեղեցին անտարբեր է արվեստի նկատմամբ։ Դա նշանակում է, որ այն անտարբեր է նաեւ մարդու նկատմամբ։ Եվ միգուցե մեր բարդույթներն ու թերի ինքնությունը ձեւավորվել են այն տարիներին, երբ եկեղեցին անտարբեր դարձավ մարդու հանդեպ։ Եվ սկսվեց ոչ թե վերելքի, այլ կորուստների շղթան։
Է. Բաղդասարյանը վստահ է, որ կրոնն ու մշակույթը անբաժանելի են։ «Երբ չունեինք պետականություն, եկեղեցին ամեն ինչի խտացումն էր։ Հայերը Երուսաղեմում արյուն չեն թափել, այլ դպրոցներ, հիվանդանոցներ են կառուցել ու երեխաներ են կրթել։ Այդ ճանապարհով են նրանք ինքնություն գտել։ Իսկ այսօրվա Հայաստանում, օրինակ, մեր եկեղեցին նախարարության է վերածվել, իսկ կաթողիկոսն իրեն նախարար է համարում։ Այդ ամենի մեջ մենք ինքներս ենք մեղավոր։ Մեր ֆիլմով մենք կենդանի մարդկանց պատմություն պատմեցինք, եւ թող յուրաքանչյուր մարդ ֆիլմի օգնությամբ ինչ-որ բան բացահայտի իր մեջ»,- ասում է ռեժիսորը։
Ցանկացած դիտող ակամայից փորձում է հասկանալ եկեղեցու այսօրվա դերակատարությունն ու նրա հեղինակության անկման պատճառները։ Թերեւս ճիշտ է, որ ցանկացած ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Նաեւ հոգեւոր իշխանավորներին։
Ո՞վ կարող է վստահ ասել, որ մեր բոլոր հոգեւորականները ոգու խաղաղություն ունեցող ու սեփական ինքնությունը գիտակցող մարդիկ են, որոնք պատրաստ են հրաժարվել նյութական հարստությունից (խանութներից, երթուղային գծերը տնօրինելուց, կալվածքներ ունենալուց, իշխանության սպասավորները դառնալու բարեբեր գայթակղությունից)՝ ընտրելով ասկետիկ պահվածքը կամ, ինչպես մանրամասն նկարագրվում է ֆիլմում՝ ժամանակ առ ժամանակ ճգնավորի կյանքով ապրելով։ Անապատային վանականությունը, որին ֆիլմում մեծ տեղ է հատկացված` ինքնության ճամփա չէ, քանի որ այն արդեն փակ է, եւ ոչ մի հայ վանական չի գնում անապատ՝ ճգնելու։ Ինչպես նաեւ հազվադեպ է գյուղեր գնում՝ դասավանդելու կամ ֆիլմեր նկարահանելու։
Ուշագրավ է, որ «Արարատից՝ Սիոն» ֆիլմը, արդեն մի քանի օր է, դահլիճ է հավաքում։ Նույնիսկ խորհրդային տարիներին (երբ զարգացած կինոցանց կար) հայկական վավերագրական ֆիլմերը երբեք լայն «պրոկատի» չեն արժանացել։ Իսկ դա շատ կարեւոր ցուցանիշ է. մարդիկ ուզում են տեսնել պատմությունը։ Ընդ որում՝ ֆիլմի ստեղծագործական խումբը 4 տարիների ընթացքում այցելելով Իսրայել, Եգիպտոս, Թուրքիա` հսկայական ծավալի տեսանյութ է նկարահանել։ Եվ միգուցե այդ նյութերը հետագայում բազմասերիանոց ֆիլմաշար կդառնան եւ հայաստանցուն՝ հայաստանցու ինքնություն ունենալու մասին կավետեն։
Չէ՞ որ ինքնության որոնումները սկսվում են կրոնից, սակայն երբեք միայն կրոնով չեն սահմանափակվում։ Մեկ-մեկ էլ այդ որոնումներն արդյունք են ունենում, եւ մարդիկ կարողանում են ոչ միայն սարեր բարձրանալ, այլեւ սարեր շուռ տալ։ Փոխաբերական իմաստով, իհարկե։ Ինչը պակաս կարեւոր չէ, քան քարոզը։