Աչքը եւ ժողովրդական բուժամիջոցները
Մաշկն այս հատվածում լուրջ ծանրաբեռնվածություն է կրում, քանի որ անընդհատ գտնվում է շարժման մեջ` աչքերը թարթում են, կկոցում են, ծիծաղում են, ուստի շատ վաղ հասակում այդ հատվածում կնճիռներ են առաջանում: Իսկ այդ դեպքերում դժվար թե քսուքներն օգնեն երիտասարդ մնալու համար: Ավելի կարեւոր է պայքարել անքնության ու սթրեսների դեմ, թողնել ծխելը: Անհրաժեշտ է շատ լինել մաքուր օդում եւ օգտագործել վիտամիններ: Շատ պայծառ լուսավորության դեպքում պետք է ոչ միայն ամռանն օգտագործել մուգ ակնոցներ, այլեւ` ձմռանը: Դա հատկապես շատ կարեւոր է վարորդների համար: Կոպերի համար նախատեսված քսուքներով մերսումը նույնպես շատ օգտակար է: Այն կարելի է օգտագործել ցանկացած տարիքից, իհարկե, եթե դրա կարիքը զգացվում է: Որպես կանոն, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս նման քսուքներ օգտագործել 25 տարեկանից հետո: Աչքերի դեպքում ոչ միայն կարեւոր է քսուքը, այլեւ այն, թե ինչպես այն կօգտագործվի: Որպեսզի կանխենք կնճիռների վաղաժամ առաջացումը, պետք է քսուքները քսել ձեռքի ճիշտ շարժումով` ներսից դեպի դուրս տանելով:
Շատերին անհանգստացնում են աչքերի շուրջ առաջացած սեւ շրջանակները: Դրանք անքնության, հոգնածության ու ծխելու արդյունք են: Համակարգչի առջեւ երկար նստելը նույնպես նպաստում է դրանց առաջացմանը: Իհարկե, հնարավոր են նաեւ ավելի լուրջ խնդիրներ, որոնց դեպքում պետք է դիմել բժշկի: Բացի այդ, պետք է հրաժարվել կծու եւ թթու սննդից: Նման դեպքերում շատ լավ օգնում են սամիթի, երիցուկի թրջոցները (1 թեյի գդալին 1 բաժակ ջրի հարաբերությամբ):
Շատերն անհանգստանում են նաեւ այտուցված կոպերից: Եթե դա հաճախակի բնույթ է կրում, ապա պատճառը կարող են երիկամները լինել, եւ պետք է դիմել բժշկի: Սակայն կոպերը կարող են այտուցվել նաեւ առողջ մարդկանց մոտ` գերհոգնածությունից ու անքնությունից: Այսպիսի այտուցվածությանը շատ լավ օգնում են սառցե դիմակները, որոնք պատրաստված են պլաստիկից ու լցված են հատուկ գելով, եւ պահվում են սառնարանում: Անհրաժեշտության դեպքում այն մի քանի րոպե դնում են փակ կոպերին: Աչքերի առավոտյան այտուցվածությանը շատ լավ օգնում է թեյի սառը թրջոցը:
Աչքի լոգանքները բորբոքումն ու հոգնածությունը հանելու կարեւոր ու լավագույն միջոց են: Անհրաժեշտ է բաժակի մեջ լցնել երիցուկի, մաղադանոսի, անանուխի կամ սեւ թեյի եփուկ, աչքին կիպ կպցնել բաժակը, գլուխը հետ գցել եւ այդ դիրքում աչքը բաց ու խուփ անել, կրկնելով 8-10 անգամ: Այսպիսով, ասես, աչքի խնձորակը «լողանում» է լուծույթի մեջ: Վերջում, բացելով աչքերը, պետք է մի քանի շրջանաձեւ շարժումներ անել ձախ ու աջ:
Մութ սենյակում չի կարելի հեռուստացույց դիտել. դրանից աչքերը շուտ հոգնում ու կարմրում են: Աչքերի հոգնածությունն անցկացնելու համար կարելի է թանզիֆը թրջել սառը կաթի մեջ, թեթեւակի քամել եւ դնել փակ աչքերի վրա: Նույն կերպ կարելի է դնել անանուխի, երիցուկի, սամիթի կամ մաղադանոսի թրջոցներ:
Աչքերի տակի «պարկերի» վերացման համար խորհուրդ է տրվում քերիչով անցկացնել 1 կարտոֆիլ, կամ վարունգը կտրատել օղակաձեւ, եւ դրանցից որեւէ մեկը դնել թանզիֆի վրա ու դնել աչքերի «պարկերին» եւ պահել 30 րոպե: Հաճախակի կրկնելու դեպքում պարկերը կնվազեն ու կանհետանան:
Ի դեպ, պառկած կարդալու ժամանակ աչքերն ուղղվում են վեր, եւ աչքի մկաններն ավելորդ լարվում են: Այս դիրքով կարդալը հատկապես վնասակար է երեխաներին, քանի որ նրանց տեսողությունը դեռ ձեւավորման ընթացքում է, եւ կարող է շատ արագ կարճատեսություն զարգանալ:
Պետք է խստորեն պահպանել աչքերի հիգիենան. յուրաքանչյուր 45 րոպե աշխատելուց հետո (մանավանդ համակարգչի առջեւ) հանգիստ տալ աչքերին, այդ ընթացքում կատարել հատուկ վարժություններ: