Բանկերը միտումնավո՞ր են սնանկացնում գյուղացուն

07/05/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Լայնորեն գովազդվող գյուղական վարկերի պատճառով ներկայումս հարյուրավոր մարդիկ հայտնվել են դատարաններում: Նրանցից շատերն արդեն կորցրել են իրենց սեփականությունն ու ողջ ունեցվածքը` բանկային տոկոսադրույքների տակից դուրս գալու համար:

Ճգնաժամային տարում գյուղացիներից շատերը անճարությունից դրդված` առեւտրային բանկերից ու վարկային կազմակերպություններից վարկ վերցրեցին` դրա դիմաց գրավ դնելով իրենց ունեցածը` տունը, գյուղտեխնիկան կամ, որ ավելի քիչ է հանդիպում` հողատարածքը (հատկապես լեռնային վայրերում դրանք շատ ցածրարժեք են): Գիտակցելով, որ մինչեւ 28 տոկոս տարեկան տոկոսադրույքով տրվող վարկը գյուղացու համար շատ ծանր բեռ է, այնուամենայնիվ, այլ ելք չունենալով` շատերը դիմեցին բանկերին: Անգամ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք կայուն եկամտի աղբյուր ունեն, խուսափում են նման տոկոսադրույքով տրվող վարկերից, իսկ հող մշակող գյուղացու համար այն պարզապես հավասար է թալանի: Գաղտնիք չէ, որ ՀՀ առեւտրային բանկերը միջազգային ֆինանսական կառույցներից գումարներ են ներգրավում առավելագույնը` տարեկան 4-5, վատագույն դեպքում` 8-10 տոկոսով, սակայն այն տեղաբաշխում են մինչեւ 28 տոկոսով: Նշենք նաեւ, որ գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերը կարճաժամկետ են` առավելագույնը 5 տարի մարման ժամկետով: Հասկանալի է, որ նման պայմաններով տրվող վարկը ոչ թե աջակցում, այլ կեղեքում է գյուղացուն: Վերջերս խնդիրը բարձրացվել է նաեւ Ազգային ժողովում, սակայն որեւէ արձագանք չի ստացել: Խնդրի վերաբերյալ մեզ հետ զրույցում կարծիք հայտնած պատգամավորներից ոմանք նույնիսկ բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից գյուղացուն թալանելու միտում են տեսնում: ԱԺ պատգամավոր, անկուսակցական Լյովա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասում է. «Դա վարկ չի, դա նախօրոք ծրագրված թալան է: Բանկերը ի սկզբանե համոզված են, որ գյուղացիները աշխատանք չունեն եւ չեն կարողանալու այդ գումարները հետ վերադարձնեն: Չնայած դրան` նրանք, առանց գնահատելու ռիսկերը, վարկերը տալիս են: Գյուղացին այսօր ոչ աշխատանք ունի, ոչ իր մշակած հողն է եկամտաբեր, ոչինչ չունի, միայն մի տուն ունի, այն էլ` բանկը գրավ է վերցնում, իսկ երբ գալիս է վերադարձնելու ժամանակը` սկսում են դատարանով մարդկանց տներն ու ունեցվածքը խլել: Կողքին էլ իրենց մարդը կանգնած է ու միանգամից առնում է այդ տունը: Այսպես գյուղացին կորցնում է տուն ու տեղն ու դառնում է գաղթական: Սա բանկերի կողմից ոչ թե գյուղացուն օգնելու, այլ` թալանելու ծրագիր է: 24 տոկոսով վարկ են տալիս, 1 տոկոս էլ թղթերի ձեւակերպման համար են վերցնում ու 3 տոկոս էլ` բանկի հաշվեհամարը պահելու համար, ստացվում է, որ վարկը տրվում է 28 տոկոսով: Էդ ի՞նչ պետք է գյուղացին անի, որ այդ վարկը փակի: Ուրեմն միտումնավոր ու դիտավորյալ են այդպես աշխատում: Նման ձեւով տրվող վարկը պետք է չվերադարձվի: Բայց մենք այդպիսի օրենք չունենք: Ես իրավաբանների եմ դիմել ու խնդրել եմ, որ օգնեն մի հայեցակարգ մշակենք` այդ մարդկանց օգնելու համար: Եթե հնարավոր լինի ապացուցել, որ այդ վարկերը տրվել են դիտավորյալ ու հանցավոր միտումով, ապա այդ վարկերը պետք է չվերադարձվեն»,- ասում է Լ. Խաչատրյանը: Ըստ պատգամավորի, պետք չէ նաեւ մեղադրել գյուղացուն`վարկ վերցնելու համար, քանի որ նրան ծայրահեղ կարիքն է դրդել. «Մարդու երեխան կամ հարազատը հիվանդանում է, 50 հազար դրամ մեկից պարտք է վերցնում, չի կարողանում վերադարձնել, մեկ էլ գնում է մեկ ուրիշից է վերցնում, բերում տալիս է էս մեկին, հետո գնում է մի 100 հազար տոկոսով վերցնում է, տոկոսը չի կարողանում տա, ու ընկնում է բանկի դռները: Լեռնցի ժողովուրդ են, իրենց պարտքը պիտի փակեն, նամուսները չի թողնում, որ չփակեն: Ու այդպես ընկնում են շրջապտույտի մեջ, իսկ բանկերն էլ` օգտվում են նրանց նեղ վիճակից ու նման աստղաբաշխական տոկոսներով վարկ են տալիս ու տիրանում գյուղացու ունեցվածքին»: Ըստ Լ. Խաչատրյանի, գյուղացին ծայրահեղ աղքատ վիճակում է հայտնվել նաեւ այն պատճառով, որ չի կարողանում իր մթերքը շուկայական գնով վաճառել: «Մարդիկ տոկոսի տակ են, ստիպված ինքնարժեքից ցածր գնով վաճառում են իրենց բերքը: Հացահատիկի ռեալ գինը 150-180 դրամ է, բայց գյուղացուց գնում են 80 դրամով: Ապարանի շրջանում արդեն 50 ընտանիք հողերը հանձնել են համայնքին»,- ասում է նա:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանի կարծիքով էլ՝ այս խնդրի նկատմամբ անտարբեր լինելու իրավունք չունեն ոչ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը: Նա ասում է.«Մեր ազգաբնակչության մոտ 70 տոկոսը գյուղացիներն են, եւ մենք պարտավոր ենք հետամուտ ու սրտացավ լինել նրանց խնդիրներին: Այս դեպքում մի կողմից՝ ուղղակի առնչվում ենք ազգի եւ պետության պարենային անվտանգության, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հետ, մյուս կողմից էլ` գյուղվարկերը տրվել են առեւտրային բանկերի կողմից, որոնք ինքնուրույն տնտեսվարող կազմակերպություններ են։ Սա կոշտ եղանակով լուծելի հարց չէ: Սակայն, մի բան հստակ է, պետությունը պարտավոր է կարգավորիչ դերակատարություն ստանձնել: Գաղտնիք չէ, որ դրսից 5-6 տոկոսով օտարերկրյա կապիտալ են բերում եւ ստրկական տոկոսադրույքներով տրամադրում են ազգաբնակչությանը: Կառավարությունը եւ մասնավորապես Կենտրոնական բանկը պարտավոր է միջամտել այս գործընթացին: Երբ որ ԿԲ-ն տեսնում է, որ իր երկրում շրջանառության մեջ են դրվում 24 տոկոսով եւ կարճաժամկետ`5 տարով գյուղացիական վարկեր, ինքը պարտավոր է միջամտել: Նույնը վերաբերում է երիտասարդ ընտանիքների հիպոթեքային վարկավորմանը: Այսօր ո՞ր երիտասարդ ընտանիքը 350 հազար դրամ ամսական եկամուտ ունի, որ կարողանա հիպոթեքային վարկ վերցնել: Կարծես մարդկանց ծաղրեն. արժանապատվություն վիրավորող եւ որեւէ տրամաբանության մեջ չտեղավորվող իրողության հետ գործ ունենք:

Սա նուրբ գործ է, մի կողմից՝ չպետք է գործ ունենանք բանկային կուլակաթափության հետ, մյուս կողմից` պետք է հասկանանք` արդյո՞ք բանկերը չեն օգտվում իրենց մենաշնորհային դիրքերից: Արդյո՞ք բարեխիղճ է էժան կապիտալները բերել մեր բանկային շուկա, եւ դրա քառապատիկի չափով, առավելագույնը 5 տարի ժամկետով, վարկավորել մեր գյուղացուն»:

Ըստ Լ. Գալստյանի՝ Համաշխարհային բանկային պրակտիկայում նման ստրկացնող տոկոսադրույքներ չկան: «Երբ եվրոպական երկրների փորձն ենք նայում, ասենք, Իսլանդիայում, Հոլանդիայում եւ այլն, ելնելով իրենց ներքին արտադրողի շահից, նույնիսկ համաֆինանսավորման մեխանիզմն է կիրառվում: Շատ լավ իմանալով, որ տվյալ տարում այդքան հացահատիկի կամ ճակնդեղի կարիք չունեն, միեւնույն է` պետությունը գնում է այն իր գյուղացուց` նրա շահը, երկրի կայունությունն ու սոցիալական համերաշխությունը պաշտպանելու համար: Բա մենք տնտեսական հայրենասիրություն է՞լ չունենանք: Մենք չպետք է հարկադրենք գյուղացուն, որ թողնի իր հողն ու այս երկրից գնա: Մի կողմից՝ կարկուտը, անձրեւն ու ցրտահարությունը, մյուս կողմից՝ գյուղտեխնիկայի բացակայությունն ու թունաքիմիկատները, որոնք վերջին 3 տարում ավելի քան 80 տոկոսով թանկացել են, խեղճ գյուղացուն մոլորեցնում ու գետնաքարշ են դարձնում: Վաղը այդ անպաշտպան գյուղացին կգնա Ռուսաստանում կաշխատի, ու դրա դիմաց 5 անգամ էլ ավելի կհատուցվի, իսկ մենք ամեն ինչ անում ենք մարդուն հողից վանելու համար, հետո էլ խոսում ենք հայրենիքի սահման պաշտպանելու մասին»: Պատգամավորի կարծիքով, ստեղծված իրավիճակում, երբ բազմաթիվ մարդիկ չեն կարողանում վերադարձնել վարկն ու հայտնվել են դատարաններում, պետության դերը շատ կարեւոր է: «Ինչ է` մենք լուծարված պետության մե՞ջ ենք ապրում, թե՞ Զիմզիմովների դարաշրջանում: Պետությունը պետք է զսպաշապիկ կիրառի բանկերի նկատմամբ: Խեղճ գյուղացին անճարակությունից դրդված` լավատեսորեն գնացել վարկ է վերցրել: Բայց չէ՞ որ պետությունը պարտավոր է պաշտպանել գյուղացուն ու բացատրել, որ 24 տոկոսով վարկը նշանակում է՝ ինքնադատապարտում, որ նա տուն ու տեղը ծախի` այդ վարկի տակից դուրս չի գա: Կարծում եմ, խնդիրը պետք է համակողմանիորեն քննարկվի` բոլոր սրտացավ, շահագրգիռ կողմերի միջեւ, որպեսզի կարողանանք հասկանալ խնդրին լուծում տալու ճանապարհը»: