Հայաստանի նորագույն պատմությունն ինչ-որ իմաստով պետական կառավարման մարմինների դեմ պայքարի պատմություն է: Ավելի ճիշտ, պետական կառավարման մարմինների կրճատման ծրագրերի պատմություն: 90-ականների սկզբից ամենաարդիական թեման կառավարման մարմինները բեռնաթափելն է: Ավելորդ ու անարդյունավետ հաստիքներից բեռնաթափելը: 4-5 տարին մեկ հարազատ իշխանությունները բարձրացնում են այս խնդիրը: Բարձրացնում ու հայտարարում են, որ այսուհետ մեզ ավելի էժան են ղեկավարելու: Այսինքն՝ կրճատելու են պետական ապարատը: Ամեն անգամ ապարատի 20-30 տոկոսանոց կրճատում են խոստանում: Բայց հայտարարված ծրագրերի կատարման մասին երբեք հասարակությանը տեղյակ չեն պահում: Այլապես հասարակությունը իր տրամադրության տակ իրական փաստեր կունենար: Փաստեր, որ կառավարման ապարատի կրճատման դեմ պետության անողոք պայքարն ի վերջո հանգեցնում է նույն ապարատի ուռճացմանը: Ամեն անգամ, երբ կառավարման էժանացման վեհ գաղափարով տոգորված իշխանությունները միացնում (կամ անջատում) են Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունները, հարկային ու մաքսային ծառայությունները, պետական կառավարումը գնալով թանկանում է: Արտաքնապես ամեն ինչ կարգին է: Բյուջեի տողացի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեզ կառավարելը խլում է բյուջեի ծախսերի 11-12 տոկոսը: Այսինքն՝ բյուջեի աճի հետ անշեղորեն աճում է մեզ կառավարելու վարձը: Բայց քանի որ պետական պաշտոնյաների օրինական աշխատավարձը, ընդհանուր աղքատության ֆոնին, հնարավոր չէ բարձրացնել բյուջեի աճին զուգահեռ, ավելանում են կառավարիչների հաստիքները: Այսինքն՝ պետական ապարատը թանկանալու հետ մեկտեղ՝ քանակական աճ է ապրում: Այս միտումը նկատել են Հայաստանի համարյա բոլոր վարչապետները: Նկատել են ու խոստացել են պայքարել դրա դեմ: Հիմա եկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթը: Նա եւս կառավարման մարմիններին առաջարկում է կրճատել աշխատակիցների քանակը: Բայց այս առաջարկը տարբերվում է նախորդներից: Վարչապետը խոստանում է, որ աշխատակազմի կրճատման դեպքում ավելացած գումարները ետ չի վերցնի: Դրանք կմնան գերատեսչությունների տրամադրության տակ: Հետեւաբար՝ կարող են օգտագործվել մյուս (կարելի է ենթադրել` ավելի որակյալ) աշխատակիցներին խրախուսելու նպատակով: Այսինքն՝ այս անգամ իշխանությունները չեն խոստանում էժանացնել երկրի կառավարման ապարատը: Պարզապես ձգտում են կրճատել պետությունից աշխատավարձ ստացող կառավարիչների թիվը: Ասել, որ սա իշխանությունների հերթական քմահաճությունն է, ճիշտ չի լինի: Պետությունն ինքնուրույն է իրեն այս վիճակին հասցրել: Պետական կառավարման ռեֆորմներով, որոնց հայերեն (ու թյուրիմացաբար) բարեփոխում են կոչում: Պետական ապարատի ցածր աստիճանի հաստիքների փոքր աշխատավարձերը, աշխատանքի ընդունվելու խիստ բարդացված կարգը, այս ոլորտում տիրող կոռուպցիան երիտասարդ շնորհալի մասնագետներին տարիներ շարունակ դուրս մղեց պետական ապարատից: Միայն ապահովված ընտանիքի երեխաները կարող են հավակնել պետապարատում աշխատելուն: Խոսքը եւ պետծառայողի կոռումպացված համակարգը հաղթահարելու, եւ հաղթահարելու դեպքում չնչին աշխատավարձով կիսագրագետ ղեկավարության համապատասխան որակի հանձնարարականները կատարելու մասին է: Պետությունը, բացառությամբ մեկ-երկու հիմնարկության (օրինակ` Կենտրոնական բանկի), հնարավորություն չունի բարձր որակավորում կամ պոտենցիալ ունեցող աշխատուժ հրապուրելու: Սա նկատել են նույնիսկ հարազատ իշխանությունները` կառավարման խնդիրների մասին խոսելիս վարչապետը նշեց, որ նախարարությունների աշխատակիցների եւ նույն նախարարության կից ԾԻԳ-երի աշխատակիցների աշխատավարձերն անհամատեղելի են: Այսինքն՝ նորից մեր իշխանությունները նկատել են կառավարման ոլորտի թերությունները: Նկատել են ու դրանց շտկման ծրագրեր են առաջարկում: Բայց չարժե, որ նույնիսկ անուղղելի լավատեսները ոգեւորվեն այս փաստով: Հայաստանի նորօրյա պատմությունը դեռ չի արձանագրել փաստ, երբ իշխանությունները կատարել են խոստացածը: Հատկապես այս ոլորտում: Պետական ապարատի կրճատման բոլոր ծրագրերը հակառակ արդյունք են ունեցել: Հատկապես պետք չէ ոգեւորվել պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման փաստով: Այն կառավարման որակը դժվար թե բարձրացնի: Ոչ էլ կաշառակերությունը կկրճատի: Մի երկու տարի առաջ նույնիսկ իշխանությունները բաց տեքստով խոսում էին դատական համակարգի անկատարության մասին: Բոլորին անհանգստացնում էր հասարակության բացասական վերաբերմունքն արդարադատության համակարգի նկատմամբ, որ պայմանավորված էր ոլորտում տիրող կոռուպցիայի մասշտաբներով: Իշխանությունները բաց-բաց խոսում էին այն մասին, որ կաշառակերությունը կրճատելու համար հարկավոր է բարձրացնել դատավորների աշխատավարձերը: Խոսեցին, խոսեցին ու բարձրացրին: Բայց ոչ դատավորների գրագիտության ցենզը բարձրացավ, ոչ կաշառակերությունը կրճատվեց: Ոչ էլ հասարակական կարծիքը փոխվեց: