Նոր սցենար

07/05/2010

Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չկարողացավ ճիշտ հաշվարկել Ադրբեջանի հակազդեցությունը, ինչի արդյունքում ստիպված եղավ hետքայլ անել: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Թուրքիան կարծում էր, որ կկարողանա շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացն՝ առանց հաշվի նստելու Ադրբեջանի հետ, սակայն ադրբեջանցիները շատ կոշտ հակազդեցություն ցույց տվեցին: Թուրքական արտաքին քաղաքականությունը չկարողացավ այդ ամենը ճիշտ հաշվարկել եւ այդ պատճառով այժմ ստիպված է նահանջել»,- ասել է Ֆրեյզերը` ավելացնելով, որ Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարաններում արձանագրային գործընթացի սառեցումը մեծապես վնասում է հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նրա կարծիքով` Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի պատճառով արձանագրությունների վավերացումը մոտ ապագայում հնարավոր չէ. «Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունների հետ կապված քննարկումները դժվարացնում են Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների վավերացումը: Բացի այդ, վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հիմնախնդրում»: Մյուս կողմից՝ Սաբինա Ֆրեյզերը հույս է հայտնել, որ հակառակ արձանագրային գործընթացում առկա բացասական զարգացումներին, հնարավոր է` գրանցվեն դրական զարգացումներ հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Ներկա պահին պետք է հանգիստ թողնել արձանագրությունները եւ կենտրոնանալ հնարավոր սցենարների վրա: Օրինակ` առաջնայնություն տալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Իմ կարծիքով` դա հնարավոր է իրականացնել: Երկու երկրների առաջնորդները վերջին 1,5 տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են: Իսկ դա կարող է վերածվել իրական դիվանագիտական հարաբերության: Սահմանների ճանաչումը նույնպես կարող է նպաստել դրան»,- հուշել է Սաբինա Ֆրեյզերը: