Փորձեք գտնել հերքումը

07/05/2010

Արդեն երկու օր է` Ադրբեջանի իշխանությունները սենսացիոն մանրամասներ են հրապարակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Մասնավորապես` Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել էր, թե «Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից»: «Անհրաժեշտ է որոշել ինչպես ադրբեջանցիների` Ղարաբաղ վերադառնալու, այնպես էլ Քելբաջարը եւ Լաչինի հյուսիսային մասը ազատելու ժամկետը հստակեցնելու ժամանակը: Նաեւ պետք է ամրագրվի փաստաթուղթ` 5 շրջանների եւ Լաչինի ճանապարհի ազատման վերաբերյալ»,- ասել է նա: Նույն հայտարարությունը կրկնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը` կրկին ասելով, թե Հայաստանը Լաչինից եւ Քելբաջարից զորքերը դուրս բերելու համար ժամանակ է խնդրել: Կարելի է (ավելի շատ` ցանկալի է) ենթադրել, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Այդ դեպքում հայկական կողմը պետք է պաշտոնապես հերքեր այդ տեղեկությունները: Սակայն արդեն երկու օր է` ՀՀ տարբեր պաշտոնյաներ պատասխանում են այդ հայտարարություններին` այդպես էլ չհերքելով դրանցում արտահայտված տեղեկատվությունը: «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված ԼՂ-ի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին` քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նախօրեին ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջնայինը ԼՂ ժողովրդի դիրքորոշումն է, որն արտահայտվել է դեռեւս 1991թ. Հանրաքվեով: Հայաստանը սատարել է եւ կշարունակի սատարել այդ դիրքորոշմանը: Բանակցային գործընթացում իրենց ապակառուցողական դիրքորոշման ընկալումը չգտնելով, Ադրբեջանի որոշ պաշտոնյաներին այլ բան չի մնում, քան անվերջ կեղծիքներով եւ շարունակաբար սուր ճոճելով փորձեր կատարել` աքլորանալ սեփական ժողովրդի առջեւ»,- այսպես էլ ադրբեջանցիներին պատասխանել է ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը: Ադրբեջանցի պաշտոնյաների ասածները ոչ թե ռազմատենչ հայտարարություններ են, այլ բանակցային գործընթացին վերաբերող կոնկրետ հարցի վերաբերյալ կոնկրետ տեղեկություններ: Սակայն հայկական կողմի պաշտոնական պատասխաններում կարելի է գտնել ամեն ինչ, բացի այդ տեղեկությունները հստակ հերքող արտահայտություններից: Այս դեպքում երկու տարբերակ կա` կամ Հայաստանը իսկապես Լաչինից ու Քելբաջարից զորքերը դուրս բերելու համար ժամանակ է խնդրել, կամ հայ պաշտոնյաներն այնքան ապաշնորհ են, որ չեն կարողանում հոդաբաշխ մտքեր արտահայտել: Երկրորդ տարբերակն, իհարկե, ավելի գերադասելի է: