Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մայիսի կեսերին Հունաստան կատարելիք այցից առաջ մեկնելու է Ադրբեջան, որտեղ վարչակազմի հետ քննարկելու է Վաշինգտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման մանրամասները, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված վերջին զարգացումները եւ հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը: Ըստ թուրքական ԶԼՄ-ների` Էրդողանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդրի կարգավորման հարցով հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ եւ ցանկություն հայտնել, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբն է՛լ ավելի ակտիվացնի իր ջանքերը հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: