Ճգնաժամը կարող է կրկնվե՞լ

07/05/2010

Եվրոյի գոտում իրավիճակը օր օրի լրջանում է, իսկ տնտեսագետների կանխատեսումները դառնում են ավելի ու ավելի հոռետեսական։ Շատերն առաջարկում են Հունաստանին ընդհանրապես դուրս բերել եվրոյի գոտուց, իսկ հետո սնանկ հայտարարել։ Եվրոպական պաշտոնյաները այժմ ավելի հաճախ են խոսում «խորտակվող» երկրները փրկելու ծրագրի ձախողման մասին։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը չի բացառում անգամ, որ աշխարհի մի շարք արդյունաբերական երկրներում աննախադեպ պետական պարտավորությունների աճը կարող է հանգեցնել ճգնաժամի նոր ալիքի։ «Անհրաժեշտ է անել ամեն ինչ` հունական ճգնաժամի տարածումը ողջ Եվրոպայում կանխելու համար,- ասել է Ստրոս Կանը,- ճգնաժամի տարածման վտանգը գոյություն ունի, եւ հարկավոր է շատ ուշադիր լինել»։ Ստրոս Կանը հայտնել է, որ Պորտուգալիան արդեն ձեռնարկել է համապատասխան միջոցներ։ «Ինչ վերաբերում է եվրոյի գոտու մյուս երկրներին, ապա նրանք ավելի բարվոք վիճակում են, իսկ Ֆրանսիայի եւ Գերմանիայի համար ոչ մի իրական վտանգ չկա»,- նշել է ԱՄՀ ղեկավարը։

Եվրոպական շուկաներում տեղի ունեցող զարգացումները, սակայն, նման լավատեսության հիմք չեն տալիս։ Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է տարվա կտրվածքով նվազագույնին՝ 1.29 դոլար։ Կրակի վրա յուղ է լցրել նաեւ Standard & Poorգs վարկանիշային գործակալությունը՝ հայտարարելով, որ մոտ ապագայում մտադիր է կրկին իջեցնել Իսպանիայի վարկային վարկանիշը։ Նշենք, որ ապրիլի 27-29-ը գործակալությունն արդեն իջեցրել էր Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Հունաստանի վարկանիշները։