Վճռաբեկ դատարանը երեկ մերժել է Նիկոլ Փաշինյանի գործով պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները Վերաքննիչ դատարանի մարտի 9-ի որոշման դեմ: Դատարանը, փաստորեն, այս որոշմամբ անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման, սակայն որոշել էր կիրառել համաներում եւ կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը: Ն. Փաշինյանի պաշտպանի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չէ, եւ Ն. Փաշինյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում: Փաշինյանի գործով Վերաքննիչի որոշումը բեկանելու դիմում էր ներկայացրել նաեւ մեղադրող կողմը, պնդելով, որ Նիկոլ Փաշինյանին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մասով արդարացնելը դատական սխալ է եղել եւ «կարող է առաջացնել ծանր հետեւանքներ»։ Նիկոլ Փաշինյանի դատապաշտպանները դիմելու են Եվրոպական դատարան: