Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո մեկ տարվա ընթացքում Ահմեդ Դավութօղլուի շնորհիվ բավական լուրջ հաջողություններ են գրանցվել երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, սակայն նրա միակ անհաջողությունը թերեւս դարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին է գրում «Էկոնոմիստ» եւ «Հաբերթուրք» պարբերականների թղթակից Ամբերին Զամանը: «Հայացք նետելով Դավութօղլուի մեկ տարվա գործունեությանը` պետք է ասել, որ նրա օրագիրն ուղղակի փայլում է: Նախ, վերջին 30 տարվա ընթացքում (նույնիսկ ավելի երկար ժամանակահատվածում) Թուրքիայի ոչ մի ԱԳ նախարար չէր արժանացել այսքան գովեստի խոսքերի: Իսկական ինտելեկտուալ: Նույնիսկ նրան համեմատում են Քիսինջերի հետ (չնայած գիտեմ, որ արյունոտ հեղաշրջումների ճարտարապետի համբավ ձեռք բերած Քիսինջերի հետ նմանեցումը դուր չի գալիս Դավութօղլուին): Թերեւս կարելի է դրական գնահատել Իրաքում տարբեր էթնիկական խմբերին կլոր սեղանի շուրջ նստեցնելուն, Քերքյուքում թուրքմենների կուսակցություններին՝ իրաքյան վերջին խորհրդարանական ընտրություններին ինքնուրույն մասնակցելուն, ինչպես նաեւ շիաների եւ սուննի արաբների նույն համամասնական ցուցակներով ընտրություններին մասնակցելու հարցում համոզելուն եւ Բոսնիայում սերբերի հետ մուսուլմաններին հաշտեցնելուն ուղղված նախաձեռնությունները»,- գրում է Ամբերին Զամանը` ընդգծելով, որ Դավութօղլուի մեկ տարվա գործունեության մեջ միակ անհաջողությունը Հայաստանի հետ մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացն է: «Դավութօղլուի օրագրում միակ վատ գնահատականը, վարչապետ Էրդողանի «ներդրմամբ», հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի գծած ճանապարհն է: Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին ոչ մի խոսք չկա: Հակառակ սրան` ասել` «Նախ խաղաղություն Ադրբեջանի հետ, հետո արձանագրությունների վավերացում», լուրջ հակասություն է առաջ բերում: Եթե արձանագրությունների միջոցով նպատակ էր հետապնդվում հանուն Թուրքիայի հետ սահմանների բացման Հայաստանին ստիպել քայլեր իրականացնել Ղարաբաղի հարցում, ապա արդյունքը տեսանք. Հայաստանն արձանագրությունները դրեց սառնարանում»,- գրում է Ամբերին Զամանը` նշելով, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, Հայաստանը ոչ մի զիջման էլ չի գնա:
«Վստահելի աղբյուրներից տեղեկանում ենք, որ անցած ամիս Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը ներկայացրել էր մի փաթեթ, որում մատնանշվում են Ղարաբաղի հարակից այն տարածքները, որտեղից պետք է դուրս գան հայերը: Դա հայկական պատվիրակության վրա սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ: Ինչպես որ մենք միակողմանիորեն որպես «ժեստ» դուրս չենք գալիս Կիպրոսից կամ չենք պակասեցնում մեր զինվորների թվաքանակը, այնպես էլ Հայաստանը բանակցությունների համար իր ձեռքում պահում է այդ շրջանները եւ դժվար թե դուրս գա այդտեղից, քանի դեռ վերջնականապես չի որոշվել ԼՂ-ի կարգավիճակի հարցը»,- գրում է Զամանը: