Պաշտպանության նախարարության Կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը, ով մեղադրվում է ՊՆ-ի հույժ գաղտնի հրամանի հրապարակման մեջ, դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման: Սակայն վերջինս ազատ է արձակվել դատարանի դահլիճից, քանի որ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է ազատազրկման ձեւով պատիժը նրա նկատմամբ պայմանականորեն չկիրառել` նշանակելով 1 տարվա փորձաշրջան: Հիշեցնենք, որ Ա. Սարգսյանը եւ Լ. Այվազյանը ձերբակալվել էին անցած տարեվերջին մամուլում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008թ. փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանի քաղվածքի մի քանի կետերի հրապարակման առնչությամբ: Դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, 2009թ. նոյեմբերին Սարգսյանը Լյուսյա Այվազյանից խնդրել է պատճենահանել հույժ գաղտնի հրամանի քաղվածքը եւ փոխանցել իրեն: Այնուհետեւ, ըստ մեղադրող կողմի, 2009թ. դեկտեմբերին հույժ գաղտնի հրամանի քաղվածքը տպագրվել է մամուլում:
Պաշտպանության նախկին նախարարի այս հույժ գաղտնի հրամանի քաղվածքի հրապարակված մասի համաձայն, 2008թ. մարտիմեկյան իրադարձություններից օրեր առաջ Զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, Պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր:
Ըստ մամուլի` դա «ռազմական հեղաշրջման» հրաման էր, մինչդեռ Պաշտպանության նախարարությունն ու կառավարությունը հերքում են Զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում ներգրավելու վերաբերյալ վարկածները` պնդելով, որ դա ընդամենը Զինված ուժերը «Զորանոցային վիճակի բերելու» վերաբերյալ իրավական ակտ է եւ չի կարող գնահատվել որպես Զինված ուժերի օգտագործում վկայակոչող ակտ: