Վիրտուալ տիրույթի մարտադաշտերն ու խաղաղության կղզիները

06/05/2010

Իրական կյանքում զինադադարի մեջ գտնվող երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի պատերազմը շարունակվում է մեկ այլ տիրույթում` վիրտուալում: Քչերն են համացանցը դիտարկում ու գործածում որպես 3-րդ` չեզոք գոտի, հարաբերությունները բարելավելու, երկխոսություն սկսելու համար: Շատերի համար համացանցային հարթակները դառնում են իսկական մարտադաշտ:

Համացանցի օգտատերերը (user)` բլոգների, ֆորումների, այլ սոցիալական ցանցերի այցելուներն, ասում են, որ Ադրբեջան-Հայաստան վիրտուալ պատերազմը սկսվել է երկու երկրներում համացանցի զարգացման հետ, ընթացել դրան զուգահեռ, իսկ համացանցային գործիքները զարգանում են ու նոր «զենք» դառնում վիրտուալ մարտիկների ձեռքում:

«Առաջ հիմնական պայքարը գնում էր ֆորումներում, բայց հիմա ֆրոնտն ավելի ա լայնացել: Ինչ գործիքներ ասես չեն օգտագործում` սկսած վիդեոներից youtube-ում, որոնք տարբեր անհատների կողմից են սարքվում ու կիրառվում՝ որպես քարոզչական «զենք», վերջացրած սոցիալական ցանցերով, բլոգներով: Հիմա վիրտուալ «զինվորներն» ավելացել են: Ու եթե առաջ քննարկվում էին ինչ-որ հարցեր, ապա հիմա բացահայտ առճակատում է: Երկխոսության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- ասում է բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, ով վիրտուալ տիրույթում հայտնի է Kornelij անվամբ:

Այսօր Հայաստանում գործում են մի քանի տասնյակ կայքեր, բլոգներ, ֆորումներ, որտեղ հանդիպում ու ճակատամարտում են հայերն ու ադրբեջանցիները, սակայն անգամ ոլորտի մասնագետները դժվարանում են կոնկրետ կամ գոնե մոտավոր թվեր նշել: Ըստ մասնագետների` թեպետ չկան հատուկ համացանցային հարթակներ, որտեղ հայերն ու ադրբեջանցիներն այցելում են բացառապես վիճելու նպատակով, բայց բավական է որեւէ ֆորումում հանդիպեն մեկ հայ եւ մեկ ադրբեջանցի, որ սկսվի ամենաթեժ քննարկում-առճակատումը: Թեմաները բազմազան են. Ղարաբաղյան հիմնահարց, ո՞վ է ավելի հին ազգ, ո՞ւմ են պատկանում այս կամ այն հողերը, ո՞վ է դուդուկ երաժշտական գործիքի «տերը»…

Հայտնի բլոգեր, հայկական բլոգոսֆերայի վերլուծաբան Արթուր Պապյանը բազմիցս մասնակից է եղել նման` առանց կոնկրետ պատճառի ծագող վիրտուալ ընդհարումների. «Կարող ա ես կամ մեկ ուրիշը նույնիսկ Ադրբեջանին վերաբերող մի լուր գրի, որ Ղարաբաղյան հակամարտության ու Հայաստանի հետ կապ էլ չունի, բայց բուռն քննարկում սկսվի ծավալվել հենց հակամարտության թեմայով…»

Վերջերս բլոգոսֆերայում «կռվախնձոր» դարձավ ադրբեջանական վավերագրական մի ֆիլմում օգտագործված լուսանկարը, որում պատկերված է վիրավոր երեխա:

Ադրբեջանական կողմը երեխային ներկայացրել է որպես ադրբեջանցու, ով տուժել է Խոջալուի դեպքերից: Մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ լուսանկարն արված է 1989թ., իսկ ֆիլմում պատկերվում են 1992թ. դեպքեր, եւ երեխան ներկայացվում՝ որպես այդ դեպքերից տուժած (http://bagirov.livejournal.com/108055.html, http://ahousekeeper.livejournal.com/617213.html):

Հայ-ադրբեջանական վիրտուալ պատերազմների հայտնի «մարտիկներից» մեկն էլ հայկական կողմի ստեղծած իբր ադրբեջանցի գրող Լոբզիկ Ազիկովն է: Բլոգերը սարկաստիկ գրողի կերպար է ստեղծել, եւ շատերը լուրջ քննարկումներ են ծավալում նրա հետ, քանի որ նրա` Ղարաբաղին վերաբերող գրառումները հաճախ տարբերվում են Ադրբեջանում ընդունված տեսակետներից:

Լոբզիկի ռուսերեն, բայց ադրբեջանական առոգանությամբ գրված բանաստեղծությունները, որոնք, ասենք, Ալիեւների ընտանիքի գովքն են անում զավեշտը չթաքցնելով, պարբերաբար բարկացնում են ադրբեջանցի ընթերցողներին, բլոգերներին:

http://lobzik-azikv.livejournal.com/-ը Լոբզիկի բլոգն է, որտեղ էլ տեղի են ունենում հիմնական մարտերը: Քննարկումներին սկսում են մասնակցել անգամ Լոբզիկի անձն իրական համարող պաշտոնյաներ ու հայտնի մարդիկ ադրբեջանական կողմից, վերջերս, օրինակ, նրա հետ վիրտուալ ճակատամարտի էր բռնվել Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Անար Մամեդխանովը:

Հայ-ադրբեջանական համացանցային տիրույթում եղել են նաեւ «խաղաղության կղզիներ» ստեղծելու փորձեր: Սամվել Մարտիրոսյանն ասում է` խաղաղ երկխոսության դաշտ ստեղծելու մի չհաջողված փորձ էր www.openarmenia.com կայքը, որը նախատեսված էր հենց հայ-ադրբեջանական քննարկումների համար:

Հավասարության սկզբունքը պահելու համար` կայքի մոդերատորներից մեկը հայ էր, մյուսն` ադրբեջանցի: Կայքը հատուկ բաժին է ունեցել հարեւանների միջեւ քննարկումներ, երկխոսություն սկսելու համար, սակայն, «խաղաղության գոտի» դառնալու նպատակով ստեղծված այս հարթակն էլ է վերածվել մարտադաշտի:

«Հայ եւ ադրբեջանցի մոդերատորները պետք է հնարավորինս կարգավորեին իրենց համերկրացիների մեկնաբանությունները: Սկզբում դա կարծես ստացվում էր, բայց հիմա արդեն չի կարելի խոսել ստացված դիալոգի մասին, որովհետեւ նույնիսկ ամենալիբերալ հայացքներով հայերն էլ նման ֆորումներում ակտիվ շփումներից հետո զգում են, որ այլեւս չեն ուզում շարունակել շփումը»,- պարզաբանում է Մարտիրոսյանը:

Վերջին 2-3 տարիներին համացանցում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ երկխոսության բացակայությունը հաստատում են շատ բլոգերներ, ակտիվ համացանցի օգտատերեր: Պատճառը, նրանց կարծիքով, ադրբեջանական քարոզչամեքենան է:

www.bakililar.az-ը այն հայտնի կայքերից է, որտեղ սովորաբար շփվում էին ադրբեջանցիներն ու հայերը: Շփումը հաջողվում էր երբեմն առանց վեճերի ավարտել, բայց վերջին շրջանում կայքի ֆորումներում հայ-ադրբեջանական երկխոսությունները գրեթե դադարել են:

Ըստ Մարտիրոսյանի` պատճառներից մեկն էլ այն է, որ ֆորումներում ակտիվ գրողները սովորաբար չեն պահպանում բլոգերների «չգրված» էթիկայի օրենքը, որը նախատեսում է ներկայանալ կամ գոնե մեկ կեղծանվան տակ գրել բոլոր մեկնաբանություններն ու գրառումները:

Եթե մարտադաշտերն իրենք իրենց են ստեղծվում, ապա խաղաղության կղզիները

ստեղծում են հիմնականում միջազգային կազմակերպությունները: Վերջերս եւս գոնե «համացանցային խաղաղություն» ստեղծելու մի փորձ է եղել` Հելսինկյան ասոցիացիայի նախաձեռնությամբ բացվել է հատուկ հայ ու ադրբեջանցի խաղաղարար երիտասարդների համար նախատեսված համացանցային տիրույթ` www.hcav.am(blog):

Նման կայքերի նպատակը երկխոսությանը նպաստելն է, սակայն, որպես կանոն, մեկ խաղաղ երկխոսությանը բաժին են ընկնում մի քանի տասնյակ վիրտուալ վեճեր:

Էլինա ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ, Հայաստան
«Ազատություն» ռ/կ «Մաքսլիբերթի» հաղորդման թղթակից
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից