Նոր լրատվամիջոցները՝ քարոզչության միջոց

06/05/2010

Նոր լրատվամիջոցների զարգացման ժամանակաշրջանում այլընտրանքային լրատվամիջոցները կարող են տեղեկատվական պատերազմներում քարոզչության գործիք դառնալ:

«Հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում ինչպե՞ս են բլոգներում, սոցիալական ցանցերում հակամարտության վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտում հայ եւ ադրբեջանցի երիտասարդները» հարցին երկու տարբեր մոտեցում կա: Սառեցված հակամարտության պայմաններում պատերազմը շարունակվո՞ւմ է վիրտուալ տիրույթում, թե՞ հակառակը` խաղաղասիրական դիրքորոշումն է քարոզվում: Իրականում երկուսն էլ կա:

Այսօր սոցիալական ցանցերը, բլոգները եւ twitter-ը մեծ տարածում ունեն ադրբեջանաբնակ երիտասարդության շրջանում:

Բաքվի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանող Թուրալ Քուրբանլին նույնպես բավական ակտիվ է սոցիալական ցանցերում: Ամենից շատ նա օգտվում է Facebook-ից: Նա իր բլոգը ստեղծել է մոտավորապես 3 տարի առաջ:

Բլոգերը վիրտուալ տիրույթում իրեն ավելի համարձակ է զգում. «Իսկ պատասխանատվությունը, հակառակը, պակասում է, այնպես որ, համարձակությունը հակադարձ համեմատական է պատասխանատվությանը»:

Սոցիալական ցանցերում քննարկումների մասնակցելով` Քուրբանլին իր սեփական տեսակետն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Նա կարծում է, որ շատերը նման ցանցերում ավելի շատ զբաղված են միակողմանի դիրքորոշման քարոզչությամբ, սակայն դա չէ կարեւորը. «Կարեւոր չէ, թե ինչ դիրքորոշում ունեն ադրբեջանական կամ հայկական կողմերը, կարեւորն այն է, թե նրանց ովքեր են աջակցում: Սա քաղաքականություն է, իսկ քաղաքականության մեջ հաղթում է ուժեղագույնը: Քաղաքական ասպարեզը նման է ջունգլիների, եթե ուժեղ ընկեր ունես, կգոյատեւես, հակառակ դեպքում` քեզ պարզապես կոչնչացնեն»:

Քուրբանլին կարծում է, որ նոր լրատվամիջոցներում ազգային զգացմունքներն արթնացնելու վերաբերյալ գրված ամեն ինչ հասարակությանն ուղղորդելու միջոց է. «Նոր լրատվամիջոցների օգնությամբ այսօր մենք կարող ենք փոխել օրվա գլխավոր նորությունը»:

Չնայած շատ բլոգներում եւ սոցիալական ցանցերում արգելվում է ռասիզմ, ազգային եւ կրոնական անհանդուրժողականություն բորբոքել` այս արգելքը ոչ միշտ են հաշվի առնում: «Իմ մոտեցումը եւս հաճախ կտրուկ է լինում, բայց ես համոզված եմ` քննադատելն ուժեղներին է տրված, իսկ վիրավորելը`թույլերին: Ես ինձ համարձակ եմ համարում: Սակայն էթիկայի հարցերում ինքս իմ գրաքննիչն եմ դառնում»,- ասում է Քուրբանլին:

Ոչ պաշտոնական տվյալներով` վերջին տարիներին Ադրբեջանում բլոգերների թիվը հասել է 10-15 հազարի: Իսկ համացանցի օգտատերերի (user) թիվը, պաշտոնական տվյալներով, գերազանցում է մեկ միլիոնը, չնայած ակտիվ օգտատերերը համեմատաբար ավելի քիչ են եւ կազմում են բնակչության 25 տոկոսը:

Վերլուծաբան եւ բլոգեր Արզու Քեյբուլլաեւան (http://flyingcarpetsandbrokenpipelines.blogspot.com/) կարծում է, որ այսօր նոր լրատվամիջոցները հիմնականում քարոզչական նպատակներով են օգտագործում. «Օրինակ` ես իմ աշխարհում խաղաղություն եմ քարոզում: Ոչ բոլոր ընթերցողներս կարող են ինձ հետ համաձայնվել: Բայց ես պետք է մշտապես հիմնվեմ այն գաղափարների վրա, որոնց հավատում եմ, եւ գրեմ դրա մասին»:

Քեյբուլլաեւան ասում է, որ հնարավոր չէ չնկատել վիրտուալ տիրույթում ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող պատերազմը. «Բայց սրա հետ մեկտեղ, նոր լրատվամիջոցները նաեւ խաղաղություն են քարոզում: Հաճախ վիրտուալ քննարկումներ են տեղի ունենում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ: Մասնավորապես Facebook-ի եւ Twitter-ի նման ցանցերում տեղեկատվության փոխանակում է տեղի ունենում: Եվ պետք չէ հակառակ կողմի հետ նման շփումները որպես դավաճանություն ընկալել: Նման հաղորդակցումն օգնում է կողմերին ավելի շատ տեղեկություններ ստանալ միմյանց մասին»:

Global Voices Online հանդեսի կովկասյան խմբագիր Օնիկ Կրիկորյանը նշում է, որ Հայաստանում 2008թ. նախագահական ընտրություններից հետո նոր լրատվամիջոցները «տեղեկատվական պատերազմի» իսկական մարտադաշտ են դարձել, քանի որ բլոգների ընթերցողների քանակն աճել է:

34-ամյա հայ բլոգեր Տիգրան Քոչարյանը խոստովանում է, որ բլոգներում քարոզչությունը մեծ տեղ է զբաղեցնում: Քոչարյանը, ով արդեն 5 տարի բլոգ է վարում, կարծում է, որ Հայաստանում բլոգները որպես քարոզչության միջոց են օգտագործվում. «Անձամբ ես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շահերի օգտին եմ քարոզչություն վարում»:

Նրա կարծիքով` չնայած հակամարտությունը սառեցված է, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղեկատվական պատերազմը շարունակվում է:

Ինչպես Ադրբեջանում, Հայաստանում եւս այլընտրանքային լրատվամիջոցները հայհոյանքների ու անպարկեշտ արտահայտությունների փոխանակման ասպարեզ են դառնում: Օնիկ Կրիկորյանի կարծիքով` այստեղ երկու կողմերն էլ մեղավոր են. «Սոցիալական ցանցերը տարբերվում են բլոգներից եւ ֆորումներից դրական իմաստով: Քարոզիչները նվազ ակտիվ են սոցիալական ցանցերում»:

Չնայած բոլոր դժվարություններին` Օնիկ Կրիկորյանը կարծում է, որ նոր լրատվամիջոցների զարգացման համար Հայաստանում նախադրյալներ կան: Արզու Քեյբուլլաեւան եւս այն համոզմունքին է, որ Ադրբեջանում աստիճանաբար նոր լրատվամիջոցների առջեւ եղած խոչընդոտները կվերանան` ճանապարհ տալով դրանց զարգացմանը:

Սաբինա ՎԱԳԻՖԳԶԻ, Ադրբեջան
«Ազատություն» ռ/կ
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից