Քաղաքական լրագրությունը զարգանում է դանդաղ ու անհաստատ

06/05/2010

30-ամյա Մարիամ Սուխուդյանը, ով ոչ մասնագիտությամբ է բնապահպան, ոչ էլ որեւէ գրանցված բնապահպանական կազմակերպության անդամ, չի կարողանում անտարբեր մնալ, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում շրջակա միջավայրի հետ:

«Ամեն ինչ շատ պատահական սկսվեց` մի 3 տարի առաջ: Արշավի էի գնացել Գառնի` մի արտասահմանցու հետ: Երբ նրան ցույց էի տալիս Գառնիի գեղատեսիլ վայրերից մեկը` «Քարերի սիմֆոնիան», նկատեցի, որ երկու հոգի լոմով ջարդում են այդ քարերը: Ես հանեցի ֆոտոապարատս ու նկարեցի: Նրանք նույնիսկ չէին էլ մտածում, որ վատ բան են անում»,- պատմում է Սուխուդյանը, ով այդ լուսանկարներն այնուհետեւ տարածեց համացանցում:

Տարածված լուսանկարներին անմիջապես անդրադարձան նաեւ ավանդական ԶԼՄ-ները, եւ աղմուկ բարձրացավ, իսկ կառավարությունը «Քարերի սիմֆոնիան» ներառեց Հայաստանի պահպանվող բնահուշարձանների ցանկում:

Թեպետ քաղաքացիական լրագրության զարգացումը Արեւմուտքում անմասն չթողեց նաեւ Հայաստանը, սակայն այստեղ դեռ քչերն են անձնական լուսանկարչական ապարատով կամ հեռախոսով արժեքավոր ֆոտոներ ու նկարահանումներ անում եւ դրանք տարածում սոցիալական ցանցերում, բլոգներում:

«Մարդիկ հաճախ չեն իմանում, որ ինչ-որ տեղ իրենց երկրում բնությունը, հուշարձանները անխնա ոչնչացնում են: Իհարկե, շատերն անտարբեր են, բայց տեղեկատվության պակաս, իսկապես, կա»,- ասում է Սուխուդյանը, ով նման մի բացահայտում արեց 2009թ. փետրվարին, նկարեց եւ տարածեց տեսանյութ, որտեղ Խոսրովի արգելոցում անտառապահը վարազ է սպանում: «Արգելոցում գտնվող մի քարանձավից վերադառնալիս` Կաքավաբերդի տարածքի անտառապահի տան մոտով էինք անցնում: Երբ արդեն դուրս էինք գալիս նրա տանից, աշխատողներից մեկը գոռաց` վարազը, վարազը: Հետո բոլորով սկսեցին փամփուշտները լիցքավորել ու դուրս գալով` կրակել փախչող վարազի վրա: Ես փորձում էի միջամտել, թույլ չտալ, բայց ի վերջո նրանք սպանեցին վարազին»:

Տեսանյութի տարածքում փորձել են կանխել, եւ, Մարիամի խոսքերով, իրեն համոզում, անգամ սպառնում էին. «Ասում էին` սա գլոբալ խնդիր է, օլիգարխները ուղղաթիռներով որս են անում արգելոցներում, դու այս խեղճ մարդուն ուզում ես վնասել»: Տեսանյութը ցուցադրվեց նաեւ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով, արդյունքում` Կաքավաբերդի տարածքի անտառապահը հեռացվեց աշխատանքից` տուգանվելով 300.000 դրամով (մոտ 900 դոլար): 2010թ. մարտին շրջակա միջավայրի եւ հատուկ կարիք ունեցող երեխաների պաշտպանությանը եւ արդարությանը հետամուտ լինելու գործում պատասխանատվություն, խիզախություն եւ առաջնորդություն ցուցաբերելու համար Սուխուդյանը ԱՄՆ դեսպանատան կողմից «Խիզախ կին» մրցանակ ստացավ, որը նրան հանձնեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Այնուամենայնիվ, քաղաքացիական լրագրությունը Հայաստանում դանդաղ է զարգանում: Դրա դրսեւորումներից մեկը` բլոգները, Հայաստանում մեծ տարածում չունեն: Սա «Global Voices Online» լրատվական գործակալության կովկասյան մասնաճյուղի խմբագիր Օնիկ Կրիկորյանի կարծիքն է. «Բլոգ օգտագործող մարդկանց մեծամասնությունը կամ լրագրողներ են, կամ քաղաքական ակտիվիստներ: Հասարակության լայն շերտերը իրականում ընդհանրապես չեն օգտագործում բլոգ: Արեւմուտքում այսպես չէ»:

Ըստ նրա` քաղաքացիական լրագրության այս չզարգացած վիճակը զգալիորեն պայմանավորված է համացանցի անմատչելիությամբ` բարձր գին եւ ցածր որակ, այնինչ համացանցի բարձր արագությունն ու ցածր գները կարող են արմատապես փոխել իրավիճակը քաղաքացիական լրագրության ասպարեզում:

«Բայց շատերն էլ, թեեւ ապահովված են ինտերնետով, այնուամենայնիվ, նախընտրում են օնլայն չգրել այն ամենը, ինչ տեսնում են: Երեւի թե քաղաքացի լինելու զգացողության ավելի մեծ անհրաժեշտություն կա, մարդիկ պետք է հասկանան, որ արժանի են լսվելու»,- ասում է Կրիկորյանը`վստահ, որ նաեւ ժողովրդավարական ազատությունների մակարդակի աճը երկրում կնպաստի քաղաքացիական լրագրության զարգացմանը:

Ոլորտի փորձագետ, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» ղեկավար Արթուր Պապյանը համամիտ է ԿրիԿորյանի հետ այն առումով, որ Հայաստանում քաղաքացիական լրագրության զարգացման հիմնական խոչընդոտն այսօր համացանցի վատ որակը չէ: «Կոնկրետ թվեր Հայաստանում համացանցի օգտատերերի (user) վերաբերյալ չկան: Ոչ ստույգ, մի 5-10 տարվա հնության միջազգային տվյալներ կան` իբր 196.000 օգտատեր ունենք: Բայց միայն «Վիվա Սելի» համացանցի օգտատերերի թիվը 200.000-ից ավելի է, դրանից մի քիչ պակաս էլ միայն «ԱրմենՏելն» ունի: Այսինքն, ամենահամեստ հաշվարկներով` երկրի բնակչության 25 տոկոսից ավելին համացանցից հաճախակի օգտվող մարդիկ են»,- ասում է Պապյանը` շեշտելով, որ խնդիրը համացանցի նշանակության ընկալման մեջ է:

www.circle.am կայքում հաշվարկվում է հայկական կայքերի հաճախելիությունը: Ըստ կայքում արձանագրվող տվյալների` անգամ ամենահայտնի տեղեկատվական կայքերը օրական մոտ 15-16 հազար այցելուից ավելի չեն ունենում: Իսկ ամենաակտիվ բլոգների այցելուները չեն գերազանցում 1000-1200-ը:

Այդուհանդերձ, հետաքրքիր եւ ուշագրավ ինֆորմացիան, համացանցի օգտատերերն, ըստ Պապյանի, սովորաբար գնահատում են, ինչպես 2008թ. մարտի 1-ին հաջորդող արտակարգ դրության օրերին, երբ «Ա1+» տեղեկատվական կայքի բլոգն ունենում էր 130.000 այցելու: Փորձագետը վստահ է, որ քաղաքացիական լրագրության նկատմամբ պահանջ հասարակությունում կա, խնդիրը դա մատուցելու համար ընտրվող հարթակներն են.

«Այսօր մարդը նկարեց ինքն իրեն, դրեց www.odnoklassniki.ru-ում, ինչ-որ մեկը գնահատեց այդ նկարը, սա արդեն իսկ ինֆորմացիա է: Այլ հարց է, որ այն արժեք չունի: Բայց, կներեք, քաղաքացիական լրագրողը շուկայի պահանջների համար չի աշխատում: Եթե վաղը այդ նույն մարդը ականատես լինի կաշառակերության դեպքի կամ, ասենք, ներկա լինի Գյումրիում գեղեցիկ արձանի բացման, ապա կարող է նկարել, էլի դնել odnoklassnik-ում, եւ դա արդեն արժեքավոր ինֆորմացիա կլինի: Իհարկե odnoklassnik-ը լավ պլատֆորմ չէ քաղաքացիական լրագրության համար, բայց Հայաստանում այսօր այն առաջին տեղում է»:

Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ, Հայաստան
«168 Ժամ» թերթ
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից