Բլոգոտիրույթը զարգանում է

06/05/2010

Նոր տեխնոլոգիաների, Համացանցի զարգացումը աշխարհում դրական ազդեցություն ունի նաեւ Ադրբեջանի վրա: Աստիճանաբար ավելի շատ են նոր բլոգներ, կայքեր, ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ հայտնվում:

2008թ. սկզբներից ինտերնետ օգտատերերն (user) Ադրբեջանում սկսեցին ավելի արդյունավետ օգտվել վիրտուալ աշխարհի հնարավորություններից, բլոգների, ֆորումների ու անհատական կայքերի միջոցով սկսեցին ինքնարտահայտվել, իրենց տեսակետն արտահայտել հասարակական-քաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ:

Հատկապես բլոգերներ Էմին Միլլիի ու Ադնան Հաջիզադեի ձերբակալությունից հետո բլոգինգը Ադրբեջանում ավելի տարածվեց: Նրանց դատապարտումից հետո ակտիվ բլոգերների թիվը հասավ 100-ի, որոնց մեծամասնությունը գրում է հասարակական-քաղաքական թեմաներով:

Բլոգերներ Ադնան Հաջիզադեն ու Էմին Միլլին (Աբդուլաեւ) Azerbaijan Network Television-ի (AN TV) հիմնադիրներն են, որի միջոցով պարբերաբար քննադատում էին Ադրբեջանի իշխանություններին: Իսկ 2009թ. հուլիսին, իրենց ձերբակալությունից ոչ շատ առաջ, նրանք YouTube-ում մի սատիրային տեսահոլովակ տարածեցին, որում ալեգորիկ ձեւով քննադատում էին երկրի կառավարությանը:

Որոշ ժամանակ անց նրանք հարձակման ենթարկվեցին Բաքվի սրճարաններից մեկում: Երբ բլոգերները բողոքեցին Ոստիկանությանը, հենց իրենք էլ ձերբակալվեցին ու համապատասխանաբար 2 եւ 2,6 տարվա ազատազրկման ենթարկվեցին:

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտված բլոգերներին «խղճի կալանավորներ» հայտարարեց: Ինչպես նշեց Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում «Amnesty International»-ի ծրագրերի ղեկավար Նիկոլաս Դուկվորսը` երիտասարդները դատապարտվել էին շինծու մեղադրանքների հիման վրա:

Կազմակերպությունը վճիռը գնահատեց որպես երկրում խոսքի ազատության ոտնահարում ու պատասխան` բլոգերների կողմից կառավարության քննադատությանը: «Amnesty International»-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց որեւէ պայմանի ազատ արձակել երիտասարդներին: Բանտում գտնվող բլոգերները 2010թ. ANTV-ն Գերդ Բուցերիուսի անվան «Արեւելյան Եվրոպայի ազատ մամուլ» ու 10.000 եվրո խրախուսական մրցանակի արժանացան:

«Էմինն ու Ադնանը, ովքեր, իբրեւ թե, խուլիգանության համար են դատապարտված, երիտասարդության համար լավ օրինակ դարձան, քանի որ իրականում բոլորն էլ գիտեն, որ նրանք դատապարտվել են տեսահոլովակի համար, որը նկարահանել ու տեղադրել են ինտերնետում: Այդ հոլովակում նրանք սուր քննադատության են ենթարկում երկրի իշխանություններին: Ու բոլոր երիտասարդ բլոգերներն էլ հիմա ուզում են նույնկերպ անվախ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը»,- ասում է երիտասարդ բլոգեր Օրխան Էյպը:

Էյպը Ադրբեջանի բոլոր բլոգները 3 մասի է բաժանում. «Առաջին խմբի մեջ մտնում են բլոգները, որտեղ բլոգերները ներկայացնում են միայն իրենց սուբյեկտիվ տեսակետները: Երկրորդ խմբին կարելի է դասել բլոգերներին, որոնք հ/կ-ներ են ներկայացնում, սակայն ժամանակ առ ժամանակ գրում են հասարակական-քաղաքական թեմաներով: Երրորդ խմբում են հայտնի մարդկանց, հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչների բլոգները, որոնք կարդում են միայն այդ մարդկանց մասին տեղեկանալու համար»:

Օրխան Էյպը ափսոսանքով է նշում, որ Ադրբեջանում բլոգերների շարժում չկա, ինչպես, օրինակ, Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում. «Թվարկված երկրներում մարդիկ բլոգները դարձրել են այլընտրանքային մամուլ, առանց գրաքննության: Այդ բլոգներում գրում են այն ամենի մասին, ինչի մասին լռում են հեռուստատեսությունն ու թերթերը: Ցավոք, մեզ մոտ բլոգներն այնքան զարգացած չեն, որքան այս երկրներում»:

Բլոգեր Արզու Քեյբուլլաեւան, ով «BBC Blogword»-ի կողմից լավագույն միջազգային բլոգերներից մեկն է ճանաչվել, կարծում է, որ բլոգերներ Միլլիի ու Հաջիզադեի ձերբակալությունից հետո բլոգինգը մեկ ուղի է ընտրել. «Երիտասարդ բլոգերների ձերբակալությունից հետո միջազգային ու տեղական կազմակերպությունները սկսեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել սոցիալական նոր մեդիայի զարգացմանը: Սկսեցին դասընթացներ, սեմինարներ ու դասախոսություններ կազմակերպել նոր մեդիայի թեմայով»:

Քեյբուլաեւան նշում է, որ 5-6 տարի առաջ Ադրբեջանում բլոգները հիմնականում ռուսերենով էին, հիմա տարածվել են նաեւ ադրբեջաներենով ու անգլերենով բլոգները:

Մեկ ուրիշ բլոգեր` Թամերլան Մամեդովն, ասում է, որ Ադրբեջանում բլոգ վարելու ավանդույթը ձեւավորվել է 2000-ին, իսկ առաջին բլոգերները արտերկրում կրթություն ստացած երիտասարդներն էին հիմնականում.«Զգացվում է արտերկրից եկող ազդեցության ուժը սոցիալական ակտիվության վրա, որին եւ մենք հիմա հետեւում ենք: Այս մասին է խոսում նաեւ այն փաստը, որ երկրում առաջին բլոգները անգլալեզու էին: Անգլալեզու բլոգների վետերաններից կարելի է համարել Ալի Նովրուզովին (blog.novruzov.az ): Նա մինչեւ հիմա էլ ակտիվորեն վարում է իր բլոգն ու գրում է Ադրբեջանում հրատապ սոցիալական-քաղաքական թեմաներով»:

Ադրբեջաներենով ամենահայտնի բլոգներից մեկն է համարվում Բժիշկ Ռավիկի բլոգը (doktorravik.livejournal.com): Իր բլոգում նա հիմնականում քննադատում է երկրի սոցիալ-կենցաղային խնդիրները:

Այդուհանդերձ, Թամերլան Մամեդովը կարծում է, որ այս բոլոր բլոգները չեն արտացոլում «բլոգների» իրական իմաստը. «Այդ բլոգերները հիմնականում հրապարակախոսությամբ են զբաղվում: Բայց կան նաեւ այնպիսիները, որոնք իրենց բլոգը օրագրի նման են վարում, այսինքն` գրում են միայն անձնականի մասին: Այս բլոգների թվին կարելի է դասել Պոկլադունի բլոգը` Pokladun.livejournal.com»:

Ադրբեջանում ակտիվորեն բլոգներ են վարում նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, հ/կ-ների ղեկավարները: Դրանցից ամենահայտնիներն են Մուսաֆաթ կուսակցության ղեկավար Իսա Քամբարի` www.isagambar.blogspot.com, Ադրբեջանի ազգային ակշտեֆ կուսակցության ղեկավար Ալի Կերիմլիի` akarimli.wordpress.com, Այլընտրանքային հանրապետականների միության հիմնադիր Իլքար Մամեդովի` ilgarmammadov.livejournal.com բլոգները:

Թուրխան ԿԱՐԻՄՈՎ, Ադրբեջան
(մականունը Համացանցում` «qarishqa» (մրջյուն)
IWPR-ի «Հարեւաններ» նախագծի մասնակից