Գարնանը օրգանիզմում վիտամինի պակաս շատ է զգացվում, այդ պատճառով էլ պետք է մաշկին հատուկ ուշադրություն հատկացնել: Գարնան փոփոխական եղանակը բացասաբար է ազդում հատկապես դեմքի մաշկին, ուրեմն այն լրացուցիչ խնամք է պահանջում: Խորհուրդ է տրվում սկսել սննդից: Սննդակարգի մեջ պետք է ավելացնել բանջարեղենի քանակը: Բացի այդ, ամեն օր 1 անգամ, ուտելուց հետո կարելի է ընդունել պոլիվիտամին: Խոսքը առաջին հերթին A, E, C վիտամինների մասին է:
Եթե Ձեր մաշկը չոր է, գոնե 1 շաբաթ մի լվացվեք: Դրա փոխարեն օրը 2 անգամ դեմքը մաքրեք հավասար քանակությամբ եռացրած ջրի ու կաթի խառնուրդով` 1 ճաշի գդալը բավական է: Մաշկի վիճակը լավացնում է տաքացրած բուսական յուղով դիմակը: Թանզիֆի կտորը 3-4 անգամ ծալել, թրջել գոլ բուսական յուղի մեջ եւ դնել դեմքի վրա ու թողնել 15 րոպե: Հետո դեմքը մաքրել անձեռոցիկով կամ չոր բամբակով: Այս դիմակը առաջին 4 օրը պետք է անել ամեն օր, այնուհետեւ կարելի է 1 շաբաթվա մեջ 2 անգամ: Մի քանի շաբաթ հետո մաշկի վիճակը կնորմալանա: Յուղոտ մաշկը այսպիսի խնամք չի պահանջում, եւ զգալիորեն քիչ է արեւից վնասվելու հավանականությունը: Զգայուն մաշկը, որի վրա գարնան արեւից գրգռվածություն է առաջանում, ավելի լավ է մաքրել երիցուկի թուրմով: Դեռ վաղուց ժողովրդական բժշկության մեջ հիվանդ մաշկը բուժելու լավ միջոց է ծառայել կեչին: Կեչու գարնանային հյութը շատ արժեքավոր վիտամինային միջոց է: Այն պետք է հավաքել մաքուր տարայի մեջ, իսկ երկար ժամանակ պահպանելու համար 500գ հյութին ավելացնում են 100գ սպիրտ ու հերմետիկ անոթներում պահում: Կեչու հյութը կարող է ծառայել որպես գերազանց կոսմետիկական դիմակ` այն կարելի է 2-3 անգամ քսել մաշկին ու թողնել 10 րոպե: Կամ 1 ճաշի գդալ կեչու թարմ հյութը, նույնքան մայոնեզը, 1 թեյի գդալ մեղրը լավ խառնել եւ քսել դեմքին։ Այս դիմակը վերականգնում է չոր մաշկի թոշնածությունը: