Օգնություն են հայցում

06/05/2010

Մերձդնեստրում կալանավորված հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի` Գյումրիում բնակվող հարազատները երեկ բաց նամակներ են հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին, հայցելով նրանց անձնական միջամտությունը լրագրողի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցում: Է. Վարդանյանի կինը «Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայությանը հայտնել է, որ ցանկանում է ռուսաստանցի փաստաբան վարձել ամուսնու շահերը դատարանում պաշտպանելու համար: «Մինչեւ ռուսական կառավարությունը չճնշի Մերձդնեստրի իշխանություններին, հարցը չի կարող լուծում ստանալ»,- ասել է Իրինա Վարդանյանը:

Քանի որ, ինչպես ձեւակերպում է լրագրողի կինը, «Մերձդնեստրի համար միակ հեղինակությունը Ռուսաստանն է», նա հույս ունի, որ գոնե ռուսաստանցի փաստաբանին կթույլատրեն ներկայացնել ամուսնու շահերը: Հիշեցնենք, որ Է. Վարդանյանն անազատության մեջ է գտնվում ապրիլի 7-ից, ում Մերձդնեստրի իշխանությունները մեղադրում են Մոլդովայի օգտին լրտեսություն կատարելու եւ հայրենիքի դավաճանության մեջ: Կալանքի տակ գտնվող ամուսնուն Իրինա Վարդանյանին երկու անգամ են թույլատրել տեսակցել, որից մեկը` կեսգիշերին մոտ, որովհետեւ այդ ժամին է ավարտվել քննչական գործողությունը: Ամուսնու վիճակը նրան դուր չի եկել` Է. Վարդանյանը եղել է հոգնած, անուշադիր, ցրված, նաեւ` շատ նիհարած:

Ինչ վերաբերում է Է. Վարդանյանի անունից տարածված հայտարարությանը, ըստ որի` բանտում լրագրողի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են բանեցվում, ճնշում են նաեւ նրա ընտանիքի անդամներին, ապա, թեեւ Իրինա Վարդանյանը համոզված չէ, որ դա ամուսինն է փոխանցել, սակայն կարծում է` պատկերն այնպես է ներկայացվում, ինչպիսին կա: Միաժամանակ, նրա հավաստմամբ, հանդիպման ժամանակ ինքն ամուսնու վրա բռնության հետքեր չի տեսել: Է. Վարդանյանի ճնշվածությունը նա հակված է բացատրել ամուսնու հոգեբանական վիճակով, չի բացառում նաեւ ինչ-ինչ հոգեմետ դեղերի ազդեցությունը: Հարցին, թե` ընտանիքի վրա ճնշումներ կա՞ն, Ի. Վարդանյանը պատասխանել է, թե դրանք այդքան ուժեղ չեն: Ըստ նրա` իրենց համար հիմա գլխավորն Էռնեստ Վարդանյանի ազատությունն է: