«Ոչ ազատ», բայց «պատասխանատու»

04/05/2010

Արդեն 8 տարի է` մամուլի ազատության խնդիրներով զբաղվող հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանը հայտնվում է «ոչ ազատ» երկրների ցանկում: Պատճառը 2002 թվականին «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումն էր, որից հետո Հայաստանի հեռուստատեսային լրատվական դաշտն ամբողջությամբ հայտնվեց իշխանությունների վերահսկողության տակ: Անցած տարիներին հեռարձակման լիցենզիա ստանալու համար «Ա1+»-ը մասնակցել է ավելի քան 10 մրցույթների եւ բնականաբար մերժվել է` եթերը թողնելով «պատասխանատու» հեռուստաընկերություններին: Ընդամենը երկու ամիս հետո` հուլիսին կայանալու է հեռուստահաճախականությունների հերթական մրցույթը, որում, դատելով իշխանությունների ներկայիս գործելակերպից, «Ա1+»-ը հերթական անգամ մերժվելու է: Սակայն այս անգամ մրցույթը տեղի է ունենալու որոշակիորեն այլ քաղաքական իրավիճակում: Ներկայիս իշխանությունները հատկապես վերջին շրջանում ամեն ինչ անում են Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից տարանջատվելու համար: Իսկ «Ա1+»-ը, հիշեցնենք, փակվեց Ռոբերտ Քոչարյանի «բարձր հովանու ներքո»: Այնպես որ, իշխանությունները կարող են գոնե այդ նպատակով հուլիսին կայանալիք մրցույթում «Ա1+»-ին հաճախականություն տրամադրել: