Մամուլի դեմ ուղղված օրինագիծը մեղմացվո՞ւմ է

04/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրինագծերն այժմ քննարկվում են ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամներից եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբում:

Տեղեկություններ կան, որ պատգամավորների եւ հ/կ-ների ներկայացուցիչները, այնուամենայնիվ, որոշ հարցերում փոխհամաձայնության են հանգել: Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Ռուբեն Գեւորգյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած օրինագծերով առաջարկվում էր զրպարտության եւ վիրավորանքի համար սահմանել նվազագույն աշխատավարձի 250-ապատիկից մինչեւ 2000-ապատիկի չափով տուգանք: Ընդ որում, այդ չափով, ըստ օրինագծի, պետք է տուգանվեին ոչ միայն զրպարտողն ու վիրավորողը, այլ նաեւ դրանք տարածող լրատվամիջոցը: Այս օրինագծերի հետ կապված հիմնական կարծիքն այն է, որ իշխանություններն այդպիսով փորձում են լռեցնել իրենց վերահսկողությունից դուրս գտնվող մի քանի լրատվամիջոցների` հիմնականում թերթերին եւ լրատվական կայքերին: Օրինագիծը դեռեւս ԱԺ լիագումար նիստում չէր քննարկվում, դեռ չէր ներկայացվել հասարակությանը, սակայն հատկապես իշխանական խմբակցությունների պատգամավորներն արդեն տեղյակ էին դրա մասին: Եվ անխտիր գրեթե բոլոր պատգամավորներն իրենց ոչ հրապարակային զրույցներում անզուսպ ցանկությամբ էին արտահայտվում դրա մասին եւ եւ լրագրողներին սպառնում էին օրինագծում սահմանված պատիժներով: Օրինագիծը անցել է առաջին ընթերցումը: Բարեբախտաբար, լրագրողական կազմակերպությունների կողմից սուր քննադատության արժանանալու արդյունքում հեղինակները համաձայնեցին մինչեւ երկրորդ ընթերցման քննարկման ներկայացնելը այն ենթարկել լրամշակման: Այդ նպատակով աշխատանքային խումբը ստեղծվել է ապրիլի 12-ին եւ մինչ այժմ երկու հանդիպում է ունեցել: Օրինագծի հեղինակներից ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանից փորձեցինք ճշտել, թե լրագրողական կազմակերպությունների հետ, ի վերջո, ինչ փոխզիջումների են եկել: Պատգամավորը պատասխանեց, թե փորձում են հստակեցնել օրինագծի բոլոր այն դրույթները, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տվել: «Հայ-թուրքական կամ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ չենք բանակցում, որ փոխզիջումների գնանք: Դա ընդամենը օրենքի նախագիծ է: Ձեր մի շարք գործընկերների, հատկապես Մեսրոպ Հարությունյանի անաչառ քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գալ ընդհանուր հայտարարի: Այսինքն՝ մենք ուզում ենք մաքսիմալ հստակեցնել այն բոլոր ձեւակերպումները, որոնք տարընթերցման տեղիք են տվել»,- ասաց Հ.Սահակյանը:

Նախագծում նշված էր, որ ինչ-որ մեկի արտահայտած զրպարտությունը տպագրող լրատվամիջոցը նույնպես ենթարկվելու է սահմանված նույն պատժին, ինչին կենթարկվի զրպարտողն՝ ինքը: Այս, ինչպես նաեւ տուգանքներ սահմանող դրույթներն արժանացան սուր քննադատության: Եվ աշխատանքային խմբի հանդիպումների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել օրինագծի այդ հատվածը ձեւակերպել այնպես, որ զրպարտությունն ուղղակիորեն փոխանցող լրատվամիջոցը չպետք է ենթարկվի պատասխանատվության: Հ.Սահակյանը չհաստատեց, բայց նաեւ չհերքեց, որ նախագծով սահմանված տուգանքների չափերը կարող են նվազեցվել: «Ցանկացած հարց կարող է քննարկվել եւ քննարկվում է: Նշեմ, որ մենք շտապողականություն չենք ցուցաբերում, մենք խնդիր չենք լուծում, որ օր առաջ պետք է դնենք երկրորդ ընթերցման»,- ասաց նա:

Այդ օրինագծի առիթով ԱԺ-ում կազմակերպած լսումների ժամանակ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը մի շարք առաջարկություններ էր ներկայացրել: Փորձագետը մեզ հետ զրույցում ասաց, թե «այս պահի դրությամբ վերաբերմունքը դեպի օրինագծի փոփոխությունները կարծես թե դրական է»: Բայց այս ընթացքում ոչ բոլոր դրույթներն են քննարկել: «Այդ օրինագծի վրա աշխատանքներն առայժմ կանգնած են, եւ չգիտեմ, թե երբ կսկսվեն: Նախագծում մի քանի փոփոխություններ արվել են: Իհարկե, դա աշխատանքային խումբն է անում: Բայց կարգն այնպես է, որ հեղինակներն էլ պետք է ընդունեն այդ առաջարկները»,- ասաց Մ.Հարությունյանը:

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, թե լսումները տվեցին գաղափարներ, որոնք անհրաժեշտ է իրացնել: Իսկ Հ.Սահակյանն ասաց, թե Մ.Հարությունյանի առաջարկությունների մեծ մասն ընդունվել է: Դ.Հարությունյանն ավելի քան մեկ շաբաթ Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽ ԽՎ նիստին: Հայաստան կվերադառնա միայն մայիսի 6-ին, եւ միգուցե աշխատանքային խումբը դրանից հետո նոր վերսկսի իր աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էլ երեկ ասաց, թե իրեն ոչ թե օրինագիծը, այլ դրա կիրառումն է մտահոգում: «Մեր քաղաքական, իրավական մշակույթը հիմք չի տալիս, որ վստահ լինենք, թե դա կարող է իրավակիրառ պրակտիկայում դեֆորմացիաների չենթարկվել: Իրավակիրառ պրակտիկան մեզ մոտ շատ դեպքերում ավելի վատն է, քան բուն օրենքները: Դրա համար էլ ես այդքան կողմնակից չեմ այդ նախագծին: Մտածում եմ, որ, այնուամենայնիվ, պետք է մեխանիզմներ նախատեսվեն: Իմանալով, որ մեր իրավակիրառ պրակտիկան խեղաթյուրում է օրենքի փիլիսոփայությունը` միգուցե այդ մեխանիզմներով հնարավոր լինի կանխավ նվազեցնել նման խեղաթյուրման երեւույթները»,- ասաց Ա.Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Freedom House» հեղինակավոր կազմակերպությունը իր հերթական տարեկան զեկույցում Հայաստանին դասել էր մամուլի ազատության հարցերով «անազատ երկրների» շարքում: Արդյո՞ք ընդունվելուց հետո այս օրինագիծն ավելի չի խորացնելու խոսքի ազատության առանց այդ էլ անազատ վիճակը: «Մենք կիսաազատ էինք, եւ հանկարծ պարզվեց, որ ազատ չենք: Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ինչն է փոխվել, որովհետեւ իմ կարծիքով՝ վիճակն ինչպիսին եղել է, այդպիսին էլ մնացել է: Ես միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ երբ խոսքը մամուլի ազատությանն է վերաբերում, ապա կոմպրոմիսներ չեն կարող լինել: Կամ ազատ է վիճակը, կամ անազատ է: Եվ ինձ համար հստակ է, որ մեզ մոտ անազատ է»,- ասաց ՄԻ պաշտպանը: