Մինչ շարունակվում է Չարենցավանում տեղի ունեցած գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան գործի քննությունը` նույն գողության գործով բերման ենթարկված Դավիթ Գյուլումյանի հարազատները ահազանգում են Ոստիկանության բաժանմունքում վերջինիս նկատմամբ բռնությունների մասին: Նույն գործով կալանավորված Դավիթ Գյուլումյանի հարազատներն «Ազատություն» ռադիոկայանին ասել են, որ նույն օրը Ոստիկանության բաժին են տարել նաեւ Դավիթին, ու թեեւ մոր` Արմիկ Ղարիբյանի պնդմամբ, Ոստիկանությունում ասել են, թե իր որդին գողության գործի հետ կապ չունի, նրան 3 օր պահել են այնտեղ, ապա կալանավորել եւ տեղափոխել են Սովետաշենի կալանավայր: Այստեղ Արմիկ Ղարիբյանը հնարավորություն է ստացել տեսակցել որդու հետ, որտեղ եւ Դավիթ Գյուլումյանը պատմել է, թե իրեն դաժան ծեծի են ենթարկել, որի արդյունքում ինքը «ինչ-որ բան է գրել»: Դավիթի հորաքրոջ` Ալվարդ Գյուլումյանի փոխանցմամբ, մորը տեսակցելիս նա ասել է. «Ինձ ահավոր ծեծի են ենթարկել, կամ պետք է մեռնեի` Վահանի նման, կամ պետք է գրեի, ուրիշ հնար չկար»: Երիտասարդի մայրը եւ հորաքույրն «Ազատությանը» պատմել են, որ արդեն տարիներ շարունակ Չարենցավանի ոստիկանության բաժնի ղեկավար պաշտոնյաները ստիպում են Դավիթ Գյուլումյանին համագործակցել իրենց հետ ու տարբեր հանցագործությունների մասին տեղեկատվություն տրամադրել` ծեծի միջոցով երիտասարդին ստիպելով աշխատել իրենց համար: Գողության գործով կալանավորված Գյուլումյանի ընտանիքի փոխանցմամբ, իրենք ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Դավիթն ունի երկու անչափահաս երեխա, նրա խնամքի ներքո է նաեւ մահացած քրոջ երեխան: Չնայած բռնությունների մասին հարազատների պնդումներին` Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ապրիլի 15-ին անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն` Գյուլումյանի մոտ «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել», իսկ ինքը` Գյուլումյանը, ասել է, որ «իրեն որեւէ մեկը ծեծի չի ենթարկել»: