Կարնեգի Հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
– Ապրիլի 22-ին ՀՀ նախագահը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի փաստացի դադարեցման մասին մինչ այն պահը, երբ Անկարան կցուցադրի առաջ շարժվելու պատրաստակամություն եւ կվավերացնի 2009թ. ստորագրված արձանագրությունները: Արդյո՞ք դա նշանակում է գործընթացի ավարտ, թե՞ որոշ ժամանակ անց կարելի է սպասել դրա վերսկսմանը:
– Հաշվի առնելով այն, որ թուրքական կողմը չէր պատրաստվում վավերացնել արձանագրությունները, իսկ նախագահ Սարգսյանը գտնվում էր ինչ-որ բան անելու ճնշման տակ, նա ստիպված էր ընտրություն կատարել երկու վատ տարբերակների միջեւ: Նա ընտրեց չարյաց փոքրագույնը եւ չփակեց դուռը` ապագա բարելավման համար: Սակայն ես մտավախություն ունեմ, որ նույնիսկ հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո, վերջինս կշարունակի ձգձգել գործընթացը` պահանջներ առաջադրելով ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ: Միակ դրական արդյունքը երկու երկրների հասարակությունների միջեւ բազմաթիվ շփումներն են ու նույնիսկ գործարար կապերը: Դրանք չեն կորչի, այլ հակառակը, կբերեն ավելի մեծ վստահության եւ փոխըմբռնման հայերի եւ թուրքերի միջեւ:
– Հայ-թուրքական արձանագրություններում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները բացահայտ եւ համառորեն խոսում էին այն մասին, որ առանց ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն անհնար է: Այդ հայտարարությունները հնչում էին հարաբերություններն առանց նախապայմանների բարելավելու ԱՄՆ բազմաթիվ կոչերի ֆոնին:
– Կարծում եմ, այստեղ առկա էին բազմաթիվ թյուրըմբռնումներ եւ ոչ միանշանակ ուղերձներ: Նախագահ Գյուլն առաջ էր շարժվում Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ճանապարհով` չհիշատակելով Լեռնային Ղարաբաղի մասին, իսկ վարչապետ Էրդողանը պնդում էր, որպեսզի Ղարաբաղը կապված լինի գործընթացի հետ: Ես տեսնում եմ մի քանի գործոններ. տարբերությունը Գյուլի եւ Էրդողանի առաջնահերթություններում, Թուրքիայի միամիտ հույսերը առ այն, որ Հայաստանին կարելի է դրդել զիջումների ղարաբաղյան հարցում` արձանագրությունների վավերացման դիմաց։ Ադրբեջանի բացասական արձագանքի թերագնահատումը, գործընթացն արագացնելու ԱՄՆ փորձերը` «լավագույնի հույսերով», եւ գերադասելով հաշվի չառնել ղարաբաղյան հարցը:
– Վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք կոշտ հայտարարություններ էին արել Վաշինգտոնի հասցեին` բացահայտորեն մեղադրելով ամերիկյան վարչակազմին ղարաբաղյան կարգավորման գործընթացում «Հայաստանին աջակցելու» մեջ: Հաջորդ քայլը դարձավ Բաքվի որոշումը մայիսին նախատեսված ամերիկա-ադրբեջանական զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ այս քայլերն արվում են արդեն այն բանից հետո, երբ Բաքուն փաստորեն հասավ իր նպատակին` խափանելով հայ-թուրքական բարելավման գործընթացը: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ստանալ ԱՄՆ-ից:
– Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները վատն են միանգամից մի քանի ճակատներում: Կան երկու ակնհայտ սիմպտոմներ. Բաքվում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հետ կապված քաշքշուկները եւ այն փաստը, որ նախագահ Ալիեւը չէր հրավիրվել ապրիլին Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության գագաթաժողովին (հնարավոր է, պատճառը մտավախությունն էր այն մասին, որ նա կարող էր միջամտել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր համաձայնության հասնելու փորձերին):
Այժմ Բաքուն չի կարող հանգիստ արձագանքել այն ամենին, ինչն ընկալում է որպես վիրավորանք արտաքին ուժերի կողմից, եւ ցուցադրում է իր դժգոհությունը: Վատ հարաբերությունների եւս մեկ նշան դարձավ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը երկու երիտասարդ կալանավորված բլոգերների մասին: Ադրբեջանական իշխանություններից ջանք չի պահանջվում ազատ արձակել նրանց` որպես ժեստ Արեւմուտքին, սակայն նրանք դա չեն անում:
– Կարծիք կա, որ հայ-թուրքական գործընթացի դադարը պակաս ցավագին է Ռուսաստանի, քան Վաշինգտոնի համար, քանի որ, ի տարբերություն թուրք-ամերիկյան հարաբերությունների, Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները վերջին տարիներին աննախադեպ վերելք են ապրում:
– Մոսկվան հստակորեն սատարում էր հայ-թուրքական բարելավմանը մի քանի պատճառներով: Նրա հարաբերությունները Թուրքիայի հետ լավանում են, եւ ռուսաստանցի քաղաքական գործիչների մեծամասնությունը (բայց ոչ բոլորը) հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը գնահատում էին որպես տարածաշրջանում միանգամից երկու գործընկերների հետ աշխատելու եւ Վրաստանին էլ ավելի մեկուսացնելու հնարավորություն: Սակայն Մոսկվան նաեւ բարելավում է հարաբերությունները Ադրբեջանի հետ, հետեւաբար, նա չէր աջակցում բարելավման գործընթացին այնքան ակտիվ, որքան դա անում էր Վաշինգտոնը:
– Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը մանեւրելու շատ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Հայաստանին եւ կբացի «Արեւմուտքի դուռը»: Ակնհայտ է նաեւ, որ Թուրքիան չի պատրաստվում զոհաբերել իր շահերը հանուն այդ գործոնի: Արդյո՞ք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը չեն կարող արդյունավետ միջնորդի դեր խաղալ տվյալ փուլում:
– Կարծում եմ, որ այս դրվագը ցուցադրում է այն, որ Կովկասը դեռեւս երկրորդական է ամերիկյան քաղաքականության համար՝ Իրանի, Աֆղանստանի եւ Ռուսաստանի համեմատությամբ:
Վաշինգտոնը չունի բավարար լծակներ արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիայի վրա ազդելու համար, բացի այդ, նրան պետք է Թուրքիայի աջակցությունը Իրանի հարցում: Բոլորը հասկանում են, որ երկարաժամկետ հեռանկարում հայ-թուրքական սահմանի բացումը եւ ավելի մեծ ռեսուրսների ուղղումը դեպի ղարաբաղյան կարգավորումը մեծ օգուտներ է խոստանում բոլոր կողմերին: Սակայն վաշինգտոնյան քաղաքական գործիչները առավել ցանկանում են տեսնել արագ արդյունքներ, քան ներդնել երկարատեւ ջանքեր: Իսկ, ինչպես հայտնի է, իրավիճակը Կովկասում չի կարող փոխվել արագ միջամտությունների ճանապարհով:
Հատուկ «168 Ժամի» համար