Տագնապով է սպասում

04/05/2010

«Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպության կողմից ԶԼՄ-ների ազատությունների մասին ամենամյա զեկույցը հրապարակելուց հետո ու իմանալով, թե որ երկիրն ինչ տեղ է գրավում, մենք շեշտը դրեցինք ու ընդգծեցինք այն փաստը, որ մենք Ադրբեջանից մի քանի աստիճան բարձր ենք: Ներքին արժեքների մասով ցանկալի չէ հակառակորդի նմանատիպ խնդիրներին անդրադառնալ: Ցանկալի կլիներ, որ համեմատություններ անենք այլ հարցերում` բանակի մարտունակություն, արտաքին քաղաքականություն, բայց խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության առումով ցանկալի է, որ Հայաստանը համեմատության մեջ մտնի գոնե հետխորհրդային երկրների հետ, ինչպիսիք են Լատվիան, Լիտվան, Էստոնիան: Հայաստանը պետք է ձգտի նման երկրների հետ համեմատվել»,- երեկվա ասուլիսում հայտարարել է «Լրագրողները հանուն ապագայի» հ/կ նախագահ Սուրեն Դեհերյանը: Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նկատել է, թե պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել «Freedom House»-ի գնահատականներին, քանի որ նախ պետք է ուշադրություն դարձնել երկրի կյանքում առկա դժվարություններին: Ըստ նրա, 2009թ. հանդարտ տարի է եղել, ինչի արդյունքում Հայաստանն այդ զեկույցում իր դիրքերը մի քանի աստիճան բարձրացրել է, չնայած մնացել է ոչ ազատ երկրների շարքում: «Սրանով խնդիրը լուծված չէ: Այս տարի լինելու է ավելի վճռական տարի, քանի որ Ազգային ժողովում քննարկվում է «Զրպարտության մասին» օրենքը Հայաստանի քրեական օրենսգրքից քաղաքացիական օրենսգիրք տեղափոխելու մասին օրենք, ինչպես նաեւ հեռուստահեռարձակման թվայնացումից հետո էլ նոր օրինագիծ կլինի (այս ամսվա կեսերին): Ես այդ պահին տագնապով եմ սպասում, քանի որ թվայնացումը, որն առաջընթացի խորհրդանիշ է, կարող է մեզ մոտ բերել ավելի լուրջ խնդիրներ, կվարվի էլ ավելի բարձր մակարդակի վերահսկողություն հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ»,- ասել է Բ. Նավասարդյանը` հավելելով, թե այս պարագայում պետք է արժանապատվություն դրսեւորվի, լրագրողները, լրատվամիջոցները պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրեն ու կիրառեն: