Երեկ ԱԺ շենքի դիմաց էին հավաքվել Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ, ովքեր բողոքում էին ԱԺ-ում ներկայացված այն օրինագծի դեմ, որի ընդունման դեպքում այլեւս առանց զինվորական գրքույկի հնարավոր չի լինի ընդունվել ՀՀ ոստիկանության ակադեմիա:
«Մենք չենք խուսափում պարտադիր զինվորական ծառայությունից, ընդունվենք, հետո նոր միայն գնանք ծառայելու, հիմա մեր իրավունքներն են ոտնահարում»,- «Ա1+»-ի թղթակցին ասել է Ակադեմիա ընդունվել ցանկացող Նարեկ Ներսիսյանը: Ըստ դիմորդների` հիմա իրենք անելանելի դրության մեջ են, քանի որ չեն կարող այլ բուհ դիմել, քանի որ երկու ամսում չեն հասցնի այլ առարկաներ յուրացնել: Նրանք պարապել են Հայոց լեզու «Թելադրություն» եւ Հայոց պատմություն: Դիմորդների ծնողներն էլ նշել են, որ ամսական 20.000 դրամ են տվել կրկնուսույցին` յուրաքանչյուր առարկայի համար: «Հղի կով եմ ծախել, կնոջս ոսկեղենը, որպեսզի երեխաս ինչ-որ արդյունքի հասնի, իսկ հիմա չգիտենք ինչ է լինելու»,- ասել է ծնողներից մեկը:
Երեկ ապարանցիներին ընդունել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ծնողներից մեկի փոխանցմամբ` Սահակյանը խոստացել է, որ այդ հարցը կքննարկեն: Ի դեպ, ՀՀ կառավարությունն ապրիլի 22-ին հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով վերացվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու իրավունքը: