5-ամյա Էդգարը` հենված մոր ծնկներին, խոշոր աչքերը ճպճպացնելով՝ անշարժ նայում է ուղիղ աչքերիս մեջ: Դեսից-դենից մտքիս եկած իմ հարցերին չի պատասխանում, որովհետեւ «մանկական» ոճի խոսակցություն չի սիրում: «Ասելու բան չունեմ»,- հանդիսավոր հայտարարում է նա: Բայց երբ հարցնում եմ` ինչի՞ մասին ես երազում, մի տեսակ հրճվանքով պատասխանում է`«Երազում եմ, որ պապա դառնամ»: Էդգարի անմիջական պատասխանից ես ու նրա մայրը` Գրետան, «քրքջում» ենք, իսկ փոքրիկը հեգնելով ու մի քիչ էլ վիրավորված ասում է` «Կտեսնե՛ս, շատ երեխեք կունենամ ու լավ պապա կդառնամ»: Այս փոքրիկ տղան հիմիկվանից մանկությունը թողած՝ «լավ պապա» դառնալու մասին է մտածում, որովհետեւ պապայի հարցում բախտը չի բերել: Իր մանկական մտքի մեջ հավանաբար չի տեղավորվում այն իրականությունը, որ ինքը պապա ունի, բայց քանի որ մոր հետ ամուսնալուծված են` ստիպված են ընդունել պապայի պայմանական «չգոյությունը»: Ասում է` «Արտյոմին կարոտում եմ»: Արտյոմն, արդեն քանի օր է, հոր մոտ է, եւ ավագ եղբոր բացակայությունից Էդգարն իրեն մի տեսակ ավելի անպաշտպան ու թախծոտ է զգում: Ուզում է թեկուզ առանց պապա, բայց եղբայրն իր կողքին լինի: Մի բան էլ կա, որ Էդգարին շատ է խեղճացնում. երբ բակի տղաներն իրենց հայրիկների տված դրամով պաղպաղակ են գնում` Էդգարը մորից փող չի ուզում: Հասկանում է, որ մայրը 16.000 դրամ ընտանեկան նպաստով լույսի, ջրի ու գազի պարտքերն է հազիվ մարում: Էդգարը վերջերս մեծերից մի բան է սովորել` «Նիսյայով խանութից ապրանք վերցնել»: Մայրը` Գրետան, օրեր առաջ հայտնաբերել է, որ Էդգարը հարակից խանութներից «նիսյայով» ահագին պարտք է կուտակել: Խանութի աշխատողները նրան ասել են, որ փոքրիկ տղան բակի տղաների հետ պաղպաղակ գնելու ժամանակ ասում է` «Նիսյայով տվեք, պարտքը կփակենք»: Էդգարը երեւի հույս ունի, որ բակի տղաների նման մի օր էլ իր հայրը կհայտնվի, ու նրա ձեռքից վերցրած գումարով պաղպաղակի պարտքերը կփակի: Բայց… քանի որ նրա հայրը ոչ հայտնվում է, ոչ էլ` առձեռն գումար է տալիս` Գրետան ստիպված է որդու «նիսյայով» վերցրած պաղպաղակի պարտքերը ժամանակ առ ժամանակ մարել:
33-ամյա Գրետա Մարկոսյանը երկու որդիների հետ ապրում է Վարդաշենում գտնվող հայրական տանը: 17 տարեկանում ամուսնացել է ու հասկացել, որ ծնողների միջնորդավորած ամուսնությունը մեծ «ոսկորի» պես կանգնել է կոկորդին ու չի մարսվում: «Դե՛, պատկերացրու, 17 տարեկան, լրիվ խակ, անփորձ… Սկսվեցին անհաշտություններն ու վիճաբանությունները: Չէինք հասկանում իրար, միջնորդով ամուսնությունն ի՞նչ պիտի լիներ: Սթրեսներից ու ներվային իրավիճակներից անընդհատ վիժում էի: Հղիանում էի ու կորցնում երեխային: Մեծս` Արտյոմս, իմ վեցերորդ երեխան է, որովհետեւ հինգ երեխա եմ կորցրել»,- պատմում է Գրետան, այնուամենայնիվ, չկարողանալով բացատրել ամուսնության ձախողման իրական պատճառը: Երկար-բարակ բացատրություններն ամբողջացնում է մեկ բառի մեջ` «Անբախտացա»: Անբախտանալուց հետո կրկին վերադարձել է հայրական տուն: Գրետայի հայրը մահացել է, իսկ մայրը եղբոր ընտանիքի հետ Ռուսաստանում է ապրում: «Մասնագիտությամբ կապի տեխնիկ եմ, երկար տարիներ փոստում եմ աշխատել: Երբ գնում եմ «Փարոսի» հարցերով` լացս գալիս է, որովհետեւ ժամանակին մարդիկ էին ինձ դիմում, իսկ հիմա… Փոստի աշխատողն էն օրն ինձ ճանաչեց, ասում է` Գրետա, դո՞ւ ինչ ես անում էստեղ: Ո՞նց բացատրես, թե ինչերի միջով ես անցել…»,- ասում է երիտասարդ կինը: Գրետան միայնակ է մեծացնում երեխաներին, եւ ապրում են ընտանեկան 16.000 դրամ նպաստով: Նախկին ամուսինը պարբերաբար մի քանի օրով մեծին` Արտյոմին, տանում է իր տուն: Ձմռանը կոմունալ ծախսերն ավելացրել են, այդ իսկ պատճառով Գրետան ստիպված է եղել Էդգարին մանկապարտեզ այլեւս չուղարկել: 6000 դրամ վարձավճարը եւ մանր-մունր այլ ծախսերն այլեւս անհնար են դարձրել հոգալ երեխայի մանկապարտեզի հոգսերը: Էդգարը մանկապարտեզի անունը լսելուն պես հայտարարում է` «Բայց ես ուզում եմ գնամ մանկապարտեզ: Տունը լավ չի, մանկապարտեզ եմ ուզում»: Տանն իսկապես լավ չէ, որովհետեւ Գրետայի հայրական տունը մի դար ապրած ու քարուքանդ եղած է: Հորդառատ անձրեւներից քուն ու դադար չունեն: Տանիքից անձրեւաջրերն այնպես են հոսում, որ Գրետան ամբողջ գիշեր չի քնում տարաներով լցված ջրերը դատարկելու համար: Մահճակալի մոտ իրար ետեւից շարված տարաները, խոնավության անդուր օդը ննջասենյակում մի քանի րոպե մնալն անհնար են դարձրել: Գրետան վախենում է… Խոնավության պատճառով թոքաբորբով հիվանդացել է ու ձախակողմյան թոքը դեֆորմացվել է: Արդեն քանի օր է` ոտքերն ու ձեռքերը սարսափելի ցավում են: Առավոտյան արթնանալիս ծանրություն է զգում ու դժվարանում է անկողնուց վեր կենալ: Ասում է` «Զգում եմ, որ գնալով վատանում եմ ու վախենում եմ երեխաներիս համար»:
Գրետայի հարեւանները տեսնելով նրա օր օրի վատանալն ու անելանելի վիճակը` դիմել են խմբագրություն` նրան աջակցելու խնդրանքով: Հարցնում եմ` «Բայց ի՞նչ կարող ենք անել». «Չգիտեմ, ճիշտն ասած` ես սովորել եմ «Փարոսով» երեխաներիս յոլա տանել: Ինձ ոչ մի բան պետք չի, հագուստ-մագուստ: Ես կարողանում եմ երեխաներիս յոլա տանել: Բայց էս անձրեւաջրերի պատճառով տան պատերը, խոնավությունը… վախենում եմ, հասկանո՞ւմ եք, եթե ես էլ անկողին ընկա` բա երեխաներիս հետ ի՞նչ կլինի: Ոնց հաշվարկ եմ անում՝ հնարավոր չի իմ միջոցներով էս տան տանիքի հարցերը լուծեմ: Մի 150.000 դրամ կկազմի: Ախր անտղամարդ տանը… Հարեւանս ասեց, որ ձեզ դիմեմ»: Ասում եմ` «Երեւի ճիշտ կլինի դիմեք թաղապետարան, գուցե օգնեն»: Գրետան անիմաստ է համարում իր տան հետ կապված խնդիրներով դիմել պետական որեւէ կառույցի` հասկանալով, որ որպես առանձին տնտեսություն` կենցաղային հարցերն իր լուծելու խնդիրն են: Բայց քանի որ միայնակ ու առանց ամուսին է` հայտնվել է անօգնական վիճակում: Ասում է` «Պիտի գնամ բժշկի, բայց էնքան եմ վախենում: Զգում եմ, որ առողջությունս կորցնում եմ, բայց… Ախր ես էլի ոչինչ, բա երեխաներիս հետ ի՞նչ կլինի»: Հետո Գրետան ամաչելով երկար-բարակ հարց ու փորձ է անում` հասկանալու համար, թե արդյո՞ք հնարավոր է մի հրաշքով մի ընթերցող ցանկանա օգնել իրեն: Ասում եմ` «Հրաշքներ լինում են, իսկ ընթերցողների մեջ հրաշալի մարդիկ շատ կան»: Գրետան հպարտ կին է, դրա համար էլ խոսելու ընթացքում ներքուստ ինքն իր հետ կռվում է: Երիտասարդ կնոջ մեջ խոսում է չխնամված, բայց նրբագեղ, հպարտ կինն ու երկու երեխաների հիվանդ մայրը, որն ուզում է իր գոյությամբ երեխաներին պաշտպանել: «Վախենում եմ…»,- անդադար կրկնում է: Մոր ընկճված վիճակից ազդված՝ մոտենում է Էդգարն, ու փոքրիկ ձեռքերը «ծորում են» մոր պարանոցով մեկ: Գրետան ու Էդգարը գրկախառնվում են, ու Գրետայի մեջ արթնանում է գեղեցիկ, հպարտ ու լավ մայրը:
Էդգարը մորն ասում է, որ բակի տղաները գնում են պաղպաղակ գնելու: Մայրն ամաչելով սաստում է` «Հետո, Էդգար, հետո կխոսենք»: Մի քանի մետաղադրամ եմ դնում սեղանին ու խնդրում եմ, որ վերցնի պաղպաղակ գնի: Էդգարը մոտենում է, բայց Գրետան կտրուկ արգելում է գումարը վերցնել: Գրետային խնդրում եմ, որ թույլ տա երեխան պաղպաղակ գնի: «Կներես, բայց չպիտի վերցնի: Եթե ես ասում եմ՝ ոչ, ուրեմն` կյանքում չի վերցնի: Թույլ չեմ տալիս, Էդգար»: Էդգարը նայում է սեղանին դրված մետաղադրամներին, նայում է մոր սաստող հայացքին ու թողնում-հեռանում է: Հեռանում է՝ խանութից «նիսյայով» պաղպաղակ վերցնելու: Էդգարը հավատում է, որ մի օր ինքը պապա է դառնալու, ու իր երեխան բակի տղաների հետ գնալու է ոչ թե «նիսյայով», այլ իր տված դրամով պաղպաղակ գնելու: