Դավանափո՞խ է եղել

01/05/2010

ՀՅԴ նախկին անդամ Ռուբեն Հակոբյանի եւ սոցապ նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանի անդամագրվելը «Ժառանգությանը» չի իրականացվել ֆինանսական գայթակղության կամ այլ միջոցների միջոցով: Այս մասին երեկ հայտարարել է կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ առաջիկայում եւս շարունակվելու է «հանրահայտ» նոր մարդկանց անդամագրումը կուսակցությանը: Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը` անդրադառնալով իր նախկին կուսակցին` Ռուբեն Հակոբյանին, ով օրեր առաջ դարձել է «Ժառանգության» անդամ, ասել է, թե անկախ նրանից` ով ուր է գտնվում, նախկին դաշնակցական չի լինում, քանի որ «Դաշնակցությունը կուսակցություն չէ, այլ մտածողություն, դավանանք»: Նաեւ հավելել է. «Պարսավելի բան չենք տեսնում: Կուսակցությունը մենք համարում ենք ընտանիք: Ով գալիս է կուսակցություն, դառնում է կուսակցության անդամ, դուրս գալուց հետո նա մեր ընտանիքի անդամը չէ եւ ազատ է իր գործունեության մեջ»: