Երեկ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը պաշտոնապես ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել: Ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանն ասել է, թե պարզաբանելով իր այդ հայտարարությունը, Ա. Սարգսյանը հայտարարել է, թե իրեն Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները զեկուցել են, որ Չարենցավանի ոստիկանությունում ինքնասպանություն է տեղի ունեցել: «Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել` ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր որ հանցանք են կատարել` ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով: Ես նախապես ասում եմ` ոչ մեկին չեմ պաշտպանելու, մեղավորները պատժվելու են: Ես ծեծը երբեք չեմ խրախուսել, աշխատանքի ավելի ճիշտ մեթոդներ կան»,- ասել է նա: Սակայն նույն պարզաբանման մեջ ինքն իրեն հերքելով՝ Ա. Սարգսյանը կրկին պնդել է, որ Վ. Խալաֆյանն ինքնասպան է եղել` բացառելով սպանության վարկածը: «Ես հիմա էլ պնդում եմ, որ դա ինքնասպանություն է եղել` նա է դանակը վերցրել ու իրեն սպանել»,- ասել է Ալիկ Սարգսյանը: Այսինքն` ստացվում է, որ Վ. Խալաֆյանին ծեծել-խոշտանգել են, ինչի համար, ինչպես Ոստիկանապետն է ասում, «բոլորը պատժվելու են օրենքի խստագույն տառով», մյուս կողմից՝ նա պնդում է, որ 24-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել: Ընդհանրապես, որեւէ նորմալ երկրում Ոստիկանապետի նմանատիպ «ներողությունը» կցված կլիներ հրաժարականի տեքստին, քանի որ պետական պաշտոնյան խոստովանում է, որ ոչ միայն իր ենթականերն են իրեն սխալ տեղեկատվություն հաղորդել, այլ նաեւ ինքը` դրա հիման վրա ապատեղեկացրել է հասարակությանը: Ոստիկանության այն աշխատակիցների հաղորդագրության հիման վրա, որոնք, իր իսկ խոսքերով, խաբել են իրեն: