«Time»-ը հրապարակել է 2010թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որտեղ «Լիդերների» ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան: Նրան հետեւում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը: Լիդերների թվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որը զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը: «Հերոսների» կատեգորիան գլխավորում է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Իրանի ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավին եւ դերասան Բեն Սթիլերը: «Մշակույթի» ասպարեզում աչքի են ընկել ռուս դիրիժոր Վալերի Գերգիեւը, ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, հեռուստահաղորդավարուհի Օպրա Ուինֆրին, Էլթոն Ջոնը, Սանդրա Բալոքը, Ջեյմս Քեմերոնը եւ այլք։