Ներողություն է խնդրում

01/05/2010

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել` պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում մահացած Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել: Ոստիկանապետի վերոհիշյալ պնդումներից հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռք բերված ապացույցներով պարզել է, որ 24-ամյա երիտասարդը բռնությունների է ենթարկվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից, ով հինգշաբթի օրն արդեն կալանավորվել է: Ոստիկանապետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանը երեկ փոխանցել է, որ Ա. Սարգսյանը, պարզաբանելով իր այդ հայտարարությունը, ասել է, որ իրեն Կոտայքի մարզի ոստիկանության աշխատակիցները զեկուցել են, որ Չարենցավանի ոստիկանությունում ինքնասպանություն է տեղի ունեցել: Սարգսյանը հարցրել է, թե հնարավո՞ր է, որ անձի նկատմամբ բռնություն է կիրառվել, եւ նրան զեկուցել են, թե նման բան չկա: «Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել` ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր որ հանցանք են կատարել` ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով: Ես նախապես ասում եմ` ոչ մեկին չեմ պաշտպանելու, մեղավորները պատժվելու են: Ես ծեծը երբեք չեմ խրախուսել, աշխատանքի ավելի ճիշտ մեթոդներ կան»,- ասել է ՀՀ ոստիկանապետը: «Ինձ թող ներեն այն մարդիկ, որոնց ես իմ հայտարարությամբ ապատեղեկատվություն եմ տվել: Իսկ ինձ խաբողները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Ես ոչ ոքի չեմ ներելու»,- հայտարարել է Ալիկ Սարգսյանը` նշելով, որ իր կողմից նշանակված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել, եւ ինքը պատժելու է բոլոր նրանց, ովքեր այս գործին որեւէ առնչություն են ունեցել: Միաժամանակ, ոստիկանապետը կրկին պնդել է, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել` բացառելով սպանության վարկածը:

«Ես հիմա էլ պնդում եմ, որ դա ինքնասպանություն է եղել` նա է դանակը վերցրել ու իրեն սպանել»,- ոստիկանապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` ասել է Ալիկ Սարգսյանը: Իսկ թե որքանո՞վ է այս ինֆորմացիա հաղորդողը Ա. Սարգսյանին իրականությունը ներկայացրել` հայտնի չէ: Իսկ ի՞նչ երաշխիք, որ Ա. Սարգսյանը դարձյալ «խաբված» չէ, եւ որ «ինքնասպանության» պատմությունը նկարագրողները դարձյալ իրենց շեֆին «անհարմար» վիճակի մեջ չեն գցի: