Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը ապրիլի 29-ի ուշ երեկոյան ամփոփել է 6.5 ժամ տեւած քննարկումների արդյունքները: Նիստին, որը ղեկավարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մասնակցել են վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ԶՈւ ԳՇ պետ Իլքեր Բաշբուղը եւ այլ պաշտոնյաներ: Նիստի քննարկման հիմնական թեմաներն առնչվել են Թուրքիայի ազգային անվտանգությանը վերաբերող արտաքին եւ ներքին զարգացումներին, Թուրքիա-Իրաք-ԱՄՆ համագործակցության շրջանակում հակաահաբեկչական քայլերին, Հյուսիսային Կիպրոսում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Ամփոփվել են նաեւ ԱՄՆ-ում տեղի ունեցած միջուկային անվտանգության գագաթաժողովի արդյունքները: Թուրքիայի քաղաքական եւ զինվորական ղեկավարությունը հատուկ անդրադարձ է կատարել աշխարհի մի շարք խորհրդարաններում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւերի ընդունմանը եւ Հարավային Կովկասում իրավիճակին: «Հայերի եւ թուրքերի համատեղ պատմությունը պետք է գնահատվի կասկած չհարուցող հավաստի ապացույցների եւ փաստաթղթերի հիման վրա` անկողմնակալ գիտական մոտեցմամբ: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա Թուրքիան կարեւորում եւ քայլեր է ձեռնարկում այդտեղ կայունության եւ բոլոր երկրների հետ համագործակցության հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ: