Սեպտեմբերի 12-ին մեկնարկեց ԱԺ աշնանային վեցերորդ նստաշրջանը, որի
օրակարգում շարունակում է մնալ երրորդ գումարման նստաշրջանի օրակարգում
ընդգրկված` քվեարկությունների կեսից ավելիին անհարգելի բացակայություն
ունեցող պատգամավորներին մանդատից զրկելու հարցը: Հիշեցնենք, որ
ընդդիմությունն ԱԺ աշխատանքները բոյկոտում է 2003թ. փետրվարից, եւ բոյկոտ
հայտարարած պատգամավորների բացակայություններն ԱԺ Պետաիրավական հարցերով
մշտական հանձնաժողովը 2003թ. հունիսին կայացած նիստում համարել է
անհարգելի` այն ընդգրկելով ԱԺ եռօրյա նիստերի օրակարգ: Այսօր ընդդիմության
բացակայությունները նույնպես անհարգելի են` անկախ նրանից, հարցը
քննարկվե՞լ է, թե՞ ոչ:
Ուրբաթ օրն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը, ԱԺ
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկով,
չքննարկեց հինգերորդ նստաշրջանի աշխատանքների կեսից ավելիին չմասնակցած
պատգամավորների հարցը: Գ. Սահակյանը, ճիշտ է, կողմ է հարցն ԱԺ նիստում
քննարկելուն, սակայն գտնում է, որ անիմաստ էր այդ հարցին վերստին
անդրադառնալ հանձնաժողովի նիստում, երբ այն արդեն ընդգրկված է ԱԺ
լիագումար նիստի օրակարգ, եւ դրանում ԱԺ կանոնակարգի որեւէ խախտում չի
տեսնում: Հարցը հանձնաժողովի նիստում չքննարկելն օրենքի խախտում չի
համարում նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Ռաֆիկ Պետրոսյանը: Սակայն ԱԺ Կանոնակարգի 99 հոդվածի 4-րդ կետով հստակ
սահմանված է, որ հանձնաժողովի նիստում հարցի քննարկումը պարտադիր է.
«Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նստաշրջանի
առաջին չորսօրյա նիստերի քննարկմանն է ներկայացնում եզրակացություն եւ ԱԺ
որոշման նախագիծ նախորդ հերթական նստաշրջանին քվեարկությունների առնվազն
կեսից ավելիին պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու մասին»: «Ո՛չ,
կանոնակարգի խախտում չէ: Հարցն արդեն օրակարգում է, եւ մեկ անգամ եւս այն
օրակարգ մտցնելու դեպքում մենք կդառնայինք ծաղրի առարկա»,- բացատրեց Ռ.
Պետրոսյանը: «Անկախ նրանից` հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ, իրենք պարտավոր
են այն նորից քննարկել: Կարող է նույն հարցը Պետաիրավական հարցերի մշտական
հանձնաժողովը քննարկի նույնիսկ վեցերորդ անգամ ու ընդգրկի օրակարգ:
Հանձնաժողովը խախտել է ԱԺ կանոնակարգը»,- հակադարձում է «Արդարություն»
խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: Նրա խոսքով, Ռ. Պետրոսյանի
ասածների հիմնական ու գլխավոր հակափաստարկը ԱԺ կանոնակարգն է, որը
Պետրոսյանի գլխավորած հանձնաժողովը շրջանցել է: «Գրվա՞ծ է, որ իրենք
յուրաքանչյուր հերթական նստաշրջանից առաջ պետք է քննարկեն, ուրեմն`
պարտավոր են քննարկել: Վե՛րջ: Ինչքան չենք գալիս նիստերին, այդքան նրանք
պետք է քննարկեն»,- ասաց Վ. Դալլաքյանը: Բացի այս, Վ. Դալլաքյանը գտնում
է, որ հանձնաժողովը ենթադրություններով է որոշում` հարցն ընդգրկե՞լ
օրակարգ, թե՞ ոչ. «Տեսականորեն հնարավոր է, որ այս անգամ հանձնաժողովն այս
հարցը քննարկեր, ու որոշեին, որ մեր բացակայությունները հարգելի են:
Հնարավոր է, չէ՞, նման բան: Ո՞վ է ասում, որ եթե իրենք այս անգամ նույն
հարցը քննարկեին, նույն եզրակացությանն էին հանգելու: Կարող է որոշեին, որ
24 ընդդիմադիր պատգամավորներից «X» պատգամավորի բացակայությունները
հարգելի էին այս ընթացքում: Բայց իրենք ընդհանրապես չեն անդրադարձել այս
հարցին, ինչը ենթադրում է, որ իրենք ի սկզբանե որոշել են, որ մեր
բացակայություններն անհարգելի են: Փաստորեն, իրենք այդ կանխավարկածով են
հարցերին մոտենում»: Իսկ ԱԺ նիստում որեւէ հարց, օրինագիծ քննարկելու
մասին որոշում կայացնելու իրավունք ունի միայն ԱԺ նախագահը, որը կարող է
անընդհատ հետաձգել` առաջնահերթությունը տալով այլ օրինագծերին: Հարցին`
եթե անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորների թիվն այնքան մեծ
լինի, որ խորհրդարանական ճգնաժամ առաջանա, դարձյա՞լ քննարկելու մասին
որոշում պետք է կայացնի ԱԺ նախագահը, Վ. Դալլաքյանը պատասխանեց. «Այդ
հարցը չի կարող կանոնակարգվել, եւ նման դեպքերում որոշում է կայացնում ԱԺ
մեծամասնությունը: Հարցերի քննարկման առաջնահերթությունն ԱԺ նախագահն է
որոշում եւ կարող է ԱԺ «X» նախագահը դիտավորյալ, քանի որ ընդդիմությունը
փոքրամասնություն է, ընդդիմության ներկայացրած օրինագիծը 4 տարի
չքննարկել: Այսինքն` պատգամավորը պաշտպանված չէ»: Իսկ «Ա. Բաղդասարյանն
առաջնահերթություն չտալով ընդդիմադիր պատգամավորների բացակայությունների
հարցի քննարկմանը` երեք տարի շարունակ այն թողնելով ԱԺ օրակարգում,
խնայո՞ւմ է ընդդիմությանը, թե՞ այլ հիմնավոր բացատրություն կա» հարցին Վ.
Դալլաքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այստեղ խնայել-չխնայելու հարց չկա:
ԱԺ նախագահը, կարծում եմ, հասկանում է, որ նրանք, ովքեր պահանջում են
հարցը քննարկել, ուզում են իրեն դնել վատ վիճակում: Բոյկոտը քաղաքական
հիմնավորումներ է ունեցել, եւ սա «պրոգուլ» չէ: Այսինքն` մենք ոչ թե
անբարեխիղճ ենք, գործի չենք եկել, այլ քաղաքական բոյկոտ ենք հայտարարել:
Պարզ է` հիմա որեւէ մեկին ձեռնտու չէ մեզ մանդատներից զրկելը, խայտառակ
կլինեն, ու ոմանք ուզում են այդ խայտառակությունը կապել ԱԺ նախագահի հետ
ու նրան վարկաբեկել: Իսկ ԱԺ նախագահը դա շատ լավ է հասկանում»:
Ի դեպ, ԱԺ նախորդ՝ հինգերորդ գումարման նստաշրջանի ընթացքում
քվեարկությունների կեսից ավելիին, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, անհարգելի
բացակայել են միայն ԱԺ-ում ընդդիմություն ներկայացնող 24 պատգամավորները։
Մյուսների բացակայություններն, ըստ նրա, հարգելի են ու ընդհանրապես
քննարկման թեմա լինել չեն կարող: Ռ. Պետրոսյանը պնդում է, որ տեղի ունեցած
202 քվեարկություններից 101-ին, բացի ընդդիմադիր պատգամավորներից,
մյուսները մասնակցել են: Սա Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի
եզրակացությունն է, իսկ իրական պատկերը, կարծում ենք, բոլորին է հայտնի: