Թուրքիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բուրաք Օզյուգերգինը երեկ հայտարարել է, թե առաջիկայում Անկարան Հայաստանի առնչությամբ ոչինչ չի ծրագրել: Նա հրաժարվել է մեկնաբանել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի` Բաքվում ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին` Օզյուգերգինը հայտարարել է. «Այնպիսի տպավորություն է, թե ստորագրելով արձանագրությունները եւ սկսելով հարաբերությունների կարգավորման գործընթաց, մենք այլեւս չենք կարող հետաքրքրվել ղարաբաղյան հիմնախնդրով»: «Այս տրամաբանությունը հնարավոր չէ ընկալել. արձանագրությունները ստորագրեցինք եւ այդ պատճառով դադարում ենք հետաքրքրվել տարածաշրջանով` մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Դա տարօրինակ տրամաբանություն է: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է կորուստներ չունենանք նաեւ Ղարաբաղում, եւ հակառակը: Մաթեմատիկայում 2+2 միշտ հավասար է 4-ի: Սակայն միջազգային հարաբերություններում այդ գումարը կարող է հավասար լինել 5-ի կամ 6-ի: Կովկասի խաղաղությունն էլ նման մի բան է: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, եւ եթե մենք էլ հարաբերությունները կարգավորենք Հայաստանի հետ, ձեռք բերվելիք արդյունքը շատ ավելի մեծ է լինելու: Մենք հենց դա ենք ցանկանում ապահովել»,- ասել է Օզյուգերգինը: Նա անդրադարձել է նաեւ Իսրայելի խորհրդարանի օրակարգում ներառված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծին` հույս հայտնելով, որ դրա ընդունումը կտապալվի: «Հուսով ենք, որ ինչպես անցյալում, այս անգամ էլ այդ օրինագիծն անպտուղ կմնա: Մեր դիրքորոշումը խորհրդարանների կողմից պատմությունը դատապարտելու հարցում հայտնի է: Եթե պատմությամբ զբաղվեն պատմաբանները, շատ ավելի լավ կլինի»,- հայտարարել է Օզյուգերգինը: