Յուրաքանչյուր եռամսյակ հրապարակվող խոշոր հարկատուների ցանկին երեւի ամենաշատը սպասում են լրագրողները։ Որոշակի տվյալներ համեմատելով՝ այնտեղ միշտ կարելի է գտնել Հարկայինին ու կառավարությանը քննադատելու հիմքեր։ Ցանկում, որպես կանոն, միշտ արտացոլվում է մեր հարկահավաքության ամենախոցելի կետը՝ հարկերը ծանրանում են հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ուսերին։
Ինչ ենք փորձում անել մե՞նք՝ լրագրողներս։ Նախ՝ վերցնում ենք ընդհանուր հարկային մուտքերի մասին տվյալները, մասնավորապես՝ թե նախորդ տարվա համեմատ հարկային մուտքերը քանի տոկոսով են աճել։ Հետո՝ սպասում ենք մինչեւ հրապարակվի խոշոր հարկատուների ցանկը, եւ հաշվում ենք, թե քանի տոկոսով են աճել նրանց վճարած հարկերը։ Եթե պարզվում է, որ ընդհանուր հարկային մուտքերն ավելի շատ են աճել, քան առաջին հազար, առաջին 300 կամ առաջին 100 հարկատուների վճարած հարկերը, արձանագրում ենք՝ հարկային բեռը կրկին ծանրացել է խեղճուկրակ փոքր գործարարների վրա։ Անկեղծ ասած, կառավարության վերջին նիստերից մեկում վարչապետի՝ ՊԵԿ-ին ուղղված քննադատությունից հետ, համոզված էինք, որ այս անգամ էլ խոշոր հարկատուների ցանկը կպարունակի նույն ինֆորմացիան։ Սակայն այս անգամ լրիվ հակառակ պատկերն է ստացվել։
Այսպես, համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության, 2010 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 127.1 մլրդ դրամ: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 19.2%-ով կամ 20.5 մլրդ դրամով: Հիմա համեմատենք այդ ցուցանիշը խոշոր հարկատուների վճարած հարկերի հետ։ ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած ցանկի տվյալներով՝ 2010 ֆինանսական տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները բյուջե են մուծել 97.4 միլիարդ դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմում էր 74.1 միլիարդ։ Խոշոր հարկատուների վճարած հարկերի ու տուրքերի աճը, ըստ այդմ, կազմել է 31%։ Եթե հաշվի առնենք, որ տնտեսական աճը նույն ժամանակահատվածում կազմել է 5.5%, հարկահավաքության մակարդակը կարելի է բավականին բարձր գնահատել։
Սակայն դժվար է չնկատել եւս մեկ կարեւոր հանգամանք: Հրապարակված տվյալներում ամենաբացասական միտումը թերեւս այն է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի մեջ ուղղակի հարկերը աճել են շատ ավելի քիչ չափով՝ 25%-ով։ Արդյունքում, ուղղակի հարկերի տեսակարար կշիռը խոշորների վճարած հարկերի մեջ նվազել է 1.1 տոկոսային կետով՝ նախորդ տարվա 23.9%-ից իջնելով 22.8%-ի։
Ընդ որում, ընդհանուր հարկային մուտքերի մեջ (բոլոր հարկատուների վճարած հարկերի կառուցվածքում) ուղղակի հարկերը ավելի մեծ տեսակարար կշիռ ունեն։ Մասնավորապես, 2010թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների 14.8%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով ավելի քան 18.8 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում եկամտահարկը կազմել է 16.2 միլիարդ դրամ՝ եկամուտների ու պետական տուրքերի 12.8%-ը: Այսինքն՝ ողջ տնտեսության կտրվածքով ուղղակի հարկերի՝ շահութահարկի ու եկամտահարկի տեսակարար կշիռը եղել է 27.6%՝ խոշորների 22.8%-ի դիմաց։
Ընդհանրապես, ողջ տնտեսության կտրվածքով, հարկային մուտքերի կեսը ապահովվել է ավելացված արժեքի հաշվին։ Սա, կոպիտ ասած, նշանակում է, որ իրական հարկատուն ոչ թե գործարարն է, այլ՝ վերջնական սպառողը, քանի որ այդ ԱԱՀ-ն ի վերջո մտնում է ապրանքի վերջնական վաճառքի գնի մեջ։ Խոշոր հարկատուների ցանկում ուղղակի հարկերի հետ կապված հետաքրքիր իրողություններ կարելի է նկատել։ Ստորեւ բերված աղյուսակը կազմել ենք այս տարվա հունվար-մարտի եւ նախորդ տարվա հունվար-մարտի ցուցանիշների հիման վրա։ Այնտեղ պարզ երեւում է, ընկերությունների մեծ մասը ավելացրել է ընդհանուր հարկային մուտքերը, սակայն ուղղակի հարկերի չափը նվազել է։ Օրինակ՝ «ԱրմենՏելն» այս տարվա առաջին եռամսյակում 21.5%-ով ավելի շատ հարկ է վճարել, սակայն ուղղակի հարկերը նվազել են 26.4%-ով։ «Ֆլեշը» 22.3%-ով ավելացրել է հարկերը, սակայն ուղղակի հարկերը նվազել են 25 անգամ, «Միկա քորփորեշնը»՝ ցույց է տվել ընդհանուր հարկերի 5.1% աճ, ուղղակի հարկերի 10-անգամյա նվազում եւ այլն։ Ցավոք, խոշոր հարկատուների ցանկում չի տարանջատվում՝ ուղղակի հարկերից ո՞ր մասն է շահութահարկ, որը՝ եկամտահարկ։ Սակայն տրամաբանությունը հուշում է, որ ուղղակի հարկերի նվազումը կապված է շահութաբերության անկման հետ։ Այսինքն՝ հենց միայն այս իրողությունը խոսում է այն մասին, որ ճգնաժամի հետեւանքները դեռ հաղթահարված չեն։ Նկատենք նաեւ, որ կան ընկերություններ, որոնց դեպքում վերը նշվածի հակառակն է տեղի ունեցել։ Հարկերը ավելացել են, այդ թվում՝ ուղղակի հարկերը ավելացել են մի քանի անգամ ավելի մեծ չափով։ Այդ առումով ամենավառ օրինակը Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգն» է, որը զբաղեցնում է խոշոր հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը։ Ընկերությունը այս եռամսյակում 26.2%-ով ավելացրել է ընդհանուր հարկերը, իսկ ուղղակի հարկերը աճել են 15 անգամ։ Նախորդ տարվա 10.6 միլիոնի դիմաց «Ալեքս Գրիգն» այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 165 միլիոն դրամի ուղղակի հարկեր։ Ուղղակի հարկերի ավելացման իմաստով կարելի է առանձնացնել հետեւյալ ընկերություններին՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»՝ 107.2%, «Հայբիզնեսբանկ»՝ 366.1%, «Ամերիաբանկ»՝ 143.2%, «Հրազդան Էյջ Փի Սի Սի»՝ 25 անգամ։ Դե, իսկ ռեկորդակիրը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Ճգնաժամի պատճառով, ինչպես հայտնի է, ամենից շատ տուժեցին հենց հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները։ Արդյունքում՝ կտրուկ կրճատվեց նրանց վճարած հարկերի մեծությունը։ Մեր երբեմնի ամենախոշոր հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, 2009թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակում նահանջել էր մինչեւ 45-րդ տեղը՝ վճարելով ընդամենը 279.5 միլիոն դրամի հարկեր։ Այս տարի ընկերության գործերը սկսել են կարգավորվել. այն բարձրացել է 11-րդ տեղը, իսկ հարկերն աճել են ավելի քան 3 անգամ՝ կազմելով 1.2 միլիարդ դրամ։ Ինչ վերաբերում է ուղղակի հարկերին, ապա դրանք աճել են… 690 անգամ։ Այս եռամսյակում ընկերությունը բյուջե է վճարել շուրջ 675 միլիոն դրամի ուղղակի հարկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը ընդամենը 997 հազար էր։ Հանքարդյունաբերության ոլորտի վրա ճգնաժամի խոր ազդեցության մասին են վկայում նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ցուցանիշները. նախորդ տարվա առաջին եռամսյակի ցանկում ընկերությունը գահավիժել էր մինչեւ 457-րդ տեղը՝ բյուջե վճարելով ընդամենը 28.3 միլիոն դրամի հարկ։ Այս տարվա առաջին եռամսյակում հարկերը գերազանցում են 700 միլիոնը։
Մի խոսքով, հարկատուների ցանկը վկայում է տնտեսության վերականգնման միտումների մասին՝ թվերն ամենուր աճում են։ Սակայն անգամ աճած թվերը մնում են մեր տնտեսության ամենամեծ թերության ստվերի տակ՝ տնտեսության կառուցվածքի։ Ամենախոշոր հարկատուների ցանկում միայն ներմուծող եւ հանքարդյունաբերող ընկերություններ են։ Ընդ որում, դրանց կեսից ավելին հայկական ընկերություններին չեն պատկանում։