Պետք է հրաժարական տա

01/05/2010

ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին եւ նման պայմաններում պետք է հրաժարական տար: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Հատուկ քննչական ծառայության կողմից Չարենցավանի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կալանումը միանշանակ ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանապետը չի տիրապետում իրավիճակին, եւ նման պայմաններում բարեխիղճ պաշտոնատար անձը, բնականաբար, հրաժարական կտար` նվազագույնը»,- ասել է նա:

Ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հինգշաբթի օրը մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին: Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` «նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանք»:

ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանը, մինչդեռ, Խալաֆյանի մահվանից մեկ շաբաթ անց` ապրիլի 20-ին, «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, որ 24-ամյա երիտասարդին խոշտանգել ու սպանել են: «Ուղղակի հայտարարում եմ` նման խոշտանգում չի եղել»,- խոշտանգումների մասին Խալաֆյանի հարազատների պնդումներին հակադարձել էր Սարգսյանը: Ա. Սաքունցը, սակայն, կասկածելի է համարել Վ. Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու վարկածը` պնդելով ավելի շուտ սպանության հանգամանքը: