Ամերիկյան RAND Corporation-ի եվրոպական անվտանգության ամբիոնի վարիչ Սթիվեն Լարրաբիի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը
– Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի փաստացի դադարեցման մասին մինչ այն պահը, երբ Անկարան կցուցադրի առաջ շարժվելու պատրաստակամություն եւ կվավերացնի 2009 թվականին ստորագրված արձանագրությունները: Արդյո՞ք դա նշանակում է գործընթացի ավարտ, թե՞ որոշ ժամանակ անց կարելի է սպասել դրա վերսկսմանը:
– Հավանաբար, գործընթացը «խորը սառեցում» կվերապրի, սակայն կարող է կենդանանալ Թուրքիայի ընտրություններից հետո, եթե «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը հաջող հանդես գա դրանցում:
– Հայ-թուրքական արձանագրություններում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները բացահայտ եւ համառորեն խոսում էին այն մասին, որ առանց ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն անհնար է: Այդ հայտարարությունները հնչում էին հարաբերություններն առանց նախապայմանների բարելավելու՝ ԱՄՆ-ի բազմաթիվ կոչերի ֆոնին:
– Էրդողանի կառավարությունը եւ Օբամայի վարչակազմը թերագնահատել են Բաքվի, ինչպես նաեւ՝ թուրք ընդդիմադիր կուսակցությունների բացասական արձագանքի մակարդակը, որոնք խնդիրն օգտագործեցին քաղաքական նպատակներով: Նախորդ տարվա մայիսին Էրդողանի հապճեպ կազմակերպված այցը Բաքու եւ Ադրբեջանի խորհրդարանում նրա հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման միջեւ փոխադարձ կապի վերաբերյալ պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:
– Վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի ղեկավարության ներկայացուցիչները մի շարք կոշտ հայտարարություններ էին արել Վաշինգտոնի հասցեին` բացահայտորեն մեղադրելով ամերիկյան վարչակազմին ղարաբաղյան կարգավորման գործընթացում «Հայաստանին աջակցելու» մեջ: Հաջորդ քայլը դարձավ Բաքվի որոշումը մայիսին նախատեսված ամերիկա-ադրբեջանական զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին: Ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ այս քայլերն արվում են արդեն այն բանից հետո, երբ Բաքուն փաստորեն հասավ իր նպատակին` խափանելով հայ-թուրքական բարելավման գործընթացը: Ի՞նչ է ուզում Ադրբեջանը ստանալ ԱՄՆ-ից:
– Համոզված չեմ, որ Բաքուն ցանկանում է որեւէ այլ բան, քան արտահայտել իր դժգոհությունն այն կապակցությամբ, որ ԱՄՆ-ը աջակցում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից տարանջատելուն:
– Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը մանեւրելու շատ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Հայաստանին եւ կբացի «Արեւմուտքի դուռը»: Ակնհայտ է նաեւ, որ Թուրքիան չի պատրաստվում զոհաբերել իր շահերը հանուն այդ գործոնի: Արդյո՞ք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը չեն կարող արդյունավետ միջնորդի դեր խաղալ տվյալ փուլում:
– Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` դժվար կլինի կարճաժամկետ հեռանկարում հասնել նշանակալի առաջընթացի: Սակայն ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար` դա անելով «վարագույրի ետեւում» եւ առանց բարձրաձայնելու, քանի որ գործընթացի հաջողությունը կբացի կարեւոր շահեր: ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել երկխոսության ձախողում կամ տապալում եւ հուսով է, որ որոշակի փուլում, միգուցե Թուրքիայում ընտրություններից հետո, երկխոսությունը կվերականգնվի: Այսօր խնդիրը կարգավորման գործընթացի ամբողջական ձախողումը թույլ չտալն է:
Հատուկ «168 Ժամի» համար