Գայանե Խաչատրյանի լեգենդները

01/05/2010

Ապրիլի 30-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կարելի է ծանոթանալ նկարչուհի Գայանե Խաչատրյանի ինքնատիպ ու հեքիաթային աշխարհի հետ։

Ցուցադրության մեջ ընդգրկված են նկարչուհու ինչպես պատանեկան շրջանի, այնպես էլ վերջին աշխատանքները։ Մեկ տարի առաջ կյանքից հեռացած Գայանե Խաչատրյանը զարմանալի կապ է զգացել իր հարազատ քաղաքի՝ Թբիլիսիի հետ, անվանելով այն «մեծ գունային թատրոն»։ «Ինձ համար դա միայն քաղաք չէ, այլ մեծ ներկապնակ, որից ես գույներ եմ վերցնում»,- ասել է նա։ Թատրոնի բեմ հիշեցնող, աղմկոտ, գունեղ ու մարդաշատ թիֆլիսյան պատկերին նա գումարել է իր ագուլիսցի մոր հուշերը, որոնք, ըստ նկարչուհու խոստովանության՝ սնել են իրան, ուժ են տվել ու դրդել են հավատալ հեքիաթային դրախտավայրի գոյությանը։ Հետաքրքիր է, որ Գայանեն կերպարվեստ չի ուսանել, նա բառիս բուն իմաստով՝ եղել է ինքնուս, ինչը, թերեւս, միայն օգնել է իրեն ճանաչում ձեռք բերել ու վեր մնալ բոլոր ուղղություններից ու նկարչական ոճերից։ Հայտնի է, որ նկարչական կրթություն ստանալուց նրան ետ է պահել Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, ով վստահեցրել է նկարչուհուն, որ ակադեմիական կրթությունը կարող է միայն վնասել նրա օրիգինալ արվեստին։ Գայանե Խաչատրյանը երբեք չի ձգտել փառք ու ճանաչում ստանալ եւ ոչինչ չի արել՝ սեփական նկարները գովազդելու համար, սակայն փառքն ինքն է եկել ու գտել նրան։

Գայանեի կտավները կարող են հիացնել եւ կարող են դուր չգալ, սակայն դրանք ոչ մեկին անտարբեր չեն թողնում, քանի որ կտավների մեջ մեծ էներգիա է կուտակված (շատ դեպքերում նույնիսկ միստիկ կանխազգացումներ կան)։ Նրա նկարները նման են քաոտիկ, լեգենդներով ու սիմվոլներով պարուրված լաբիրինթոսների, որտեղ հայտնվելով՝ ուզում ես անպայման մինչեւ վերջ գնալ ու գտնել ելքը։ Իսկ ելք չկա։ Ելքը միայն երեւակայական է, քանի որ, եթե հանկարծ սուզվում ես իր ռեալ աշխարհի մեջ, այլեւս դուրս գալ չես կարող։ «Կերպարվեստը իմ մաշկն է, իմ կմախքը։ Ես չեմ սիրում բնորդներ նկարել, քանի որ, ամեն անգամ նկարելով մարդուն, ես նորից եմ նրան ստեղծում»,- ասել է Գայանե Խաչատրյանը։ Նա նկարել է այնպես, ինչպես ապրել է՝ իրար միացնելով դժվար ներկան ու երեւակայական ազատությունը։ Նկարչուհին իրոք դժվար է ապրել (երկար տարիներ խնամել է հիվանդ մորը, աշխատանք է փնտրել, իսկ հետո հիվանդացել), սակայն նա միշտ նկարել է տոն։