ՀՅԴ-ի ժառանգությունը՝ «Ժառանգությանը»

29/04/2010

ՀՅԴ նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը դարձել է «Ժառանգություն» կուսակցության անդամ: Ռ. Հակոբյանն առայժմ չի բացատրում իր այդ քայլի դրդապատճառները, իսկ «Ժառանգությունում» ասում են, որ նրա հետ շատ հարցերում համակարծիք լինելով, առանց երկար մտածելու, նրան ընդունել են կուսակցության շարքերը: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Ռ. Հակոբյանի այս քայլը այնքան էլ «ինքնաբուխ» չէ, եւ նա «Ժառանգությանն» անդամագրվել է իշխանական ինչ-որ «պրոյեկտի», մասնավորապես` «նոր ընդդիմության» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ անցած մոտ մեկ տարվա ընթացքում տարբեր առիթներով իշխանությունները ցանկանում են «Ժառանգությանը» ներգրավել ՀՅԴ-ի ու այլ կիսաիշխանական ուժերի մասնակցությամբ ինչ-որ ձեւաչափում, որը պետք է հանդես գար որպես երրորդ ուժ: Այդ հողի վրա «Ժառանգության» մի շարք անդամներ դուրս եկան կամ հեռացվեցին կուսակցությունից: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ հայտարարում էր ընդհանրապես քաղաքականությունից հեռանալու մասին` հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին իր որոշումից: «Ժառանգության» շուրջ կամ «Ժառանգության» միջոցով կատարվող խմորումներն ավելի պարզ կդառնան թերեւս մայիսի սկզբին կայանալիք այդ կուսակցության համագումարից հետո: